Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱԿ-Ը ՔԱՂԱՔԱԿԱՆՍԱՀՈՒՆ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»

Դեկտեմբեր 13,2006 00:00

Դեկտեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության Շիրակի մարզային ակտիվի հերթական խորհրդաժողովը, որով էլ, փաստորեն, եզրափակվեց կուսակցության 2006թ. մարզային միջոցառումների ծրագիրը:

Մինչ իր բուն ելույթին անցնելը, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը գյումրեցիներին ցավակցեց 88-ի երկրաշարժի 18-րդ տարելիցի կապակցությամբ, ափսոսանքով նկատելով, որ «88-ի հետեւանքները դեռ իրենց բացասական հետքն են թողնում գյումրեցու առօրյա կյանքում»: Այսպիսով, ողջ կուսակցության անունից հարգանքի տուրք մատուցելով բնության ահեղ տարերքին զոհ գնացած բազմահազար անմեղ նահատակների հիշատակին եւ զորակցելով երկրաշարժի վերքերից դեռ լիովին չապաքինված շիրակցիներին, Ս. Մելիքյանը ընդգծեց, որ ԺԱԿ-ը մշտապես լավատեղյակ է եղել աղետի գոտու հիմնախնդիրներին: Ավելին: Կատարելով համապատասխան դիտարկումներ, ԺԱԿ-ը եկել է այն համոզման, որ թե ողջ հանրապետությունում, թե հատկապես՝ աղետի գոտում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման կարեւորագույն նախապայմանը փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է: «Դա ԺԱԿ-ի որդեգրած կարգախոսն է եւ այն ուղղակիորեն բխում է նաեւ 88-ի աղետաբեր երկրաշարժի ծանրագույն հետեւանքները հաղթահարել փորձող շիրակցի գործարարների եւ գյուղացիական տնտեսությունների շահերից»,- ասաց ԺԱԿ նախագահը, միաժամանակ կարեւորելով այն հանգամանքը, որ ներկայումս ԺԱԿ-ի գաղափարախոսությունը եւ ծրագիրը Շիրակի մարզում ունի հարյուր-հազարավոր հետեւորդներ: «Ինձ համար ուրախալի է արձանագրել, որ այսօր Շիրակում ունենք կայացած եւ բազմանդամ տարածքային կառույցներ, միաժամանակ ԺԱԿ-ի շարքերը օր օրի համալրվում են քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող նորագիր անդամներով»,- նշեց Ս. Մելիքյանը:

Շիրակցուն հուզող օրախնդիր հիմնահարցերից զատ, նա նաեւ անդրադարձավ 2007թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ երկրում մեկնարկած ներքաղաքական ներկա եւ գալիք գործընթացներին, մասնավորապես ասելով. «Կառավարության գործած սխալների հիմնական պատասխանատուն գործող խորհրդարանն է՝ իր անգործունյա եւ քրեամետ պատգամավորներով հանդերձ, ինչի պատճառով էլ կտրվել է ընտրող- պատգամավոր օրինաչափ կապը: Շարքային քաղաքացին պետք է մեկընդմիշտ ըմբռնի, որ եկել է այդ դաշտը մաքրելու, 2007թ. մեր Ազգային ժողովը հիմնովին նորացնելու ժամանակը: Եվ ամենակարեւորը՝ ՀՀ շարքային քաղաքացին պետք է հստակ ըմբռնի եւ ներքուստ համոզվի, որ այդ նորացումը հնարավոր է միայն քաղաքական սահուն, անցնցում սերնդափոխության միջոցով, ինչի կողմնակիցն է նաեւ քաղաքական 3-րդ ուժի դաշտը նախընտրած ԺԱԿ կուսակցությունը»:

Խորհրդաժողովում ԺԱԿ Գյումրիի տարածքային կառույցներում իրականացվող ծրագրերի, երկրում, ինչպես նաեւ Շիրակի մարզում տիրող ծայրահեղ սոցիալական շերտավորման եւ աղքատության խնդիրների շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին ԺԱԿ փոխնախագահ Հրայր Հակոբյանը, Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Ղանդիլյանը, Կանանց խորհրդի անդամ Անժելա Մկրտչյանը, Երիտասարդական կազմակերպության եւ Արթիկի տարածքային կառույցի պատասխանատուներ Վարդան Գրիգորյանը եւ Անդրանիկ Մանուկյանը:

Մասնավորապես՝ ԺԱԿ Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Ղանդիլյանը իր ելույթում այն հաստատ համոզմունքը հայտնեց, որ մարզկենտրոնում եւ ողջ Շիրակի մարզում սոցիալական խնդիրների մեծ մասը հնարավոր է իրապես հաղթահարել միայն փոքր ու միջին բիզնեսի զարգացման դեպքում, ինչի հնարավորությունը մեր երկրում իրատեսական է նախ եւ առաջ ԺԱԿ կուսակցության գաղափարախոսության եւ կարգախոսի շնորհիվ: Իր հերթին, Գյումրիի Կանանց խորհրդի անդամ Անժելա Մկրտչյանը հատուկ ընդգծեց շիրակցի կանանց ուսերի վրա արդեն որերորդ տարին ծանրացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները. «Այսօր շիրակցին արդեն փորձում է շտկել իր ողնաշարը, կյանքը արտաքուստ Գյումրիում եւ մյուս համայնքներում կարծես վերադառնում է իր բնականոն հունը, մարդկանց աչքերում վերականգնվում է ապագայի լավատեսության նախկին փայլն ու լույսը: Սակայն պետք է ցավով նշեմ, որ Շիրակի մարզի եւ մասնավորապես՝ Գյումրի քաղաքի բնակիչների սոցիալական վիճակի մասին ճիշտ չէր լինի օբյեկտիվ դատողություններ կատարել սոսկ նորաշեն ժամանակակից շենքերի եւ լուսավորված փողոցների առատությամբ: Ճիշտ է՝ Շիրակում կան դրական տեղաշարժեր, սակայն իրավիճակը դարձյալ մնում է բավական ծանր: Վկան՝ շուրջ 4000 անտուն գյումրեցիները: Հետեւապես համոզված եմ, որ մեր բոլորիս միակ եւ արդարացված ելքը մեկն է. արդար ընտրությունների անցկացում եւ իրապես ժողովրդավարական խորհրդարանի ձեւավորում: Խորհրդարան՝ որտեղ նոր սերնդի քաղաքական այրերի կողքին արժանվույնս ներկայացված կլինեն նաեւ բանիմաց, հոգատար եւ գործունյա հայ կանայք»:

Իր եզրափակիչ ելույթում ԺԱԿ նախագահ Ս. Մելիքյանը կոչ արեց շիրակցիներին միավորվել ԺԱԿ-ի գաղափարախոսության շուրջ եւ 2007 թվականի ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը դիմավորել կազմ ու պատրաստ, եւ ամենակարեւորը՝ մոտալուտ հաղթանակի արդարացված ակնկալիքով: Խորհրդաժողովի ավարտին ԺԱԿ նախագահը հյուրերի եւ պատվիրակների ծափողջույնների ներքո 9 նորագիրների հանձնեց իրենց անդամատոմսերը, իսկ կուսակցության 7 անդամներ պարգեւատրվեցին պատվոգրերով՝ գաղափարական եւ կազմակերպչական աշխատանքներում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար: Գյումրիի տարածքային կառույցի պատասխանատու Վահագն Ղանդիլյանին շնորհվեց ԺԱԿ պատվո ոսկյա կրծքանշան:

Խորհրդաժողովը ավարտվեց համերգային ծրագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել