ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը քննադատում է թե ԱԱԾ-ին, թե Սեֆիլյանի գործը «սխալ մեկնաբանողներին»
Ինչպես եւ ակնկալվում էր, դեկտեմբերի 10-ին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների, ինչպես նաեւ «Արաքս- Քուռ» հիմնադրամի հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանի, նաեւ նույն նախաձեռնության մասնակից, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Մալխասյանի ձերբակալությունները հարուցեցին հայաստանյան ընդդիմադիր դաշտում գործող մի շարք կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների վրդովմունքը: Հիշեցնենք, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301 հոդվածի՝ «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր անելու», հատկանիշներով: Այս մեղադրանքը վերջին անգամ կիրառվել էր 2004 թվականին ընդդիմադիր մի քանի գործիչների նկատմամբ, որոնք, սակայն, միջազգային կազմակերպությունների ճնշման տակ ազատ արձակվեցին, ըստ պաշտոնական վարկածի՝ ընդդիմադիրների «գործուն զղջման» դիմաց:
Լիբանանի քաղաքացի Ժ. Սեֆիլյանի արտաքսման մասին նախորդ օրը համառորեն շրջող լուրերը չհաստատվեցին, թեեւ նրա փաստաբան Վահե Գրիգորյանի փոխանցմամբ՝ հենց այդ հարցն է, որ ամենից շատն է մտահոգել Սեֆիլյանին: Արտաքսման հնարավորությունը բացառել է Սեֆիլյանի կինը՝ ՀՀ-ում Լիբանանի դեսպանի օգնական Նանոր Բարսեղյանը: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նա ասել է, թե արտաքսումը բացառվում է, «որովհետեւ իր [Սեֆիլյանի] անձնագրի ժամկետը վերջացած է, ու ոչ մի միջնորդական երկիր չի փոխադրի նրան, քանի որ դեպի Լիբանան ուղիղ թռիչք չկա»:
Ժիրայր Սեֆիլյանի գործում մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նա նույնքան հետաքրքրված էր ԱԱԾ կողմից ձերբակալված «Միասնական Ջավախքի» խորհրդի ներկայացուցիչ Վահագն Չախալյանի ճակատագրով: Երեկ պարոն Հովհաննիսյանն «Առավոտին» փոխանցեց, որ ԱԺ 18 պատգամավոր ստորագրել է Սեֆիլյանին ազատ արձակելու միջնորդության տակ: Մեր այն հարցին՝ թե արդյոք այդ 18-ի մեջ կա՞ն իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորներ, Հ. Հովհաննիսյանն ասաց, թե ինքը նրանց ու նաեւ «Ազգային միաբանության» պատգամավորներին չի էլ դիմել՝ համարելով, որ նրանք արժանի էլ չեն, որ նրանց դիմի: Այդ վերաբերմունքը, ըստ Հ. Հովհաննիսյանի, պայմանավորված է նրանով, որ դեկտեմբերի 11-ին նրանք չեն ընդունել իրենց հրավերն ու ներկա չեն եղել հիշյալ ձերբակալությունների հարցի քննարկմանը, որին մասնակցել են տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ե՛վ Հ. Հովհաննիսյանը, ե՛ւ ձերբակալվածների զինակիցներն արդեն երկրորդ օրն է, ինչ պնդում են, թե ԱԱԾ-ն իր տարածած հաղորդագրության մեջ խեղաթյուրել է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ժողովում տեղի ունեցածը: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ հնչել են բացահայտ կոչեր իշխանությունը բռնի մեթոդներով տապալելու, զինված պայքարի եւ հեղափոխության վերաբերյալ, եւ անգամ կազմվել է գործողությունների համապատասխան ծրագիր»: Հ. Հովհաննիսյանը, ով այդ միջոցառմանը հրավիրված միակ քաղաքական գործիչն է եղել, որովհետեւ, իր ասելով, համարվել է «ազգային գործիչ», երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ «ոչ մի ելույթ չի անցել քաղաքական կոռեկտության սահմանները, չեն եղել ուժ կիրառելու կոչեր»: Ըստ պատգամավորի, հավաքը բաց է եղել, հրավիրված են եղել նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նա նաեւ տեղեկացրեց, որ հավաքն ամբողջությամբ տեսագրվել է, բայց այդ միակ տեսաժապավենը «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության գրասենյակի խուզարկության ժամանակ ԱԱԾ-ն առգրավել է: «Դուք լավ գիտեք, որ նման դեպքերում, իշխանությունների մոտ ընդունված պրակտիկայի համաձայն, սովորաբար իրենց նմանատիպ քայլերը փաստարկելու համար օգտագործում են ձեռքի տակ եղած տեսագրություններ: Այս դեպքում էլ տրամաբանական կլիներ, եթե նրանք, թեկուզ մոնտաժված, բայց ցուցադրեին այդ հավաքի այն դրվագները, որոնք հիմք են ծառայել իշխանությունը բռնի ուժով տապալելու, նման ծրագրերի քննարկման մեղադրանք առաջադրելու համար»,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը:
Այս օրերին հիշյալ ձերբակալություններին առնչվող դատողություններում քիչ չեն նաեւ հնչող այն տեսակետները, թե այդ փաստից մեծ աղմուկ սարքելը մտնում է իշխանությունների սցենարի մեջ: Օրինակ, «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն էր հայտարարել, թե իշխանություններն ուզում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ «իրենցից կախված ամեն ինչ անում են, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, որ անջատողական ուժերի առաջն առնում են, տարածքների վերադարձման հակառակորդներին տանում՝ խուցերն են մտցնում»: Նման դատողություններին ի պատասխան՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «Ես զարմանում եմ այն խղճուկ մարդկանց դատողությունների վրա, երբ նրանք ասում են, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առիթ են փնտրում հիմնավորելու տարածքների հանձնման մասին համաձայնության տակ չստորագրելու համար, եւ դրա համար դիտավորյալ ուռճացնում են առկա դժգոհությունները՝ կապված բանակցություններում շոշափվող ազատագրված տարածքների հանձնման հետ: Այդ մարդիկ խղճուկ են, որովհետեւ չեն հասկանում, որ եթե այդ համաձայնությունը գործողության մեջ մտնի, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի դիրքերն ուղղակի անսասան կդառնան, որովհետեւ այդ պարագայում միջազգային հանրությունն ամեն ինչ կանի, որ այդ համաձայնագիրը ստորագրած վարչախումբը անպայման մնա իշխանության ղեկին»:
Հ. Գ. Երեկ Թեքեյան կենտրոնում հրավիրվել էր «Արաքս-Քուռ» հիմնադրամի անդրանիկ ժողովը։ Հիմնադրամը նպատակ ունի զբաղվել ազատագրված տարածքների բնակեցմամբ, ինչպես նաեւ կանխել Ջավախքից բռնագաղթումը։ Ժողովի մասնակիցների մեջ էին ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, ԵՊՀ դասախոս Խորեն Պալյանը, ռեժիսոր Երվանդ Մանարյանը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ժիրայր Սեֆիլյանը, որը գտնվում է ԱԱԾ տարածքում՝ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում։
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանն «Առավոտին» ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը մեկ նպատակ ունի՝ նրա քաղաքական գործունեության կասեցում։ Սեֆիլյանը ստեղծել էր հայ կամավորականների համախմբում (միություն), որը ըստ Աղայանի, որոշակի խնդիրներ ուներ՝ «խափանելու իշխանությունների հերթական անօրինական վերարտադրության փորձը»։