Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացին, դիտեցին եւ հիացան

Դեկտեմբեր 13,2006 00:00

ԼՂՀ-ի ժողովրդավարության դասը

Հայաստանի ԱԺ պատգամավորները ներկա են եղել դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեին եւ այնտեղից եկել են հիացած, հուզված եւ արցունքախառն աչքերով, քանի որ, իրենց ասելով, տեսել են մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ՝ ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվե: «Առավոտը» հետաքրքրվեց հանրաքվեն «դիտած» ՀՀԿ անդամներից եւ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանից՝ իրենց կարծիքով, ՀՀ իշխանությունները ինչ-որ բան չունե՞ն սովորելու Ղարաբաղից եւ ղարաբաղցիներից, թեկուզ ազատ եւ արդար հանրաքվե անցկացնելու մասով: Ուղիղ պատասխան չհնչեց: Հանրապետական Սամվել Նիկոյանն ասաց հետեւյալը. «Մեր այսօրվա հավաքը կապված չէ մեր ապագա ընտրությունների հետ: Մենք հանդիպմանը հրավիրել ենք ձեզ, որ մեր տեսակետները ներկայացնենք, այն, ինչ մենք դիտել ենք, այն, ինչ զգացել ենք, եւ եթե մեզ մոտ այդ զգացողությունը դրական է, ինչո՞ւ դուք դրան ծաղրական մոտեցում ունեցաք: Ձեր հարցի ենթատեքստում մի տեսակ բացասական մոտեցում կա, ի՞նչ վատ բան կա, որ մենք հիացած ենք հանրաքվեից»: Նաեւ ավելացրեց. «Այո, նրանք շատ ավելի պատշաճ ձեւով են կարողանում ընտրություններ կատարել եւ այդ իմաստով օրինակելի են: Ձեզ բավարարո՞ւմ է այս պատասխանը»: Հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանը իր հերթին նշեց, որ մեզ մոտ 2005-ի նոյեմբերի 27-ինը ոչ թե սահմանադրական հանրաքվե էր, այլ՝ սահմանադրական փոփոխություններ էին իրականացվում: Միակ հույսը մնում էր «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը, բայց նա էլ ասաց ընդամենը սա. «Ես կարծում եմ, որ դա պետք է վերլուծեն քաղաքական ուժերը: Իրականում մենք պետք է գնահատենք անցած ուղին, պատերազմից հետո Ղարաբաղը ուներ կենտրոնացած, ռազմականացված իշխանություն, որը, իհարկե, որոշ չափով նաեւ պարտադրված էր պատերազմով, հիմա գնում է պրոցես, որը բացում է: Գիտե՞ք ինչն էր գնահատելի՝ ամբողջ ընթացքում իշխանությունը չի փակել այդ գործընթացը, մասնակից են եղել բոլոր քաղաքական ուժերը եւ հասարակությունը: Տասնյակ առաջարկություններ են արվել, եղել է այդ մասնակցությունը»:

Անդրադարձ եղավ նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությանը, թե ինքը չի ճանաչում ԼՂ սահմանադրության հանրաքվեն եւ այն իրավական ուժ չի կարող ունենալ։ Սամվել Նիկոյանն այդ առիթով նկատեց, որ իրենք (եվրոպացիները) չպետք է ասեն, թե ԼՂՀ-ն ինչպիսի պետությունում պետք է լինի, սահմանադրությամբ պետք է ապրի, թե առանց սահմանադրության: Շավարշ Քոչարյանը այս կապակցությամբ նշեց, որ սահմանադրական հանրաքվեն կարեւորագույն ազդեցություն կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել