Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ՝ ՀԸԶԲՈԼԼԱՀԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Դեկտեմբեր 13,2006 00:00

Աթենքի «Հայաստան» լրատուն հաղորդել է, որ դեկտեմբերի 10-ին Բեյրութում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «ՀՅԴ-ի մասնաճյուղը միանալով Լիբանանի վարչապետ Սինիորայի կառավարության դեմ Հըզբոլլահ-Ալալ շարժմանը՝ ծածանել է Հայաստանի դրոշը»:

Նման կողմնապահությունը տարօրինակ է դիտվել Լիբանանի քաղաքական ներքին հակամարտության մեջ, որն այս օրերին հասել է առճակատման եւ քաղաքացիական պատերազմի շեմին: «Առավոտի» խնդրանքով պարզաբանումներ ներկայացնելով՝ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասաց. «Մեր եռագույնը մինչեւ նորանկախ Հայաստանի Հանրապետության պետական դրոշ լինելը՝ նաեւ որպես ազգային խորհրդանիշ շատ ծանոթ է այն բոլոր երկրներում, որտեղ ապրում է հայությունը. այս դեպքում՝ Լիբանանում: Իսկ «Հըզբոլլահ» անունն օգտագործելն այս դեպքում, կարծում եմ՝ ինչ-որ նպատակ հետապնդում է: Հարցն այն չէ, որ Հըզբոլլահին են միացել, այլ այն, որ այդ շարժման մեջ հայության մեծամասնությունն է ներկայացված, ու սա փաստ է, քանի որ քվեների արդյունք է: Եվ այդ հավաքականությունը փորձում է կառավարությունից պահանջել Լիբանանում հայության իրավունքների հարգում, որոնք ոտնակոխվել են: Նախ Լիբանանի խորհրդարանի անդամ են ընտրվել հայազգի պատգամավորներ՝ իբր ներկայացնելով հայ համայնքը (Լիբանանում դրվածքն այդպես է, որ համայնքները պիտի ներկայացված լինեն խորհրդարանում), բայց իրականության մեջ նրանք ընտրվել են ոչ հայերի քվեով, այլ ընդհակառակը՝ հայերի քվեները ստացողները չեն ընտրվել: Պատճառը գործող ընտրական օրենքն է: Երկրորդը՝ Լիբանանի կառավարությունում նաեւ պետք է ընդգրկվի հայ համայնքը ներկայացնող անհատ, որ այդպես չէ դարձյալ ընտրական օրենքի թերությունների պատճառով: Հայության կողմից չէ, որ ընտրված է ներկա նախարարը: Եվ երրորդ՝ ամբողջ Լիբանանի հայությունը միասնաբար դեմ է եղել թուրքական ուժերին որպես խաղաղապահ ընդունելու գաղափարին, դիմել էին կառավարությանը եւ դիմումն անտեսվել է: Այս բոլոր հիմնավորումներով է, որ ՀՅԴ-ն Լիբանանում մասնակցում է բողոքի այս հավաքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել