Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղում ես քո համար եւ բոլորի դեմ»

Դեկտեմբեր 11,2006 00:00

Մեր հարցին, թե ո՞ր ուժերին են համարում մրցակից, ասաց ՄԱԿ խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը:

Խորհրդարանական քաղաքական ուժերը իրականում շատ լավ գիտակցում են առաջիկա ընտրություններում իրենց մրցակիցների ուժն ու կարողությունները, սակայն իրենց պատվից ցածր են համարում խոսել իրենց վախերի եւ անհանգստությունների մասին: Մենք փորձեցինք մի քանիսից ճշտել, թե հատկապես ո՞ր ուժի դեմ են համախմբվելու եւ կենաց ու մահու կռիվ մղելու:

«ԱՄ»-ն որպես մրցակցի՝ քաղաքական ուժ չի տեսնում, տեսնում է կողմնակից եւ դաշնակից ընդդիմադիր դաշտի կուսակցություններին, իսկ այն ուժերը, որոնք ուզում են վերարտադրվել, բացառությամբ ՀՅԴ-ի, քաղաքական ուժեր չեն, դրանք օլիգարխիկ-կրիմինալ վարչակարգի շահերը պաշտպանող եւ կրիմինալ վարչակարգը վերարտադրել ցանկացող մարդկանց խմբավորումներ են, եւ մարդկանց խմբավորումների մեջ քաղաքական լուրջ ուժը մրցակից տեսնել չի ուզում»,- պատասխանելով մեր հարցին՝ երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը: Ասաց նաեւ, որ, իր կարծիքով, մինչեւ հուլիսի 22-ի ՀՀԿ հայտնի համագումարը, ինքը Հանրապետական կուսակցությանը քաղաքական ուժ էր համարում, բայց այդ համագումարից հետո, հաշվի առնելով այդ կուսակցության հայտնի համալրումները, այն դադարեց քաղաքական ուժ լինելուց:

«Մենք որեւէ քաղաքական ուժի չենք թերագնահատում»,- ի պատասխան մեր հարցի, թե առաջիկա ընտրություններում ո՞ւմ է ՀԺԿ-ն տեսնում իրեն մրցակից, ասաց ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը Դաշնակցության հավանական մրցակիցներ համարեց «բոլոր այն կուսակցություններին, որոնք լինելու են քվեաթերթիկներում»: Իսկ ՀՅԴ հավակնությունների մասին չուզեց թվերով խոսել, բայցեւ հավելեց. «Այն վստահությունը, որ ունի Դաշնակցությունը ժողովրդի մեջ, վստահ եմ, կարտահայտվի նաեւ քվեարկությամբ»: Միանշանակ բացառեց դաշինքով գնալու հավանականությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ «այսօր մրցակցելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մեր ընդդիմախոսները ավելի շատ տոգորված են վատ բաներ խոսել, հայհոյել, անպատվել. դա մրցակցություն չէ»: Ամեն դեպքում, Գալուստ Սահակայնը վստահ է, որ անակնկալներ չեն լինի, արտահերթ զարգացումներ չեն լինի եւ ընտրությունները կլինեն ժամանակին, բայց նաեւ չբացառեց, որ կլինեն լուրջ բախումներ. «Համենայնդեպս, ընթացքը ցույց է տալիս, որ լարվածություններ կլինեն, առավել եւս անցած քառօրյայից ակնհայտ դարձավ, որ քաղաքական ցեխ շպրտելու պրոցեսներն արդեն գնալով վերածվում են քաղաքական հիստերիայի, եւ դա տրամաբանորեն ավելի մեծ լարվածություն կառաջացնի, բայց որեւէ հեղաբեկում չեմ պատկերացնում»: Ասաց նաեւ, որ ոմանք այսօր փորձում են ներկայանալ Սասունցի Դավթի կերպարով եւ «գերուժային տպավորություն թողնել», իսկ ՀՀԿ-ն ունի իր համեստ քաղաքականությունը եւ իրենք այդպես էլ շարունակելու են: Իսկ ժողովրդավարությունը, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ «Մեր երկրում դարձել է սուրճի բուրմունք, եւ ոմանք կանխագուշակների միջոցով մտածում են, թե կկարողանան հաղթահարել ամեն ինչ: Ես այդ կարծիքին չեմ, այն պրոցեսները, որ տեղի են ունենում մեր պետության ներսում եւ շատ հաճախ սվիններով ուղղվում են Հանրապետականի դեմ, չեն կարող քաղաքական գործոն դառնալ այն ուժերի համար, որոնք ստիպված ամեն ինչ կորցրել են եւ հիստերիայի գիրկն են ընկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել