Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԳԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Դեկտեմբեր 14,2006 00:00

Արդյոք ընդդիմության լիդերները պատրա՞ստ են պայքարի մեջ մտնել մեծամասնական ընտրատարածքները «սեփականաշնորհած» «ալրաղացների» եւ «կարամելների» հետ:

Մեր թերթի երեկվա համարում հրապարակել էինք մի տեղեկատվություն, որը բավականին մեծ իրարանցում է առաջացրել եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում: Ընդամենը տպագրել էինք ընդդիմադիր դաշտում շրջանառվող մի նախագիծ, որում նշված էր, թե բոլոր 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում ո՛ր ընդդիմադիր գործիչն է պատրաստվում առաջադրվել: Այս ընտրատարածքների «սեփականատերեր» իշխանական պատգամավորները, ովքեր արդեն տարիներ շարունակ այդ ընտրատարածքներից դառնում են պատգամավոր եւ գալիս են խորհրդարան կոճակ սեղմելու, երեկ զանգահարել կամ հանդիպել են իրենց հավանական մրցակիցներին եւ փորձել են հաշիվ պահանջել, թե այդ ինչպե՞ս եւ ինչո՞ւ է այս կամ այն գործիչը հենց իր ընտրատարածքում առաջադրվելու: Եվ ամենազավեշտալին այն է, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները նրանց ազնիվ խոսք են տվել, որ նման մտադրություն իրենք չունեն, եւ եթե հանկարծ իրենց կուսակցությունները որոշում կայացնեն մեծամասնականով առաջադրվելու վերաբերյալ, ապա իրենք գոնե կառաջադրվեն այն ընտրատարածքներում, որտեղ ապրում են եւ որտեղ իրենց ճանաչում են, ոչ թե, ասենք, Քյավառում կամ Համզաչիմանում, որտեղ իրենց ոչ անունը գիտեն եւ ոչ էլ պատկերն են տեսել: Սակայն այս ամենով հանդերձ, մեր զրուցակից ընդդիմադիր գործիչներից միայն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեր հրապարակած ցուցակից անակնկալի չէր եկել եւ ասաց, որ այդ ցուցակից բացի՝ կան բազմաթիվ այլ ցուցակներ եւս. «Ես չգիտեմ, թե այդ ցուցակը որտեղի՞ց է, բայց սա կարող է աշխատանքային տարբերակներից մեկը լինել: Իսկ աշխատանքային տարբերակների քննարկումն այս պահին այդքան էլ ճիշտ եւ տակտիկական առումով նպատակահարմար չեմ համարում: Այլ ցուցակներ էլ կան, որ քննարկման գործընթացի մեջ են, եւ կարեւոր է, որ ընդդիմությունը այդ խնդիրները քննարկում է եւ մեծամասնականով առաջադրվելու առաջարկությունը ավելի ու ավելի ընդունելի է դառնում ընդդիմադիր դաշտի համար»:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Արամ Սարգսյանը եւս Արտաշես Գեղամյանի պես մտածում է, որ նման ցուցակները միտումնավոր են հրապարակ նետվում՝ այսօրվանից ընդդիմադիր եւ իշխանական ուժերին իրար դեմ հանելու եւ թշնամացնելու նպատակով. «Ես «շպիոնամանիայով» չեմ տառապել եւ չեմ տառապում»,- եղավ Արամ Սարգսյանի պատասխանը: Ի դեպ, նույնպիսի գնահատական տվեց նաեւ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, եւ այս պատասխանից հետո «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամները խնդրեցին հատուկ շեշտել, որ այս եւ բոլոր հարցերում իրենց քաղխորհուրդը միասնական է: Արամ Սարգսյանը առաջարկեց, որ իշխանություններն էլ իրենց ցուցակները ներկայացնեն հանրությանը. «Ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրությունները լինեն քաղաքական եւ ոչ թե անհատների ընտրություններ: Իսկ արդար ընտրությունների դեպքում թեկուզ հենց այդ ցուցակը միանշանակ հաղթող է»,- եզրափակեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը: Արամ Սարգսյանին այս ցուցակով բաժին էր հասել թիվ 18 ընտրատարածքը, որը «Վեդի-Ալկո»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանի ընտրատարածքն է, եւ հիմա կռվախնձոր է դարձել նրա ու եւս մի իշխանամետ «ալկոհոլագործի» («Ավշար»)՝ Արամայիս Գրիգորյանի միջեւ:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց, որ դա միտումնավոր հրապարակ նետված խայծ կարող է դիտվել. «ԱՄ»-ն շատ է կարեւորում առաջիկա խորհրդարանական ընտրությունները, մեր մասնակցության ձեւաչափի հարցին մենք կանդրադառնանք փետրվար կամ մարտ ամսին կայանալիք «ԱՄ» համագումարում: Մեծամասնականով առաջադրվելու գաղափարը ինքնին հետաքրքիր է, այդ գաղափարի շուրջ մենք մտքեր փոխանակել ենք, վերջնական եզրահանգման դեռ չենք եկել, որովհետեւ ամեն օր նորանոր զարգացումներ են երեւում քաղաքական անցուդարձում»: Իսկ մեր թերթում տպագրված տեղեկության մասով ասաց. «Մեր մասով դա ապատեղեկատվություն է, թե ինչո՞ւ է դա տարածվում, թե ո՞ւմ է դա ձեռնտու եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում, այս պահին մենք դա ընդհանրապես չենք կարեւորում, մինչդեռ եթե ձեզ այդ հարցը հետաքրքիր է, ուրեմն տեսեք, թե մեծամասնականով այստեղ հիշատակված ընտրատարածքներում ովքեր հավակնություն ունեն ընտրվել, եւ ձեզ համար շատ բան հասկանալի կլինի»: Նաեւ ասաց, որ այս ամենը արվում է մեկ նպատակով՝ ժամանակից շուտ իրար դեմ հանել ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուներին: Ի դեպ, Արտաշես Գեղամյանի անվան դիմաց մեր ցուցակում նշված էր թիվ 20 ընտրատարածքը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի «սեփական» ընտրատարածքն է: «ԱՄ» անդամ Աղասի Արշակյանը, ում անվան դիմաց նշված է այն ընտրատարածքը, որտեղից ընտրվել է իր հայրենակից պատգամավոր Լյովա Խաչատրյանը (թիվ 14), երեկ մեզ ասաց. «Ես ձեր թերթից իմացա, որ այդ ընտրատարածքում եմ առաջադրվելու: Ես նման հավակնություններ չունեմ, եւ մեծամասնական ընտրապայքարի մասնակցելու համար, ուրիշների 4-5 հարյուր հազար դոլարի դեմ պայքարելու համար պիտի 40-50 հազար դոլար գոնե ունենաս, ես այդպիսի փողեր չունեմ: Ապագա «մրցակիցներիս» էլ ասում եմ, որ կարող են հանգիստ քնել»:

«Արդարություն» խմբակցության անդամ, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանի համար նշված էր թիվ 32 ընտրատարածքը, իսկ դա ավանդաբար «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի ընտրատարածքն է: Մեր հարցին՝ ինքը պատրաստվո՞ւմ է հենց այդտեղ առաջադրվել, Ստեփան Զաքարյանն ասաց. «Մեծամասնականով առաջադրվելու գաղափարը մենք հավանում ենք եւ կողմ ենք, որ բոլոր լիդերները առաջադրվեն մեծամասնականով: Ես, իհարկե, կուսակցության լիդեր չեմ, բայց եթե ՀԺԿ-ն հարկ համարի, որ ես էլ մասնակցեմ մեծամասնականով, կմասնակցեմ, ուղղակի խնդիրներ կան, որ պիտի քննարկվեն զուտ մեր կուսակցության ներսում: Ինձ, ճիշտն ասած, զարմացնում է այն ընտրատարածքը, որ նշել էիք իմ անվան դիմաց, ես այսօր իմացա, որ դա Կալինինոյի շրջանն է, թե ինչո՞ւ ես պետք է Կալինինոյի ընտրատարածքում առաջադրվեմ, դա ինձ համար անհասկանալի մնաց»:

ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանն ասաց, որ վերոհիշյալ թեմայի շուրջ իր հետ ոչ ոք ոչինչ չի խոսել եւ քննարկել. «Ես ստիպված եմ կրկնել, որ մեր կուսակցությունն այն վիճակում է, որ մտածում ենք՝ իմաստ ունի՞ մասնակցել ընտրություն կոչվող այդ միջոցառմանը: Որովհետեւ, եթե Հայաստանում փոփոխություններ չլինեն, եթե չկազմավորվի մի մեծ ուժ, որը կդառնա տանող ուժ եւ կկարողանա փոխել իրավիճակը Հայաստանում, ապա ընտրություններին մասնակցելը կարող է անիմաստ դառնալ: Իսկ մեծամասնականով առաջադրվել-չառաջադրվելու մասին ձեր ինֆորմացիան տպագրելուց առաջ գոնե պետք է հարցնել՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»: (Նույն համարում 41 հոգուն հարցում անելը տեխնիկապես դժվար էր- Մ. Ե.): Հավելենք, որ Վազգեն Մանուկյանի համար մատնանշված է թիվ 9 ընտրատարածքը, որը «ԺՊ»-ի անդամ Վովա Բադալյանի ընտրատարածքն է:

Հ. Գ. Եթե ընդդիմադիրները իրոք որոշեն առաջադրվել հենց այս ընտրատարածքներում, ապա իրար դեմ դուրս կգան բավականին հետաքրքիր մրցակիցներ, ասենք՝ Ալրաղացի Լյովիկի դեմ կպայքարի «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանի դեմ՝ Հայկ Բաբուխանյանը, Արշակ Սադոյանի դեմ՝ Կարամելի Հարութը, Հովհաննես Հովհաննիսյանի դեմ՝ Բելաջոյի Գրիշը, Ալեքսան Կարապետյանի դեմ՝ Սասուն Միքայելյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ՝ Ճոյտը: Եթե ցուցակով հետաքրքրվողներ դեռ կան, շարունակությունը կտպագրենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել