Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԽԱԲԵՔ՝ ԿԶՂՋԱՔ»

Դեկտեմբեր 14,2006 00:00

\"\"Կադաստրին եւ քաղաքապետարանին խոստանում են կոզեռնցիները

Երեկ Կոզեռն թաղամասի բնակիչները հերթական նստացույցն էին անում նախագահի նստավայրի առջեւ՝ պահանջելով հաստատել քաղաքապետարանի ընդունած սեփականաշնորհման իրավունքը եւ իրենց հանձնել սեփականության վկայականները: Ըստ կոզեռնցիների, քաղաքապետարանն իր սուրբ պարտքը կատարել է եւ հիմա էլ Կադաստրի պետական կոմիտեն է անհիմն պատճառաբանություններով իրենց քաշքշուկների մեջ գցում: Փաստն այն է, որ ներկայումս նրանք դեռ չեն ստացել իրենց սեփականության վկայականները, մինչդեռ մոտ 10 օր առաջ, երբ Կոզեռնի բնակիչները կրկին նախագահականի առջեւ Կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի դեմ ցույց էին կազմակերպել, կադաստրի փոխնախագահ Աշոտ Մուսայանը «Առավոտին» վստահեցրել էր, որ «երկուշաբթի-երեքշաբթի խնդրին ընթացք կտրվի»: Դա պետք է լիներ ամսի 4-5-ին, մինչդեռ արդեն ամսի 14-ն է եւ ոչ մի կոզեռնցի դեռ իր բնակարանի սեփականության վկայականը չի ստացել: Կադաստրի պարզաբանմամբ՝ ինչ-որ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Մինչդեռ ցուցարարները հավատացած էին, որ դա «կուտ» է, որն իրենք չեն ուտի: Ըստ կոզեռնցիների, կադաստրը դիտմամբ է ձգձգում վկայականների հանձնումը, եւ խնդիրը բոլորովին էլ տեխնիկական չէ:

Նախագահականից, բացի անվտանգության աշխատողներից, ուրիշ ոչ ոք ցուցարարներին ուշադրության չարժանացրեց: Իսկ կադաստրից այս անգամ էլ բնակիչներին հանգստացրին ու տուն ուղարկեցին՝ հուսադրելով, թե մոտ օրերս վկայականներն իրենց ձեռքում կլինեն: «Կադաստրի վերահսկման կենտրոնի բաժանմունքի պետ Արթուր Պետրոսյանը եւ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը մեզ ընդունեցին եւ խոստացան, որ առաջիկայում 110 շենք-շինությունների սեփականության վկայականները պետք է տան: Բայց կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք սխալ չափագրումների արդյունք են, պետք է այդ որոշումները փոփոխության ենթարկվեն քաղաքապետարանում, որպեսզի մարդկանց սեփականաշնորհման իրավունքները չխաթարվեն»,- մեզ հետ զրույցում պատմեց կոզեռնցիների շահերը պաշտպանող «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Սամվել Մկրտչյանը: Ըստ նրա, քաղաքապետարանից նաեւ վստահեցրել են, որ ցանկացած որոշում երկօրյա ժամկետում փոփոխության կենթարկվի եւ կտրամադրվի քաղաքացիներին, որպեսզի նրանց սեփականության գրանցման գործընթացը կանգ չառնի: Այսինքն՝ մինչեւ շաբաթվա վերջ կոզեռնցիներն այլեւս ցույց անելու առիթ չեն ունենա:

Սամվել Մկրտչյանը սպառնաց, որ եթե, այնուամենայնիվ, իրենց խաբեն եւ վկայականներն էլի չտան՝ ավելի լուրջ հակահարվածների կպատրաստվեն. «Եթե այսօր ցույցի ենք ելել 200-230 մարդկանցով, ապա եթե գործը կանգ առավ` վաղն այստեղ կլինի մոտավորապես 800 մարդ: Եթե այս կամ այն փոքրիկ չինովնիկն իրեն շատ ավելի վեր է դասում օրենքից եւ թույլ է տալիս հայտարարել՝ չեմ ուզում, չեմ տալիս, մենք էլ այդպիսի քայլերի կգնանք»: Երանուհի Բաղմանյանը Կոզեռնի բնակիչներից է: Ունի 4 տղա, որից երկուսը Ղարաբաղի պատերազմի առաջին կարգի վիրավոր ազատամարտիկներ են: Իր բնակարանը ներկայումս իշխանությունը վաճառքի է դրել, ու կինը հայտնվել է փողոցում. «Գազ ենք քաշել, հեռախոսի, ջրի համար կրկնակի մուծումներ ենք արել: Թող բոլոր այդ կետերը հաշվի առնեն ու նոր մեզ դուրս շպրտեն»:

Կոզեռնի մեկ այլ բնակիչ Կիմա Հակոբյանի ներկայացմամբ՝ «մեզ կոպեկներով ուզում են տներից դուրս շպրտել, իրենց չի հետաքրքրում՝ մենք կարո՞ղ ենք այդ կոպեկներով տուն գնել»:

Երբ ԱԺ-ի առջեւ բոյկոտվում էր «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը, կոզեռնցիները «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հետ էին: Հիմա թե՛ Կոզեռնի բնակիչները, թե՛ կոզեռնցիների շահերի պաշտպան Սամվել Մկրտչյանը դեմ են այդ շարժմանը: Ս. Մկրտչյանի ներկայացմամբ՝ «Ես առաջինն եմ եղել այս երկրում քաղաքացիական անհնազանդություն հայտարարողը՝ դեռեւս 11 ամիս առաջ: Ես պատրաստ չեմ քայլել մի խմբի, մի շարժման հետ, ուր ասում են, որ մենք կարող ենք զինված հակամարտություն հրահրել եւ անհնազանդություն ենք հայտարարում զենքով եւ ուժով: Եթե սահմանադրական սկզբունքով կա մարդ, որը պատրաստ է այսօր երկրում փոփոխությունների հասնել, ապա ես այդ բանակի հետ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել