Լրահոս
Օրվա լրահոսը

«Օթելլոն»՝ կրկին Հայաստանում

Դեկտեմբեր 11,2006 00:00

\"\"Ջ. Վերդիի գլուխգործոցի համերգային կատարմանը կմասնակցեն նաեւ իտալացի վոկալիստներ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ավանդույթ է դարձրել յուրաքանչյուր տարեվերջին համաշխարհային օպերային գրականության որեւէ գլուխգործոց ներկայացնելը: Այսօր ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումը՝ Հայաստանի պետական կապելլայի, «Սպեղանի» երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ: Հայ երգիչներին կմիանան նաեւ Իտալիայից հրավիրված երգիչներ Ֆրանչեսկո Անիլեն եւ Ստեֆանո Անսելմին: Համերգային կատարումը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Տեղեկացնենք, որ «Օթելլոյի» առաջին բեմադրությունը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում՝ 1887թ.: Երեւանում առաջին անգամ այս օպերան ներկայացվել է 1946թ.՝ ռեժիսոր Արմեն Գուլակյանի եւ դիրիժոր Միքայել Թավրիզյանի բեմադրությամբ: Այն կարճ կյանք է ունեցել՝ 2 տարի:

Երկրորդ անգամ «Օթելլոն» Հայաստանում բեմադրվել է 60-ականների կեսերին՝ դարձյալ Արմեն Գուլակյանի եւ դիրիժոր Յուրի Դավթյանի ջանքերով: Այս անգամ օպերան փոքր ընդհատումներով «ապրել» է մինչեւ 80-ականների կեսերը, իսկ 1988թ. ռեժիսոր Տիգրան Լեւոնյանի եւ Յուրի Դավթյանի շնորհիվ՝ վերաբեմադրվել, իսկ Երեւանի օպերային թատրոնի խաղացանկից հանվել է 90-ականների սկզբին:

Օգտվելով օպերայի ծննդավայրից Երեւան ժամանած երգիչներ Ֆրանչեսկո Անիլեի եւ Ստեֆանո Անսելմիի հետ շփվելու հնարավորությունից, նախ հետաքրքրվեցինք՝ աշխարհում կա՞ն երկրներ, որտեղ օպերային երաժշտությունը գտնվում է պետության հովանու ներքո: Մեր զրուցակիցները միանշանակ նշեցին երեք երկիր՝ Ճապոնիան, Կորեան եւ Գերմանիան: Ըստ Ֆ. Անիլեի, օրինակ, Ճապոնիայի կառավարությունը իր վոկալիստներին Իտալիայում սովորելու, կատարելագործվելու համար ապահովում է բոլոր անհրաժեշտ միջոցներով: Ստեֆանո Անսելմին էլ նշեց, որ իրենք՝ օպերային երգիչները, այնքան էլ չեն ողջունում օպերաների համերգային կատարումները. «Եվրոպայում սովորաբար քիչ են օպերաների համերգային տարբերակները, եւ դա հասկանալի է: Այն, ինչ կարող ես ցույց տալ ներկայացման միջոցով, չես կարող անել համերգային կատարման ժամանակ»:

Այդ դեպքում ինչո՞ւ են նրանց աշխարհահռչակ կոլեգաները՝ Պավարոտին, Դոմինգոն, Կարերասը, տուրք տալիս, այսպես կոչված, շոուներին, որոնցում ընդգրկված են արիաներ, դուետներ, տերցետներ՝ օպերաներից: Ընդ որում, վերոնշյալ համերգները մշտապես անցնում են լեփլեցուն դահլիճներում: Ֆրանչեսկո Անիլեն եւ Ստեֆանո Անսելմին նկատեցին, որ այն, ինչ ներկայացնում են աշխարհահռչակ երեք երգիչները, հեռու է օպերային արվեստից. «Դա նման է մրցույթի, որտեղ երեք երգիչ, օժտված լինելով հիանալի վոկալ տվյալներով, մեկը մեկին ասելիքը փոխանցելով, պարզապես ցույց են տալիս իրենց ձայնային հնարավորությունները»: Ս. Անսելմին էլ փաստեց. «Գաղտնիք չէ, որ օպերային երգիչների նման ելույթները մեկ նպատակ են հետապնդում՝ կոմերցիա: Հավաստիացնում եմ, որ օպերային երգիչների, այդ թվում եւ երեք տենորների նման ելույթներն ու շոուները արդեն հոգնեցրել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել