Հարցազրույց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի հետ:
Վերջերս Հայաստանի պետական կամերային նվագախումբն (ՀՊԿՆ) ու երգչախումբը (ՀՊԿԵ) համերգներով հանդես են եկել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: ՌԴ-ում Հայաստանի տարվա փակումը վստահված էր նրանց: Մասնագետները Կամերայինի համերգները գնահատել են որպես Տարվա շրջանակներում անցկացված միջոցառումների բարձրակետ, իսկ «Կուլտուրա» հեռուստաալիքը Արամ Ղարաբեկյանին որակել է միջազգային մասշտաբով բարձրակարգ դիրիժոր:
– Ի՞նչ ծրագրով ներկայացաք մոսկովյան խստապահանջ հանդիսատեսին:
– Մոսկվայում մեր համերգները տեղի ունեցան նորակառույց Երաժշտության տան դահլիճում: Ներկայացրել էինք ժամանակակից ու օրիգինալ մեր ասելիքը՝ Հարություն Դելալյանի «Թոփոֆոնը», որը նաեւ ռուսաստանյան պրեմիերա էր: Ի թիվս այլ կոմպոզիտորների, կատարեցինք Շոստակովիչ, Մոցարտ: Իսկ Բենջամին Բրիթենի՝ Ֆրանկ Բրիջի թեմաներով վարիացիաների մասին ռուսներն ասացին, որ չեն հիշում, թե երբեւէ իրենց մոտ կատարված լինի: Մոսկովյան համերգը ավարտեցինք Ասլամազյանի հայտնի մշակմամբ՝ Կոմիտասի երգերով եւ պարերով:
– Ինչպե՞ս եք վերաբերվում «Կուլտուրա» հեռուստաալիքի՝ համերգի առիթով արձագանքին:
– Չէի ցանկանա ինքս գնահատական տալ մեր համերգներին: Միայն կասեմ, որ դրանք փայլուն անցան: Հանդիսատեսը մի քանի անգամ հոտնկայս «բիս» հնչեցրեց, բայց մենք ստիպված էինք հեռանալ, որովհետեւ դեռ Սանկտ Պետերբուրգ պիտի գնայինք: Ի դեպ, «Կուլտուրա» հեռուստաալիքից եկել էին ռեպորտաժ պատրաստելու, իսկ դուք գիտեք դրանք ինչպես են պատրաստվում՝ հարցազրույց են վերցնում, ծանոթանում ծրագրին ու մի քանի կադրեր անելուց հետո՝ հեռանում: Բայց մեր դեպքում մնացին ու համերգի առաջին բաժինը նկարահանեցին: Դեկտեմբերի 2-ին էլ Եկատերինյան պալատում Ռուսաստանում ՀՀ տարվա պաշտոնական փակումը կատարեցինք: Համերգը բացեց կամերային երգչախումբը՝ ներկայացնելով հայ եւ ռուս կոմպոզիտորների երկեր: Հետո նվագախումբն ու երգչախումբը միասին կատարեցին Մոցարտ: Ընդհանրապես մեր ծրագիրը խորհրդանշական էր նրանով, որ նկատի էինք ունեցել 3 հոբելյան՝ Շոստակովիչի ծննդյան 100, Մոցարտի 250 եւ Միրզոյանի 85-ամյակները: Երկու մենակատար ունեինք՝ ջութակահար Նիկոլայ Մադոյան եւ երգչուհի Արծվիկ Դեմուրճյան:
– Դուք մի համերգ էլ ունեցել եք Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկում: Ինչո՞ւ ընտրվեց հենց այդ վայրը:
– Համերգը նախատեսված էր հայկական եկեղեցում, որտեղ այդ օրերին նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ճիշտն ասած, սկզբում ինձ էլ տարօրինակ թվաց համերգի ընտրության վայրը: Բուհը հոյակապ դահլիճ ուներ, ընտիր ակուստիկա եւ ջերմ ունկնդիր: Այդ համերգից հետո կամերային երգչախումբը վերադարձավ Հայաստան, իսկ նվագախումբը ելույթ ունեցավ Կոնստանդինովյան պալատում: Հրավիրված էինք հայտնի «Սանկտպետերբուրգյան պալատներ» փառատոնի փակմանը: Նշեմ, որ «Պալատների» փառատոնի հետ առաջիկայում լուրջ ծրագրեր ունենք, որոնք կիրականացվեն 2007-ին:
– Ամեն տարի Ամանորի շեմին համերգ եք ունենում Հայաստանում, իսկ այս տարի՝ ոչ…
– Այո, այս տարի նման հաներգ չենք ունենա: Նախապատրաստվում ենք մի շարք միջոցառումների՝ նվիրված մեր նվագախմբի վերակազմավորման 10-ամյակին: Այդ առիթով 2007-ին մի քանի բացառիկ համերգներ կունենանք, որոնք յուրօրինակ հաշվետվություն կլինեն: Սպասվում են նաեւ հետաքրքիր անակնկալներ, թե ինչպիսի՝ առայժմ փակագծերը չեմ բացի… Կամերայինը իր գոյության ողջ ընթացքում աշխատաոճն է մշակել, այն է՝ դասական երաժշտությունը հասու դարձնել բոլորին: Դրա համար էլ մենք համերգներ ենք ունենում դպրոցներում, բուհերում, հեռավոր մարզերում: Մի խոսքով՝ երաժշտությունը տանում ենք ժողովրդին: