Երեկ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի զինակից Արմեն Աղայանը՝ կոչ անելով չշփոթել պետական շահերը մեկ-երկու իշխանավորի անձնական ձգտումների հետ:
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսի բացատրություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները այն հարցերի հետ կապված, թե ինչո՞ւ հատկապես Սեֆիլյանը ձերբակալվեց եւ նրան վերագրվեց պետական հեղաշրջման նախապատրաստության մեղադրանք, նաեւ, թե ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ հատկապես այս պահին: Պատասխանելով հարցին՝ «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն ասաց. «Մեկնաբանությունները շատ տարբեր են, առաջինը կապված է եղել ազատագրված տարածքների հանձնման հնարավոր սպառնալիքի հետ: Ես չեմ ուզում դա բացառել, բայց կարծում եմ՝ այս պահին դա հիմնականը չէ, որովհետեւ, մեր ունեցած տվյալներով, այս պահին կամ առաջիկա ամիսներին ազատագրված տարածքները հանձնելու վտանգ չկա: Սա ակնհայտորեն ներքաղաքական նշանակության ակցիա էր իշխանությունների կողմից: Բոլորս գիտենք, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունները զանգվածաբար կեղծիքներ էին կատարում, քաղաքական ուժերն իրենց անկազմակերպվածությամբ, իրենց փնթիությամբ, իրենց անդամների անպարտաճանաչությամբ, ոչ պրոֆեսիոնալ լինելու եւ հաճախ՝ ուղղակի ծախվելու պատճառով չէին կարողանում վերահսկել ընտրությունների արդյունքները տեղամասերում, չէին կարողանում տեր կանգնել արդյունքներին: Ի թիվս այլ խնդիրների, «Հայ կամավորների համախմբումը» նաեւ չծախվողների կողմից վերահսկողությունը կազմակերպելու խնդիր էր դրել: Հավանաբար իշխանությունները դա հասկացել են եւ փորձում են ի սկզբանե դա կանխել: Այս առումով, կարծում եմ, իրենք մի փոքր սխալվել են Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելով, որովհետեւ բոլորին ձերբակալելը անհնար է, եւ այսօր ավելի շատ ուշադրություն է լինելու մեր կազմակերպության վրա, եւ մեր գործը միգուցե ավելի կհեշտանա»:
Նաեւ հետաքրքրվեցինք, թե օրերս ստեղծված հիմնադրամը՝ «Քուռ-Արաքս», որքանո՞վ կարող է վտանգավոր լինել իշխանությունների համար, եւ արդյոք նաեւ սրա ստեղծո՞ւմը չնպաստեց Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը: Արմեն Աղայանը ասաց, որ այդ հիմնադրամը նպատակ ունի հայ ժողովրդի համար շատ կարեւոր խնդիրներ լուծել. «Այն հիմնադրամը, որը կոչված է ազգային հրատապ խնդիրներ լուծել, հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար շատ կարեւոր խնդիրներ լուծել, չեմ կարծում, որ վտանգավոր է Հայաստանի պետության համար: Բայց այն կարող է վտանգավոր լինել այս կամ այն գործչի համար, որը որոշել է այդ ազգային շահերը ծախել իր՝ իշխանության հասնելու նպատակին ծառայեցնելու համար: Եվ այս իմաստով եկեք պետական շահերը չշփոթենք մեկ-երկու մարդու անձնական շահերի հետ»: