Լրանում է կառավարության որոշմամբ հաստատված ժամկետը, երբ պետության կարիքների համար սեփականությունն օտարած քաղաքացիներին պիտի վերադարձվեր իրենց վճարված գումարներից պահված եկամտահարկը:
Կառավարության հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն սահմանվել են պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարներից պահված եկամտահարկի վերադարձման առանձնահատկությունները: Կառավարությունը մասնավորապես որոշել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին թույլատրել եկամտահարկը վերադարձնել Երեւանի քաղաքապետի կողմից ներկայացված եւ հարկային պետական ծառայության պետի կողմից հաստատված՝ պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց գումարներ ստացած քաղաքացիների ցուցակի հիման վրա: Այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (Ռոբերտ Քոչարյանը կառավարության որոշումը վավերացրել է նոյեմբերի 3-ին) 10-օրյա ժամկետում պիտի կազմվեր ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվեր նշյալ ցուցակը։ Իսկ նախարարը ցուցակը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վերադարձման ենթակա գումարները պիտի փոխանցեր «ցուցակում նշված անձանց անունով այն բանկում բացված բանկային հաշիվներին, որը կհամաձայնի առանց վճարի բացել եւ սպասարկել այդ հաշիվները»։
Ակնհայտ է, որ կառավարության որոշումն իրականացնելու համար նախատեսված ժամկետներն արդեն սպառվում են: Եվ այդ գումարները թերեւս պիտի արդեն փոխանցված լինեին բանկային հաշիվներին: Սակայն նախ խնդրահարույց են ցուցակները, որոնց մեջ պիտի նշվեին ինչպես գումարներ ստացած քաղաքացիների տվյալները, այնպես էլ վերադարձման ենթակա եկամտահարկի գումարները։ Մեր զրույցի ընթացքում «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու են այդ ցուցակները ներկայացվում միայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը. «Ցուցակները գաղտնի՞ են: Քաղաքապետարանը եւ նախարարությունը պարտավոր էին հրապարակել այդ ցուցակները, որ քաղաքացիները հնարավորություն ունենային ծանոթանալ դրանց՝ գուցե մեզ մոռացե՞լ են ընդգրկել, ինչը հաճախ լինում է: Բացի այդ, կարող է նաեւ ազգանուններ են գրել մարդկանց, որոնք ընդհանրապես այդ տարածքների բնակիչ չեն: Սա էլ է բնորոշ թե՛ ԾԻԳ-ին, թե՛ քաղաքապետարանին: Ինչ-որ մեկը պիտի՞ ստուգի այդ ցուցակները»:
Հայտնի չէ որեւէ բանկ, որ պատրաստ է մատուցել անվճար նման ծառայություններ՝ հաշիվ բացել ու սպասարկել այն: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը պատմեց, որ բանկի կողմից 0,3-0,5% պահումներ են արվել այն գումարների փոխանցումներից, որոնք արվել են իր սեփականության օտարման դիմաց. «Եվ չեմ հավատում, որ կլինի մի բանկ, որից առանց պահումների կստանանք մեր գումարները: Ավելին՝ լսել եմ, թե քանի որ տարեվերջ է, կարող է՝ այս տարի չվերադարձնեն էլ մեր 10% եկամտահարկը»:
Հիշեցնենք, որ այդ 10%-ը վերադարձնելու հարցն արծարծվել էր դեռ ապրիլին՝ ՍԴ-ում այս գործով քննության ընթացքում՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կողմից: Հետագայում էլ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց հարցադրման իրավացիությունը, թե սեփականության օտարումից պահված եկամտահարկը պիտի վերադարձվի: «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն այս պահվածքը համեմատեց Օստապ Բենդերի արտահայտության հետ, թե ավելի լավ է կորցնել մասը, քան ամբողջը. «Հիմա էլ նրանք ցանկանում էին տալ այդ 10%-ն ու հարցը փակել: Սա էր միակ նպատակը»: Ընդամենը եկամտահարկը վերադարձնելը՝ ըստ պրն Բաղդասարյանի, բավարար լուծում չէ: «Եթե ճիշտ էին պահել այդ գումարները՝ թող էլի պահեին: Իսկ եթե սխալ են եղել, ուրեմն՝ նախ, թող բարի լինեին պատժել այն մարդկանց, ովքեր նման ապօրինություն են թույլ տվել եւ վնաս տվել մարդկանց: Մեր ձեռքի տակ փաստաթղթեր կան, որ մի ընտանիքից 2003-ին եկամտահարկ են պահել 17 հազար դոլար»: Վնասը նաեւ այլ կերպ է արտահայտվում. այն ժամանակ, երբ պահում էին այդ եկամտահարկը՝ դոլարը բոլորովին այլ փոխարժեք է ունեցել, ինչ այսօր: Կառավարության որոշման մեջ անդրադարձ չկա նաեւ այս խնդրին: «Հիմա այդ ընտանիքին 17 հազար դոլարը վերադարձնելու են այսօրվա՞ կուրսով, հաշվի՞ են առնելու նրանց վնասները,- հարցնում է «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավարը:- Հաշվի՞ են առնում, որ այդ ընտանիքը կարող էր 2003-ին 3 սենյականոց բնակարան գնել Դավիթաշենում, իսկ հիմա՝ ոչ: Ուստի եկամտահարկը վերադարձնում եք՝ լավ եք անում, բայց գոնե շնորհք ունեցեք, ասեք, որ ժողովուրդ՝ սխալ ենք արել, ներողություն»:
Վաչագան Հակոբյանը հավելեց. «Նաեւ թող հույս չունենան, թե այս 10%-ը վերադարձնելով՝ մեր պայքարը մարելու է: Մինչեւ վերջ վճռական ենք լինելու՝ մեր խախտված իրավունքների հարցում»: Իսկ Սեդրակ Բաղդասարյանը նշեց, թե վերադարձվող գումարներն օգտագործելու են զինվելու համար: Պարզաբանեց, թե զինվելու են համակարգիչներով ու տեղեկատվական հնարավորություններով: