Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Խաչատրյանին մոռացել են

Դեկտեմբեր 12,2006 00:00

«Ցեմենտից Ստալին ծեփողների ժամանակը» դեռ չի անցել

Դեկտեմբերի 11-ը ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ երեկ մենք հանդիպեցինք նկարչի 82-ամյա եղբորը՝ հանրապետական Սերգեյ Խաչատրյանի հետ:

Նկարչի 300-ից ավելի գործերը դեռ սպասում են իրենց ճակատագրին: Հայկազ Խաչատրյանն ունի նաեւ Մորդովայի քաղբանտարկյալների ճամբարում գրած «Սեւ գիրքը» բանաստեղծությունների շարք:

Նախկին քաղբանտարկյալի եղբայրն «Առավոտին» ասաց, թե հույս ուներ, որ ԱՄԿ հիմնադրի ձեռագրերի, կտավների, նկարների հարցը կլուծվի գոնե այս տարի, երբ լրացավ ԱՄԿ 40-ամյակը, սակայն, Ս. Խաչատրյանի կարծիքով, «Հայկազին մոռացան, որովհետեւ չեկան անշահագրգիռ մարդիկ: Հայկազն անընդունելի էր թե բոլշեւիկների եւ թե հիմա՝ կուսակցական չինովնիկների ժամանակ»:

Ս. Խաչատրյանը ցույց տվեց Հայկազի ձեռագրերից մեկը, ուր նա գրել էր. «Սողունների մի հոծ բանակ, առած վրձին ու գրիչ, քարշ են գալիս ոտքերիս տակ, ազնիվ մարդկանց անունից»: Հ. Խաչատրյանին, ըստ եղբոր, «փոխարինում» են «ցեմենտից Ստալին ծեփողներն» ու «վաշխառու ցեխագործները»:

«Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ ընթացք ստացավ «Հայքաղբանտարկյալի թանգարան» ստեղծելու գաղափարը, ուր նախատեսվում էին տեղադրել Հայկազի նկարները, ձեռագրերը, Ս. Խաչատրյանն ասաց, որ հանրապետությունում չգտնվեց այն մարդը, որը իրականացներ այդ գաղափարը: 1989-ի սեպտեմբերի 27-ից մեծանուն ազգային քաղաքական գործիչը եւ արվեստագետը մեզ հետ չէ: Այսօր նրան իրականում հիշողները հատուկենտ են:

Հ. Գ. Երեկ նախկին քաղբանտարկյալներից որեւէ մեկը Թոխմախի գերեզմանատուն չի այցելել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031