Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդներն արդարացված չեն

Դեկտեմբեր 11,2006 00:00

Տնտեսագիտության դոկտոր, գիտության ու տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լեւոն Վարդանյանը ավելի քան 50 տարվա մանկավարժական փորձ ունի:

Նա երկար տարիներ եղել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ներկայիս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ռեկտոր: Այսօր էլ անվանի գիտնականը կուտակած հարուստ փորձով շարունակում է նույն բուհում իր գիտելիքները փոխանցել սերունդներին: Թերեւս սա է պատճառը, որ որոշեցինք նրա հետ զրուցել կրթության ներկայիս եւ խորհրդային կառավարման մոդելների առանձնահատկությունների մասին:

«Հիմա լավագույն ճանապարհներ ենք փնտրում դեպի արեւմտյան կրթահամակարգի ձեւեր, մեթոդներ, ծրագրեր, նույնիսկ ավարտական փաստաթղթերը եվրոպական միասնական չափանիշներին ենք համապատասխանեցնում: Այդ տեսակետից շատ զարմանալի կլիներ, որ ամեն ինչ միանգամից սահուն ընթանար»,- նշեց պարոն Վարդանյանը: Նա որպես ռեկտոր աշխատել է հիմնականում խորհրդային տարիներին եւ կարծում է, որ խորհրդային կրթական համակարգն ունեցել է իր դրական կողմերը՝ երկար տարիների քննությունը բռնած միասնական ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր եւ այլն: Խոսելով բուհական գործի կառավարման ներկայիս մոդելի՝ մասնավորապես բուհական խորհուրդների մասին, պարոն Վարդանյանն այն տեսակետը հայտնեց, որ դեռեւս այդ խորհուրդների աշխատանքի շոշափելի արդյունք, բացառությամբ ռեկտորի ընտրությունների, դասախոսական կազմը եւ առհասարակ բուհի աշխատակիցները չեն տեսել: «Բուհի ռեկտորի ընտրություններից բացի, այդ խորհուրդները դեռեւս սկզբունքային հարցեր չեն լուծել, կգա ժամանակը, երբ բուհական խորհուրդները հնարավոր է վերանան, դա իմ կարծիքն է»,- ասաց Լեւոն Վարդանյանը: Նրա կարծիքով, բուհը պետք է ինքնուրույն գործի, սկզբունքային հարցերը նախկինի նման պետք է քննարկվեն բուհի գիտական խորհրդում, իսկ բուհական խորհուրդները որոշակի առումով սահմանափակում են բուհի ինքնուրույնությունը: Իմ այն հարցին, թե որն է էական տարբերությունը, երբ ռեկտորին ընտրում է գիտխորհուրդը եւ երբ ընտրում է բուհական խորհուրդը, չէ՞ որ երկու դեպքում էլ անդամների մասնակցության համամասնությունը պահպանվում է՝ պարոն Վարդանյանը չհամաձայնեց, նշելով, որ բուհական խորհրդի դեպքում բուհից ներկայացվածների թիվը բավականին փոքր է: Նա օրինակ բերեց իրենց համալսարանը, երբ 32 հոգանոց բուհական խորհրդում բուհից ներկայացված է ընդամենը 8 հոգի:

Այդքան տարիների մասնագիտական փորձ ունեցող մանկավարժին չէի կարող չհարցնել սերունդների տարբերության մասին: «Աշխատանքային կենսագրությանս առաջին տարիներին ես դասավանդել եմ նույնիսկ ինձնից մեծերին, իսկ հիմա կարծեք թե՝ իմ թոռնիկներին: Դասախոսը տարեցտարի մեծանում է, իսկ ուսանողը միշտ 20-22 տարեկան է, հոգեբանական առումով գուցե ես սխալ լինեմ, երիտասարդ տարիներին ես մի ձեւով էի գնահատում, հիմա ուրիշ, բայց ընդհանուր բաներ կան, որ կարելի է միջինացնել: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, երբ ասում են, թե հիմա խելոք ուսանողներ չկան: Բոլոր կուրսերում էլ կան խելոք, տաղանդավոր ուսանողներ, ես չեմ վախենում այդ բառն օգտագործել: Եթե նախկինում ուսանողները սովորում էին իրենց կոնսպեկտներով եւ ոչ հարուստ մասնագիտական գրականությունով, այն էլ հիմնականում ռուսերեն, ապա ներկայումս կա հարուստ մասնագիտական գրականություն մայրենի լեզվով, ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուներով, օգտվում են համակարգչային տեխնիկայից: Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր է առաջանում, որ այդ խելացի ուսանողները Հայաստանից չգնան, իսկ եթե գնան՝ կրթությունը շարունակելու նպատակով, անպայման վերադառնան հայրենիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել