Քեմբրիջի համալսարանի Եվրասիա կենտրոնի տնօրեն, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը հրավիրվել է ելույթ ունենալու Թուրքիայում գումարված Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Նոյեմբերի 23-24-ը կայացած այս համաժողովը, որը բացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կենտրոնացել է Եվրամիությանը Թուրքիային անդամակցության, տարածաշրջանային քաղաքականության, Թուրքիայում եւ տարածաշրջանում մրցունակության եւ գործարար հնարավորությունների հարցերի վրա: Ստամբուլում անցկացված այս համաժողովին մասնակցել են շուրջ 400 պատվիրակներ՝ միջազգային բիզնեսի խոշոր գործիչներ ու քաղաքական առաջնորդներ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու բիզնես-վերնախավը:
Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Ռազմավարական խոհեր Եվրոպական վտանգների շուրջ» թեմայով, որի վերաբերյալ իրենց դիտարկումներն են նաեւ հայտնել Թուրքիայի Արտաքին առեւտրի պետական նախարար Կուրսաթ Թուզմանը, «Մերիլ Լինչ»-ի փոխնախագահ Ռիչարդ Մաքքորմակը եւ այլք:
Հայաստանի նախկին վարչապետը Եվրոպայի էներգետիկ կարիքներն ու անվտանգության հարցերը դիտարկել է Կենտրոնական Եվրասիայի համատեքստում: Մասնավորապես հայտարարել է. «Մենք նոր մոտեցումների կարիք ունենք էներգետիկ կախվածության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ», բացատրելով՝ «Սառը պատերազմից հետո ավելի ու ավելի գլոբալիզացվող աշխարհում բոլոր գերտերություններն ու բազմազգ կազմակերպությունները կախվածություն ունեն եւ անվտանգության պահանջ, որը միայն կարող է մեղմացվել երկխոսության գործընթացին փոքր խաղացողների ներգրավմամբ»: Նա օրինակներ է բերել Կասպից տարածաշրջանից եւ դրա առավել որոշիչ դարձող դերից՝ Արեւմուտք-Արեւելք հարաբերություններում: Արմեն Սարգսյանը նաեւ վարել է քննարկումը եվրոպական էներգետիկ կարիքների շուրջ, ուր արծարծվել են Եվրոպայի համար այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնման հարցեր: