Սա երիտասարդ երգիչ Արամեի սկզբունքներից մեկն է
– Հեռուստատեսային հիթ-շքերթներում մշտապես լավագույն հորիզոնականներում ես, ինչո՞վ է դա պայմանավորված:
– Կարծում եմ՝ գաղտնիքը լավ աշխատանքի մեջ է: Աշխատում եմ պրոֆեսիոնալների՝ գործիքավորող Արա Թորոսյանի, ռեժիսորներ Հրաչ Քեշիշյանի, Սյոմա Կոդաբաշյանի, երգահան Մարինե Գյուլումյանի եւ այլոց հետ: Վարսահարդարից սկսած մինչեւ տեսախցիկը, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Դրա համար էլ ստանում ենք լավ արդյունք: Արդեն նկարվել է երրորդ տեսահոլովակս՝ «Արցունքիս մեջ»: Երաժշտությունը ես եմ գրել, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Այն օրերս կհայտնվի եթերում:
– Մեր երգիչ-երգչուհիները, նաեւ դու, չեն համագործակցում կոմպոզիտորների հետ, գերադասում եք ինքներդ երգեր գրել:
– Այո, կան երգեր, որոնց խոսքերն ու երաժշտությունը ես եմ գրել, որովհետեւ ոճի խնդիր կա: Գուցե կոմպոզիտորները մեզ համար գրագետ երգեր գրեն, բայց դրանք մեզ համար չլինեն: Շատ է պատահել, որ գեղեցիկ երգ եմ լսել, բայց երբ պատկերացրել եմ այն իմ կատարմամբ՝ հրաժարվել եմ: Երեւի կգա ժամանակը ու կհամագործակցեմ պրոֆեսիոնալների հետ:
– Դու միանգամից եկար եւ ներխուժեցիր հայաստանյան շոու-բիզնես…
– Գաղտնիք չէ, որ ես Ռոստովից եմ եկել՝ 2 տարի առաջ: Այն ժամանակ հայաստանյան պայմանները բարդ էին թվում, ոչ ոքի չէի ճանաչում, անգամ չէի կարողանում համակերպվել: Ճիշտ է, ծնվել եմ Հայաստանում, բայց 10 տարեկանից՝ 13 տարի ապրել եմ Ռոստովում: Երաժշտական կրթություն չեմ ստացել, բայց սովորել եմ նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ: Ռոստովի «Արեւիկ» խմբում 10 տարի՝ մինչ Հայաստան գալս, երգել եմ: 2004-ին Մոսկվայում մասնակցել եմ «Հայաստանի տարվա երգ» փառատոնին ու որոշել վերադառնալ Հայաստան:
– Ինչպե՞ս ես վերաբերվում միջազգային մրցույթներին եւ ո՞ր մրցույթում ես քեզ տեսնում:
– Մրցույթներ չեմ սիրում ընդհանրապես: Ցանկացած մասնակից գիտի՝ ինչ է կատարվում տվյալ մրցույթի «խոհանոցում»… մրցույթների մասնակցելու մասին առայժմ չեմ մտածում: Բայց չեմ կարող ասել, թե նորմալ եմ վերաբերվում:
– Հիմա մոդայիկ է դուետով հանդես գալը: Դու նման մտադրություն չունե՞ս:
– Ես Անի Ամիրյանի հետ ունեմ դուետ՝ «Հանդիպեցինք» երգի մասին է խոսքը: Մտածում եմ, եթե պիտի դուետ լինի, ապա նախընտրում եմ ռուսական աստղի հետ…
– Շատ երգիչ-երգչուհիներ մենահամերգներ են ունենում: Դու դեռ չե՞ս մտածում այդ ուղղությամբ:
– Այդ մասին ինձ շատ են հարցնում, բայց կարծում եմ, որ դեռ ժամանակը չէ: Ուզում եմ մենահամերգը սպասված լինի թե՛ ինձ, թե՛ հանդիսատեսի համար: 2007-ին Ռոստովում եւ ԱՄՆ-ում ունեմ մենահամերգ, Հայաստանում գուցե 2008-ի կեսերին լինի:
– Ճի՞շտ ես համարում ակումբներում երգելը:
– Եթե հայաստանցի երգիչները կարողանային համերգներով ու հյուրախաղերով աշխատել այնքան գումար, որ կարողանային ընտանիք պահել ու ձայնագրվել, ապա ակումբներում չէին երգի: Կարծում եմ՝ երգիչը պետք է անհասանելի լինի սովորական մարդկանց համար: Չեմ կարծում, թե մի երգիչ կամ երգչուհի հաճույքով է գնում ակումբում երգելու:
– Հարսանիքներում երգելո՞ւն ինչպես ես վերաբերվում: Քո կոլեգաներից շատերն այսօր երգում են իշխանավորների հարսանիքներում ու լավ էլ վարձատրվում են:
– Ես չեմ երգել, չեմ երգում եւ չեմ երգի: Հարսանիքը ուրախություն է, քեֆ: Բայց եթե դու գնում ես այնտեղ, որտեղ մարդիկ եկել են քեֆ անելու ու դու էլ պիտի դառնաս այդ քեֆի մի մասնիկը… մի խոսքով՝ չեմ ուզում խորանալ:
– Քո որոշ կոլեգաներ փոխել են ոճը, ինչ է թե՝ պահանջարկ ունեն ռաբիսի տարրերով երգերը…
– Այսօր ռաբիսն ավելի հեշտ է ընդունվում, քան կոմպոզիտորական արվեստը: Մյուս կողմից, ամեն հայի հոգու խորքում էդ բանը (ռաբիսը) կա: Այլ բան է, որ դրսում չեն թաքցնում, թե սիրում են ռաբիս, էստեղ քողարկում են: Հետո հացի խնդիրն էլ է ռաբիսով ինչ-որ տեղ լուծվում: Եվ ոչ մեկին չես կարող մեղադրել:
– Ի՞նչ է պակասում հայ երգիչ-երգչուհիներին:
– Դաշտը… մեր երկիրը փոքր է, շոու-բիզնես կոչվածը՝ չկայացած: Երբ այն կայանա, գումարները շատանան, երգիչ-երգչուհիները կկարողանան առանց քաշվելու ասել իրենց խոսքը, ամեն ինչ այլ կերպ կլինի: Բրավո այն երգիչներին, որ դժվար տարիներին աշխատել են Հայաստանում ու չեն կոտրվել, տեսահոլովակ են նկարել, երգեր են ստեղծել: Այն, որ այսօր ասում են աստղե՜ր-աստղե՜ր… սուտ է, հիմա աստղ չկա, իհարկե, կարող են հետագայում դառնալ աստղ, բայց աստղը ախր նախ ապրելակերպ է: Մենք աստղի կյանքով ապրող երգիչ-երգչուհի չունենք: