Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՎԱՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 14,2006 00:00

\"\"Բանտից դուրս գալուց հետո

Դուբայի մեր աղբյուրները հայտնեցին, որ հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը եւ Մարիետա Մուսայելյանը կանանց երկու նոր խումբ են տարել Դուբայ: Այս երկու կավատներն էլ վերջին տարիներին իրենց նմանատիպ գործունեության համար Հայաստանում մի քանի անգամ դատապարտվել են: Երկուսն էլ տարիներ շարունակ հետախուզման մեջ էին Ինտերպոլով: Պատիժը սահմանելիս դատարանները երկուսի նկատմամբ էլ հաշվի են առել մեղմացուցիչ հանգամանքներ եւ ազատազրկել կարճ ժամկետներով: Ազատազրկման վայրից նրանք երկուսն էլ վաղակետ ազատ են արձակվել:

43-ամյա Ամալյա Մնացականյանը հայտնի է «Նանո» մականունով: Իր «վաստակի» համար իրավապահները նրան անվանում են «մայր կավատ»: Նանոն 2000թ. օգոստոսի 16-ին կավատությամբ զբաղվելու համար դատապարտվել է պայմանական ազատազրկման: Նշանակված 2 տարի տեւողությամբ փորձաշրջանի ընթացքում եւ դրանից հետո էլ շարունակել է զբաղվել նախկին գործով: Ամալյա Մնացականյանը 2002թ. սեպտեմբերից հետախուզման մեջ էր: 2003թ. երկու տարբեր քրեական գործեր միացվել են մեկ վարույթում. հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ հավաքագրված կանանց սեռական շահագործման է ենթարկել Ամալյա Մնացականյանը: Քննությունը պարզել էր, որ 2002-2003թթ. Նանոն նաեւ «կեղծել եւ իրացրել է պաշտոնական փաստաթղթեր, անձանց դրդել եւ օժանդակել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն»:

Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը մեր իրավապահների դիմումներին ընդառաջելով՝ ձերբակալեց Ամալյա Մնացականյանին, եւ 2004թ. մարտի 10-ին նա տեղափոխվեց Հայաստան:

2004թ. հունիսի 2-ից օգոստոսի 25-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ վերոհիշյալ գործի դատաքննությունը: Նանոյի զոհերից մեկը՝ Մ. Վարդանյանը, իր ցուցմունքում գրել էր. «Ինձ ու իմ նմաններին անասելի ձեւով տանջում էին: Ինչ այլասերություն ասես, որ չէին ստիպում անել: Ու էդ ամենը գլխավորում էր Նանոն, նա էր մեր «բոսը»: Ոչ մեկին չէր խղճում, նույնիսկ հիվանդ ժամանակ ստիպում էր հաճախորդներ ընդունել, որ փողերը վերցնի: Նրա նմաններին ուղղակի պետք է ոչնչացնել»: Իսկ դատարանում վկայություն տալով՝ նա ասել էր. «Անձնագիրս վերցրին ձեռքիցս ու ստիպեցին ինչ ասես անել: 21 օր եմ մնացել Դուբայում ու ոչ մի կոպեկ չեմ աշխատել: Իսկ ինչ էլ աշխատեի, պիտի տայի Նանոյին: Բայց ես չկարողացա հարմարվել: Ընկա ոստիկանություն, հետո էլ արտաքսվեցի: Եկա Հայաստան՝ սարսափելի վիճակում: Հիմա 3-րդ կարգի հաշմանդամ եմ»:

Քննությամբ պարզվել էր, որ 2000-2003թթ. ընթացքում Ա. Մնացականյանը հավաքագրել է 40-ից ավելի կանանց եւ ուղարկել Էմիրություններ: Ըստ մեղադրական եզրակացության տվյալների՝ այդ ընթացքում նա աշխատել է 221 000 ԱՄՆ դոլար: Դատարանում Նանոն հրաժարվել էր ցուցմունք տալ, բայց իրեն մեղավոր է ճանաչել:

Քանի որ հանցագործությունները կատարվել էին 1998-2003թթ., պատժաչափը որոշելիս դատարանն առաջնորդվել էր նախկին Քրեական օրենսգրքով: Իսկ նախկին Քրեական օրենսգրքում մարդկանց առեւտրին վերաբերող հոդված չկար, եւ Նանոն ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով (կավատություն) դատապարտվեց երկու տարի ազատազրկման: Ազատազրկման վայրում Նանոն մնաց ընդամենը երկու ամիս: Դուրս գալով՝ նա շարունակեց իր նախկին գործը:

Դեռ այն ժամանակ, մեր տեղեկություններով, Նանոյին հովանավորում էին գեներալներ, այդ պատճառով էլ նա կարճ ժամանակում ազատվեց բանտից եւ առանց վախենալու շարունակեց իր աշխատանքը:

Մարիետա Մուսայելյանի մասին: Երեք անգամ ազատազրկված Մարիետա Մուսայելյանին դատարանը միշտ տվել է մեղմ պատիժներ: 2005թ. մայիսին դատարանի որոշմամբ նա վաղակետ ազատվեց քրեակատարողական հիմնարկից: Այս անգամ կանանց հավաքագրել է անձամբ ինքը՝ Մարիետա Մուսայելյանը: Առաջին խմբում եղել է յոթ կին՝ հիմնականում մարզերից: Կանանց խմբին նոյեմբերի վերջին Մոսկվայով Դուբայ է հասցրել Մարիետա Մուսայելյանը: Նրան ուղեկցում էր ընկերը՝ Սերոժ անունով: Նանոն Մոսկվայով Դուբայ իր հետ տարել է երեք կանանց:

Տեղեկատվության մեր աղբյուրը Դուբայում հանդիպելով Նանոյին՝ հարցրել է. «Ինչպե՞ս եկար, չե՞ս վախենում»: Նա պատասխանել է. «Բոլորից երաշխիք ունեմ, ինչի՞ պիտի վախենամ, փողին մունաթ»: Մեզ հաջողվել է պարզել, որ Նանոն Երեւան-Մոսկվա-Դուբայ բոլոր տոմսերը գնել է «Դելտա-Արմենիա» ընկերության գրասենյակից եւ մեկնել է նոյեմբերի 18-25-ը ընկած ժամանակահատվածում:

«Նանոն մի քանի աղջիկ գնել է Էրեբունի մասիվի հանրակացարանում բնակվող Անոյից: Նրանց հետ էր նաեւ Անոյի բարեկամուհի Մարինի աղջիկը: Շենգավիթի Սուսանը վաճառել է Գյումրիից մի աղջկա: Սուսանը հիմա Աբովյանի գաղութում է»,- այս մասին մեզ հայտնեց «Հետքի» խմբագրություն այցելած Մարիետա Մուսայելյանի ծանոթներից մեկը, ում բարեկամուհուն նույնպես Մարիետան տարել էր Դուբայ: Մեր առաջարկին՝ դիմել իրավապահներին, նա պատասխանեց, որ վախենում է քաշքշուկներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել