Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի շուրջ ծավալված աղմուկը, ըստ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի, իր կուսակցության համար այնքան էլ անակնկալ չէր:
«ՕԵԿ-ը լավ գիտակցում էր, որ, գալով ընդդիմադիր դաշտ, պիտի բախվեր բազմաթիվ արհեստածին դժվարությունների ու պրոբլեմների: Նկատի ունենալով այս ամենը, մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել եւ մեզ համար անակնկալ չէին Եվրոպական ակադեմիայի դեմ սկսած այս պատվիրովի վայրի հարձակումները: Ակադեմիան 6 տարի է գործում է, բայց, չգիտես ինչու, միայն այսօր են հիշել դրա մասին: Անզեն աչքով երեւում է, որ այստեղ կա քաղաքական պատվերի կատարում»,- ասում է Հովհաննես Մարգարյանը՝ պատվերի կատարողի դերում տեսնելով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, ում նախարարության օրոք է հենց հիմնադրվել բուհը: Նախարարին պատգամավորն ընկերական խորհուրդ է տալիս. «Քո ձեռքերով ուրիշի համար կրակից շագանակներ հանելն անազնիվ է»:
Ակադեմիայի դեմ սկսված պայքարում, ըստ ԱԺ պատգամավորի, առաջին քայլը եղավ այն, որ նախարարն ամեն ինչ արեց, որպեսզի սահմանափակվեն բուհին հատկացվող տարկետման իրավունքով տեղերը. «Իհարկե, հետո ասաց, որ դա անում է Սերժ Սարգսյանի ցուցումով: Այնուհետեւ տալիս է Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի անունները, այն դեպքում, երբ ամեն ինչ սկսվել է հենց նախարարի դիմումների հիման վրա:
Ձվի մեջ մազ փնտրելու փնտրտուքի մեջ են, ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Մենք (ՕԵԿ-Ը– Հ. Բ.) երբեւէ չենք առաջնորդվել անձնական վարկաբեկման ձեւերով էժան դիվիդենդներ շահելու քաղաքականությամբ»:
Հովհաննես Մարգարյանը համամիտ է նախարարի կուսակից Գեղամ Մանուկյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե այս ամենը երկու քաղաքական ուժերի միջեւ ծավալված պայքար չէ. «Իսկապես, այստեղ ՀՅԴ-ՕԵԿ հակամարտությունը չէ, այստեղ ամեն ինչ անձնավորված է, անձնական հաշվեհարդար է ԿԳ նախարարի (Կառավարության) կողմից՝ Ակադեմիայի նկատմամբ, որի թե ռեկտորը եւ թե հոգաբարձուների խորհրդի նախագահը ներկայացնում են ՕԵԿ-ը»:
Այսքանից հետո ի՞նչ հույսեր կարող է ունենալ կուսակցությունը եւ ակադեմիան, երբ դիմում է վերաքննիչ դատարան: (Հիշեցնենք՝ դատական մեկ նիստի ընթացքում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց ԿԳՆ հայցն ընդդեմ ակադեմիայի՝ հոգաբարձուների խորհրդի 2 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին. դրանք վերաբերում էին հոգաբարձուների խորհրդի արտասահմանցի անդամների նիստին չմասնակցելու եւ առանց քվորումի որոշումներ կայացնելու հարցին): «Համոզված եմ, որ ակադեմիան օրենքով սահմանված կարգով օգտագործելու է բոլոր միջոցները, որպեսզի արդարությունն այստեղ հաղթի, ընդհուպ մինչեւ Եվրոդատարան: Ի տարբերություն ընկեր Լեւոնի, մենք քաջ գիտակցում ենք՝ ինչ է ուսանողը, ինչ է ծնողը, նրա հոգսը, ինչ է մի բուհ, որ այսօր 100 հազար դրամ աշխատավարձով շուրջ 500 աշխատող ունի, 1000-ից ավելի ուսանող՝ 10 երկրներից, 20-ից ավելի համագործակցության համաձայնագրեր տարբեր եվրոպական բուհերի հետ եւ չունի բյուջետային ֆինանսավորում»:
Հ. Գ. Այսօր Եվրոպական ակադեմիան կդիմի վերաքննիչ դատարան: Մինչ այդ լուրեր էին տարածվել, թե դեռեւս անցյալ շաբաթ բուհի ղեկավարությունը խնդրահարույց հարցերի շուրջ քննարկում ծավալելու նպատակով հրավիրել է մեր երկրում հավատարմագրված մի շարք դեսպանների, որոնք, սակայն, հրաժարվել են մասնակցել որեւէ քննարկման: Այս առիթով պարզաբանում խնդրեցինք բուհի ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանից: Նա մեզ ասաց, որ հրավեր չի եղել, պարզապես իրենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի դեսպանատներ, ինչպես նաեւ Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի գրասենյակներ են ուղարկել ակադեմիայի գործունեությանը վերաբերող փաթեթներ, որում ներառված է տեղեկատվություն՝ իրականացված եւ իրականացվող ծրագրերի, արտասահմանյան երկրների հետ կնքված կրթական համաձայնագրերի ու գործընկերների հետ ունեցած նամակագրական կապի մասին: Վ. Մարտիրոսյանը մեզ ասաց, որ հետագա քայլերը կախված են վերաքննիչ դատարանի որոշումից ու դեսպանատների արձագանքից: