Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՌԱՆԸ՝ ԱՆԹԱԼԻԱ, ՁՄՌԱՆԸ՝ ԴՈՒԲԱՅ

Դեկտեմբեր 13,2006 00:00

\"\"Ամանորը Ծաղկաձորում տոնելն ավելի թանկ է,

քան Դուբայում

Այս ձմեռ հայաստանցի տուրիստների մեծ մասն Ամանորը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում կամ Եգիպտոսում: Թեեւ Ամանորի կարեւոր «ատրիբուտներից» է ձյունը, հյուսիսից եկած Ձմեռ պապը, սակայն մեր երկրում գործող տուրիստական գործակալությունները հավաստիացնում են, որ հայերը նախընտրում են Նոր տարին տոնել տաք երկրներում, որտեղ ձյուն չկա եւ ամառային եղանակ է: Այս առումով հայերի համար ամենահարմարն ու մատչելին Դուբայն ու Եգիպտոսն են, որտեղ հայ տուրիստները, բացի Ամանորը տոնելուց, հաճելին համատեղում են օգտակարի հետ:

Ըստ տուրօպերատորների, քանի որ հատկապես Դուբայում ապրանքները մի քանի անգամ էժան են, քան Հայաստանում, նրանք ձեռքի հետ էլ մատչելի գներով առեւտուր են անում: Տուրգործակալությունների ներկայացմամբ, քանի որ վերջին տարիներին հանգստացողների հոսքը մեծ է հատկապես դեպի Դուբայ, այնտեղի հյուրանոցներում արդեն տեղ ու դադար չկա: Եթե Եգիպտոս մեկնել ցանկացողները ուղեգիր կարող են ձեռք բերել Ամանորից 20-25 օր առաջ, ապա Արաբական Միացյալ Էմիրություններում սեպտեմբեր ամսից բոլոր հյուրանոցներն ու հանգստյան տները նախապես պատվիրված են: Դուբայում ամռան սեզոնի համեմատությամբ՝ ամանորյա ուղեգրերն ավելի թանկ են, որովհետեւ դրա արժեքի մեջ են մտնում նաեւ Նոր տարվա առիթով հանգստացողների համար կազմակերպված շոուները: Բացի այդ, չնայած ամբողջ աշխարհում Ամանորի նախաշեմին ավիաընկերությունները զեղչեր են անում, մեր երկրում ճիշտ հակառակն է. այստեղ գործող ավիաընկերությունները մի բան էլ տոմսերի գները թանկացնում են: Ըստ տուրիստական կազմակերպությունների, Դուբայում 7-10 օրվա ուղեգրի արժեքը մեկ անձի համար $1700 է: Եգիպտոսում 4 աստղանի հյուրանոցում 7 օր հանգստանալու ուղեգրի արժեքը $1300 է: Իսկ եթե հանգստացողը ցանկություն է հայտնում մասնակցել Ամանորի ընթրիքին եւ շոուներին, պետք է հավելյալ վճարի եւս $100 դոլար:

Ամանորը Եվրոպայում տոնել ցանկացողներ գրեթե չկան. ե՛ւ ցուրտ է, ե՛ւ ուղեգրերն են թանկ: Այս մասին հավաստիացնում են թե՛ հանգստացողները եւ թե՛ տուրիստական գործակալությունները: Եվրոպա հիմնականում մեկնում են ամռանը: Ձմռանը Եվրոպայում ամենաէժան՝ 2-3 աստղանի հյուրանոցում մեկշաբաթյա ուղեգրի արժեքը մեկ անձի համար սկսվում է 1300 եվրոյից: Տուրօպերատորների ներկայացմամբ, Եվրոպայում Ամանորն անցկացնում են հիմնականում այն տուրիստները, որոնք մեկ անգամ արդեն եղել են եւ Եվրոպայի համն ու հոտը ճաշակել են: Բացի այդ՝ Եվրոպայում ավելի շքեղ տոնում են Սուրբ Ծնունդը, որը եվրոպացիները նշում են դեկտեմբերի 25-ին: Դեպի Եվրոպա տուրիզմ կազմակերպող գործակալությունների ներկայացմամբ, Նոր տարին Եվրոպայում այնքան էլ ճոխ չեն նշում, իսկ հայերը փախչում են հենց ամանորյա հոգսերից:

Պարզվում է, Հայաստանի տարածքում ամանորյա հանգիստն ավելի թանկ արժե, քան Դուբայում կամ Եգիպտոսում: Հանգստացողների հաշվարկներով, Ծաղկաձորի բարձրակարգ հանգստյան տանը 5 օր հանգստանալու համար մեկ անձը պետք է վճարի $1300-1400: Ծաղկաձորում միջին կարգի հյուրանոցը ձմռանը մեկ անձին 3 օրվա համար ուղեգիրը տրամադրում է 80-90 հազար դրամով: Թե՛ հանգստացողները եւ թե՛ տուրօպերատորները հավաստիացնում են, որ Ծաղկաձորի հյուրանոցների եւ հանգստյան տների գինն ու պայմանները չեն համապատասխանում. սննդից սկսած մինչեւ սպասարկում՝ անորակ է եւ ցածր մակարդակով է կազմակերպվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել