Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ Է

Դեկտեմբեր 11,2006 00:00

Եզդի համայնքը՝ հիվանդանոցում

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 7-ին, ժ.12-13-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ցույց է կազմակերպել Զովունի գյուղի եզդի բնակչությունը: Նրանք պահանջել են նոյեմբերի 6-ին սպանված 5 երեխաների հոր, 42-ամյա Քյարամ Ավդալյանի սպանության գործի քննությունը Գեղարքունիքի մարզի դատախազությունից տեղափոխել ՀՀ գլխավոր դատախազության վարույթ: Ցույցի ժամանակ Քյարամի մայրը՝ 67-ամյա Գյուլիզար Ամարյանը բենզին է լցրել իր եւ 3 թոռների վրա: Նրանք այրվածքներով տեղափոխվել են վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների եւ ճառագայթաբանության կենտրոն:

Երեկ մենք եղանք կենտրոնում: Մանկական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում տեղավորվել էին Գյուլիզարը, 16-ամյա երկվորյակները՝ Քյարամի տղաներ Սուրեն եւ Ռոման Ավդալյանները, սպանվածի եղբոր՝ Ագիտի 12-ամյա որդին՝ Արմենը: Նրանց երեկ տեսակցել են նաեւ ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը եւ փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:

Ըստ այրվածքային բաժանմունքի վարիչ Հովսեփ Շամախյանի, տուժածների վիճակը միջին ծանրության է, նրանք պետպատվերի շրջանակներում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորը ստացել էին 2-րդ, 3-րդ կարգի այրվածքներ:

Գյուլիզար Ամարյանը այրվածքներ էր ստացել ձախ ձեռքի եւ որովայնի շրջանում: Նրա գիտակցությունը տեղում էր, հայերեն խոսում էր ազատ եւ ասաց, որ ամբողջ գիշեր ցավերից չի քնել: Նա «Առավոտին» ասաց. «Իմ թառլան տղայի՝ Քյարամի սպանությունից հետո 10 նաֆար մնացել է իմ վրա: Մարզի իրավապահներից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում մեր պահանջներին»: Երբ հարցրինք, թե երեխաներն ինչով էին մեղավոր, որ բենզին եք լցրել նրանց վրա եւ վնասել, Գյուլիզար Ամարյանն ասաց, որ բենզինը շաղ տալիս չի էլ նկատել, թե ում վրա է լցվում: Նրա հոգեկան վիճակն այդ պահին եղել է անկառավարելի: Նա մեզ ասաց, որ իր տղայի մահից հետո ինքը չի ապրելու եւ վաղ թե ուշ ինքնասպան կլինի:

12-ամյա Արմենի ձախ ոտքն էր այրվել եւ բժշկի գնահատմամբ՝ նա 1 շաբաթից կապաքինվի: Երեխան, որի վիճակը մյուսների համեմատ կայուն էր, բացեց ձախ ոտքը, ցույց տալով այն:

Ռոմանի վիճակը ծանր էր. նա փսխում էր, իսկ մյուս եղբոր՝ Սուրենի ջերմությունը բարձրացել էր, եւ բուժքույրը փորձում էր այն իջեցնել:

Հիվանդասենյակը եւ դրանից դուրս տարածքը լիքն էին Ավդալյանների հարազատներով, որոնք եկել էին Զովունիից, Նոր Հաճընից, Շամիրամ գյուղից:

Երեկ այս ընտանիքին երկրորդ անգամ այցելեց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նրա կարծիքով, սա այն դեպքն է, որ հանրապետության նախագահը ուշադրություն պիտի դարձնի եւ այցելի տուժածներին:

\"\"67-ամյա Գյուլիզարի նկատմամբ հարուցվել է քրգործ:

 

 

\"\"Սուրենն անընդհատ տնքում էր:

 

 

\"\"Ռոմանի վիճակն ամենածանրն էր:

 

 

 

\"\"12-ամյա Արմենի ձախ ոտքն էր այրվել:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել