Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհից տուժածներին կփոխհատուցե՞ն

Դեկտեմբեր 13,2006 00:00

Գյումրիի առեւտրականները մի քանի միլիոն դրամի վնաս են կրել

Գյումրիի Շահումյան փողոցում՝ կենտրոնական շուկայի հարեւանությամբ, դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մեծ հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով շուկայում տեղակայված առեւտրի կետերը հսկայական վնասներ են կրել: Ըստ նախնական տվյալների, մոտ երեքուկես ժամվա ընթացքում ամբողջությամբ այրվել է 13 խանութ, մի քանի տաղավար, ինչպես նաեւ հրդեհից տուժել է այն պահեստը, որտեղ վաճառականները պահում են իրենց ապրանքները: Ամանորի կապակցությամբ թե սննդի, թե կահույքի վաճառքով զբաղվողները մեծ խմբաքանակով նոր ապրանքներ էին ստացել, ու առեւտրականների վնասներն անհամեմատ ավելի մեծ են, քան՝ եթե հրդեհը բռնկվեր սովորական օրերին: Օրինակ՝ երկու եղբայրների պատկանող «Գուգո եւ Գագո» խանութում եղել է 15 միլիոն դրամի ապրանք: Գուրգեն եւ Գագիկ եղբայրները Գյումրիում մեծածախ առեւտրով են զբաղվում եւ քաղաքի գրեթե բոլոր խանութներին մշտապես էժան ապրանք են մատակարարում, ուստի նրանց կրած վնասներն անդրադառնալու են նաեւ ամբողջ Գյումրիի առեւտրի վրա:

Ըստ գյումրեցիների, քաղաքի պատմության մեջ դեռ նման մեծ հրդեհ չէր գրանցվել: Գյումրիի հրշեջ ծառայությունն էլ տեխնիկապես պատրաստ չի եղել կրակը հանգցնելու, նրանց օգնության են հասել Ախուրյանի ու օդանավակայանի հրշեջ մեքենաները:

Գյումրիում հրդեհի բռնկման վերաբերյալ մի քանի վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն, հրդեհը ոչ թե դժբախտ պատահար է, այլ՝ վրեժ լուծելու միջոց: Ըստ լուրերի, հրդեհի նախորդ օրը շուկայում «ռազբորկա» է եղել. քաղաքի պաշտոնյաներից մեկի մերձավոր բարեկամը կռիվ է սարքել առեւտրականներից մեկի հետ ու վերջնական հաշիվները մաքրելու համար նրա խանութն այրել է տվել: Մյուս՝ ամենատարածված վարկածի համաձայն էլ՝ Գյումրիի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը մտադիր է եղել գնել շուկայի տարածքը, դիտավորյալ հրդեհել է՝ վաճառականներից հեշտությամբ ազատվելու համար: Կա նաեւ կարծիք, որ շուկայի պահակն է անփույթ գտնվել եւ գիշերը տաքանալու նպատակով խարույկ է վառել, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել:

Կրպակաշարերի հրդեհի առնչությամբ Շիրակի մարզի դատախազությունում գործ է հարուցված: Երեկ դատախազությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ հրդեհի պատճառները պարզելու եւ մեղավորներին հայտնաբերելու նպատակով այս պահին մասնագիտական փորձաքննություն է անցկացվում:

Նկատենք, որ շուկայի հարեւանությամբ տեղակայված կրպակատերերի գույքն ապահովագրված չէր, հետեւաբար դժվար թե առեւտրականները համարժեք փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել