Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿՄ-Ն ՈՉ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԿԼԻՆԻ, ԱՅԼԵՎ ԴԵՄ ԿԳՈՐԾԻ»

Դեկտեմբեր 11,2006 00:00

\"\"Ասում է ԵԿՄ վարչության անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

– Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացում առկա 8-9 սկզբունքների մեծամասնությունը կողմերն արդեն համաձայնեցրել են, եւ «հիմա կարելի է ասել, որ մնում է մեկ չհամաձայնեցված հարց», որը, սակայն, նրա մատուցմամբ, «ո՛չ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետներն են եւ ո՛չ էլ Լաչինի միջանցքը Ադրբեջանին վերադարձնելը», եւ որ «այդ վարկածներից ոչ մեկը բանակցություններն արգելակող հարցը չէ»: Դուք ենթադրո՞ւմ եք, թե խոսքն ինչ հարցի մասին կարող է լինել:

– Դժվարանում եմ կռահել, բայց չեմ բացառում, որ դա կապված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում տարածաշրջանային զարգացումների հետ: Կարծում եմ, դա կարող է նաեւ մեզ առաջադրված նոր պայման լինել, որին հայկական կողմը պատասխան տալու իմաստով մեծ դժվարություն ունի: Համենայնդեպս, մոտ ժամանակներս դա, հավանաբար, հայտնի կդառնա հասարակությանն ու քաղաքական շրջանակներին:

– Այն, որ տարածքների վերադարձի հարցը համաձայնեցված է, թվում է՝ միանշանակ է: Ընդ որում, ըստ տարբեր աղբյուրների, խոսքն արդեն ոչ թե 5, այլ բոլոր 7 շրջանների անվերապահ վերադարձի մասին է:

– Եթե հավատանք այդ տեղեկություններին, ապա բանակցությունները հայկական կողմի համար անկումային ու պարտվողական են, որտեղ մենք հստակորեն զիջում ենք: Ես այն համոզմունքն ունեմ, որ Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ իր համար լավ լուծում չկա, որ իր ներկայացրած ցանկացած լուծում հասարակությունը մերժելու է: Այդ իմաստով նրա համար միեւնույն է, թե ինչի շուրջ է բանակցում: Տվյալ դեպքում Քոչարյանի խնդիրը բանակցություններն ավարտին հասցնելու համար նրան տրված ժամկետը երկարաձգելն է, որից հետո նա կհայտարարի, որ կա՛մ հայտնի ուժերն իրեն թույլ չտվեցին հարցը լուծել, կա՛մ հասարակությունն այդ լուծումը մերժեց, կա՛մ ինչ-որ այլ պատճառաբանությամբ դուրս կգա բանակցություններից:

– Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Քոչարյանը կարող է ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրել:

– Ես հակված եմ կարծելու, որ Քոչարյանը հասկանում է՝ հասարակությունն իրենից ԼՂ հարցի լուծման ակնկալիք չունի: Ցանկացած լուծման հասարակությունը դեմ է լինելու: Նաեւ այդ պատճառով, անկախ նրանից՝ Քոչարյանն անձամբ ինչպես է մտածում, նա այդ հարցը չի լուծի: Հարցի լուծումը ինչ-որ թուղթ ստորագրելու մեջ չէ: Բացի այդ, ըստ իս, միջազգային հանրությունն էլ է հասկանում, որ ավտորիտար ռեժիմների միջեւ ձեռք բերված համաձայնությունը չի կարող հասարակության աջակցությունն ունենալ ու երկարատեւ խաղաղության երաշխիք լինել: Կարծում եմ, ԼՂ հարցն այսքան շուտ՝ գոնե այս փուլում, լուծում չի ունենալու նաեւ այն պատճառով, որ գերտերություններ են գտնվելու, որոնք փորձելու են խանգարել հիմնախնդրի լուծմանը՝ նկատի ունենալով իրենց շահերը:

– Պարոն Այվազյան, այս ֆոնի վրա Հայաստանում նաեւ ներքաղաքական որոշակի զարգացումներ են տեղի ունենում. ԼՂ «Երկրապահների» միության նախագահ Արկադի Կարապետյանի ասելով, ԼՂ-ում կռվող տղաները իշխանությունների դեմ շարժում են սկսում, ՀՀ-ում ազատամարտիկների որոշակի խումբ հայտարարում է կամավորականների նոր շարժման մասին, որը չպետք է թույլ տա տարածքների վերադարձը: Արդյոք դրանք իշխանությունների իջեցրած պատվերի արդյո՞ւնք չեն:

– Այդ տղաներին ես ճանաչում եմ: Նրանք ազնիվ մղումներով պայքարի դուրս եկած ու ԼՂ ազատամարտին առաջին օրվանից մասնակցած մարդիկ են: Ես նրանց անկեղծությանը հավատում եմ: Բայց այստեղ այլ խնդիր էլ կա: Երբ ԼՂ հարցի բանակցություններում ոչ հայանպաստ լուծման վտանգ է առաջացել, իշխանություններն այս կամ այն կերպ փորձել են օգտագործել երկրի ներքաղաքական իրավիճակն ու խույս տալ բանակցություններից կամ լուծումից՝ պատճառաբանելով երկրում ներքաղաքական անկայունությունը: Գուցե, ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն նրանք փորձում են այսօր էլ այդպիսի անկայուն վիճակ ստեղծել: Եթե ներքին ուժերը փորձեն նման բան անել՝ մերժելով Քոչարյանին ու նրա ռեժիմին բանակցություններ վարել հայ ժողովրդի անունից, սա միանշանակ դրական է: Բայց եթե նրանք իշխանություններին օգնելու են ԼՂ բանակցություններում ճահճային վիճակ պահպանել՝ անիմաստ եմ գտնում, որովհետեւ մեր վիճակը գնալով ավելի է վատանում: Երկու տարի առաջ Քելբաջարի, էլ չեմ ասում՝ Լաչինի, հանձնելու մասին խոսելն անհնարին էր: Հիմա խոսում են Քելբաջարի, հետո էլ սկսեցին Լաչինի, ինչ-որ 40 կմ հատվածի մասին խոսել: Ես չեմ զարմանա, եթե այս ռեժիմը մի օր հայտարարի, որ ԼՂ հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումը մեր ուժերից վեր է:

– Դուք նաեւ ԵԿՄ վարչության անդամ եք: Ի՞նչ եք կարծում, եթե հաստատապես հայտնի դառնա, որ փոխզիջում ասածը «գրավյալ» կամ «ազատագրված» բոլոր 7 շրջանների վերադարձն է՝ առանց ԼՂ այսօրվա փաստացի կարգավիճակի ամրագրման, ինչպիսի՞ն կլինի ԵԿՄ-ի կեցվածքը:

– Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես են «երկրապահներին» համոզելու համաձայնել այն փոխզիջումներին, որոնց մասին այսօր խոսվում է, եթե նույնիսկ այդ տարբերակն այս պահին մեզ համար բավականին լավն է: Իշխանությունը պետք է հաշվի առնի, որ տարածքների վերադարձի հետ կապված՝ ոչ միայն հասարակության, այլեւ ԵԿՄ-ի հետ է պրոբլեմներ ունենալու: Եթե, իրոք, փոխզիջումն այն է, ինչի մասին այսօր խոսվում է, ապա ես բացառում եմ, որ որեւէ երկրապահ համաձայնի այդ փոխզիջումներին: ԵԿՄ-ն դրան ոչ միայն դեմ կլինի, այլեւ դեմ կգործի, ես համոզված եմ: Պատահական չէ, որ այսօր կայանալիք ԵԿՄ 7-րդ համագումարի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Հիմնական խնդիրն այդ համագումարում, ըստ իս, լինելու է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Բոլորն ուզում են եւս մեկ անգամ լսել ԵԿՄ-ի դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

– Կարծում եք, միասնական դիրքորոշում կլինի՞: Չէ՞ որ ԵԿՄ վերնախավում բարձրաստիճան զինվորականներ կան, ովքեր պարտավոր են ենթարկվել բանակի գերագույն գլխավոր հրամանատարին:

– ԵԿՄ-ում Ձեր մատնանշած մարդիկ քիչ տոկոս են կազմում, բայց համոզված եմ, որ այն մթնոլորտը, որը տիրելու է ԵԿՄ համագումարում, կտա այդ հարցի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել