Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵՋՔԻՆ

Դեկտեմբեր 11,2006 00:00

Հակակրիմինալ շարժման «Լրատվամիջոցների դերը կրիմինալի դեմ պայքարում» թեմայով երեկվա քննարկման ժամանակ «Ազգային միաբանության» եւ «Նոր ժամանակների» ներկայացուցիչները կարծիք հայտնեցին. «Եթե ընդդիմությունն այսօր չլիներ՝ ո՞վ թերթ կկարդար. ժողովուրդը զզվել է ամեն օր իշխանություններից լսել նույն բաները»:

Ըստ «Ա1+»-ի՝ ներկա ընդդիմադիրներն, իրենց բնորոշմամբ, «թասիբի էին գցում լրագրողներին, որ կոնկրետ լուսաբանեն այն, ինչ լսում են»: ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն ասաց. «Թեկուզ եթե ընդդիմությունը հերյուրանքներ է տարածում, ոչի՛նչ, թող այդպես էլ գրվի, թեկուզ եթե գան ու ձերբակալեն մեզ, ավելի լավ… միայն թե գրվի այն, ինչ եղել է իրականում»:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը լրագրողներին ասաց. «Պետք չէ փչացնել ընդդիմությանը, դրանով իշխանությունների ջրաղացին ջուր կլցնեք: Սակայն դա չի նշանակում, որ մենք նեղանում ենք մամուլում մեր հասցեին գրված քննադատությունից»:

ԱՄ փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը բազմաթիվ հրապարակումներ կարդաց, որտեղ հիմնականում ԱՄ խմբակցության անդամներն անդրադարձել էին հասարակությանը հուզող տարբեր խնդիրների՝ կոռուպցիայից մինչեւ պետական կարիքների համար սեփականության օտարում: Նա բողոքեց, որ այս լրջագույն նյութերը ոչ մի ուշադրության չեն արժանանում հատկապես այն օղակների կողմից, ում հասցեագրված են դրանք: «Բեսպրեդելի» մթնոլորտ է, քար անտարբերություն, շատ փաստեր ուղղակի օդից կախված են մնում: Չորրորդ իշխանության նկատմամբ պետք է իսկապես բարձր հարգանք լինի»,- ասաց Գագիկ Թադեւոսյանը: Իսկ Ալեքսան Կարապետյանը հավելեց. «Մեր լրատվամիջոցները բացի ֆիքսելուց, նաեւ պետք է հետեւողական աշխատանք տանեն: Ավելի համարձա՛կ եղեք, մենք ձեր մեջքին կանգնած ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել