Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական նուռը՝ հայ-իտալական բարեկամությանը

Դեկտեմբեր 08,2006 00:00

Իտալիայի Ուդինե քաղաքում կտեղադրվի հայկական գրանիտից կերտված հուշակոթող

Իտալիայի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ջանի Բրավոյի եւ նրա տիկնոջ՝ Ջինա Բերտոնի, հայաստանցի բիզնեսմեններ Արթուր Պավլովի, Արթուր Մանվելյանի եւ Կարո Շահբազյանի ընկերության ու համագործակցության արդյունքում շուտով իտալական Ուդինե քաղաքի «Արմենիա» այգում կտեղադրվի Հայաստանը խորհրդանշող քանդակ: Վենետիկից 80 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է փոքր հայկական համայնք՝ 10-15 ընտանիք: Այն ղեկավարում է քանդակագործ Դանիել Թեմրեզյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Առավոտի» նախորդ համարներից մեկում, հենց հայաստանցի ճանաչված քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Համլետ Մատինյանի կերտած նուռն է տեղադրվելու Ուդինեում (Հ. Մատինյանը հեղինակն է ԳԱԱ -ում՝ Վ. Համբարձումյանի քանդակի, Ստեփանակերտում՝ նախագահական պալատի առջեւ տեղադրված «Զատիկ» աշխատանքի, Երեւանի Խ. Դաշտենցի եւ Կ. Դեմիրճյանի անվան դպրոցների համանուն քանդակների):

Իտալիայում հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող տեղադրելու նախաձեռնության հեղինակ Արթուր Պավլովը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Լալվարի գրանիտից նուռը՝ իր պատվանդանով (Փամբակի գրանիտից) այժմ պատրաստվում է Վանաձորում եւ դեկտեմբերի 5-ին կտեղափոխվի Երեւան, իսկ գարնանը «կուղեւորվի» Իտալիա: Նաեւ տեղեկացրեց, որ ակցիան հովանավորել են Արթուր Մանվելյանն ու Կարո Շահբազյանը: Նռան տեսքով հուշակոթողի բացումը Իտալիայում կկայանա ամռանը, երբ կանցկացվեն նաեւ հայկական օրեր Ուդինեում:

«Տեղի քաղաքապետարանի հետ նախատեսում ենք կազմակերպել հայկական կերպարվեստին, կինոյին, ոսկերչությանը, խոհանոցին նվիրված միջոցառումներ: Իտալական Ֆրիուլի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կանցկացնենք նաեւ բիզնես-ֆորում, որը մեծ խթան կհանդիսանա հայ եւ իտալացի բիզնեսմենների սերտ համագործակցությանը»,- ասաց Ա. Պավլովը:

Պրն Պավլովը պատմեց, որ իտալացի ընկերների հետ ծանոթացել են 1988-ին, երբ երկրաշարժից հետո Ջ. Բրավոն եւ Ջ. Բերտոն օգնություն են բերել Հայաստան. «Այնուհետեւ 1998-ին նրանք մեզ հրավիրեցին Իտալիա՝ շինանյութերի ցուցահանդեսի, որտեղ ներկայացած էին Ֆրիուլիի՝ երկրաշարժից տուժած եւ տեղի որակյալ շինանյութով կրկին վերականգնված մարմարե քաղաքները»: «Հետո Իտալիայի հետ ինձ կապեցին բիզնես- ծրագրերը, հիմնեցի՝ «Ֆրիուլի» ընկերությունը: Բիզնեսս զարգացնելու գործում այժմ էլ ինձ օգնում են իտալացի բարեկամներս»,- ավելացրեց նա:

«Ուդինեի քաղաքապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ տեղեկացանք, որ տեղի մուսուլման բնակչությունը նույն քաղաքում մզկիթ կառուցելու առաջարկ է ներկայացրել քաղաքապետարան: Քաղաքապետ Սերջիո Չեկոտիին կատակով ասացինք, որ եթե իրենց մոտ նաեւ մուսուլմանական մզկիթ կառուցվի, ապա մենք կհրաժարվենք մեր նախագծից: Հաջորդ օրն իմացանք, որ մուսուլմանների առաջարկը մերժվել է»,- պատմեց Ա. Պավլովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել