Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ

Դեկտեմբեր 08,2006 00:00

\"\"Դիտողություններ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթների վերաբերյալ

Ենթադրվում էր, որ հանրապետության նախագահի հրամանով պետական պաշտոնյաների կողմից ստեղծված Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներ մշակող հանձնաժողովը (այսուհետեւ՝ հանձնաժողով) պիտի ունենար բարեփոխումների կազմակերպչի գործառույթ, սակայն սեփական իշխանության ընդլայնված իրավունքների պահպանման գայթակղությունը ստիպեց նրանց հանդես գալ բարեփոխումների հայեցակարգի հեղինակների դերում: Ակնհայտ է, որ նվազագույն կոռուպցիոն ռիսկ պարունակող եւ գիտության ոլորտի արդիական բարեփոխումների ծրագիր կարող է մշակել միայն անկախ եւ իր կազմում միջազգային գիտակրթական համակարգերին քաջատեղյակ փորձառու գիտնականներ ունեցող հանձնաժողովը: Իսկ նման նախագծեր կան շրջանառության մեջ, ինչպիսիք են, օրինակ, «Համահայկական գիտական խորհուրդ» («ՀՀԳԽ») հ/կ-ի եւ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից մշակված առաջարկությունները:

Քննարկման ներկայացված հայեցակարգի գիտության ներկա վիճակի նկարագրության բաժնում շռայլորեն գովերգվել են Հայաստանի իշխանությունները՝ գիտության վերաբերյալ հոգատար վերաբերմունքի համար: Մինչդեռ պետության ոչ համարժեք վերաբերմունքի, շուկայական հարաբերություններին խորթ ու կործանիչ օրենքներով իրականացվող գիտա-տեխնիկական քաղաքականության պատճառով՝ բնագավառը դարձել է հանրապետության ամենակոռումպացված եւ տարածաշրջանում ամենահետամնաց համակարգերից մեկը: Փոշիացվել եւ թալանվել են ԳԱԱ-ի եւ գիտական հիմնարկների անշարժ գույքի զգալի մասն ու գիտության զարգացմանը հատկացված պետական եւ ոչ պետական ֆինանսական միջոցները: Ներկայիս ուռճացված գիտավարչական համակարգը կլանում է գիտությանը հատկացված պետական ֆինանսների զգալի մասը: Գիտնականների վարձատրման համակարգը համարժեք չէ նրանց կատարած աշխատանքին: Հանրապետությունում գործող շուկայական հարաբերություններին խորթ ու կործանիչ ԲՈՀ-ական համակարգը, որը բացառում է ցանկացած մրցակցություն գիտական կադրերի պատրաստման բնագավառում, դարձել է անորակ գիտական աստիճաններ բաժանող ֆաբրիկա:

Հայեցակարգում նշվում է, որ գիտությանը հատկացվող գումարները՝ ՀՆԱ-ի 0,3 տոկոսը միայն 2010 թվականին կհասցվի մեկ տոկոս եւ նման ֆինանսավորման պայմաններում խոսվում է «գիտելիքի վրա հիմնված տնտեսություն» զարգացնելու մասին: Մինչդեռ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ՀՆԱ-ի մեկ տոկոսից ցածր ֆինանսավորվող գիտությունը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ երկրի տնտեսության վրա:

Եթե երիտասարդ գիտնականները արդեն շուրջ 15 տարի համատարած հեռանում են իրենց երկրից, գոյատեւման համար անգամ նվազագույն պայմաններ չունենալու պատճառով, արդյոք որքա՞ն իրատեսական է երազել առաջատար գիտություն ունենալու մասին: Նման պայմաններում, «բարեփոխումների» անվան տակ, չկայացած գիտնականներով ինստիտուտների ակտիվ աշխատող տնօրեններին փոխարինումը եւ գիտությամբ չզբաղվող պաշտոնյաներով ԳԱԱ-ի համալրումը առնվազն անլրջություն է, որն ավելի է խորացնում մեր գիտության ներկա ճգնաժամային վիճակը:

Հանձնաժողովի հեղինակած հայեցակարգում առաջարկվում է ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր կամ ՀՀ նախարարության կարգավիճակով պետական մարմին, որին կվերապահվեն նորից անհամատեղելի գործառույթներ, ինչպիսիք են գիտության ոլորտում քաղաքականության մշակում, իրականացում եւ վերահսկում: Բնական հարց է առաջանում, եթե պետական այդ մարմինն իր պաշտոնյաներով պիտի մշակի գիտատեխնիկական քաղաքականություն, ապա ինչի՞ համար է պահվում երկրորդ պետական մարմինը` ԳԱԱ-ն, իր ակադեմիկոսների բանակով, որին օրենքով ամրագրված է ՀՀ փորձագիտական բարձրագույն պետական մարմնի կարգավիճակը:

…Ներկայացվող հայեցակարգի նախագիծը անձնավորված է եւ անկախ փորձագետների կողմից խիստ վերանայման կարիք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել