Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿՈՐԱԾ ՄԱՐԴ ՉԷ

Դեկտեմբեր 08,2006 00:00

\"\"ԳԱԱ թղթակից անդամների առաջիկա ընտրությունների շուրջ զրուցեցինք ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով նույնպես թղթակից անդամի թեկնածու է:

– Պրն Սիմոնյան, ասում են, որ պատմության բլոկում ի սկզբանե նախատեսված է եղել մեկ տեղ (իսկ թեկնածուները 6-ն էին), եւ քանի որ ընտրվելու մեծ շանսեր ունի պատմաբան Բաբկեն Հարությունյանը, հատուկ Ձեզ համար «վերեւից» եւս մեկ տեղ է իջեցվել:

– Այն տեղերը, որոնք նախօրոք գրվել էին թերթում, դրանք կառավարության որոշմամբ չէին հաստատվել: Վերջիններս ավելի ուշ են հաստատվել եւ պատմության մի տեղը ավելացվել է ի հաշիվ իրավաբանականի թափուր տեղի: Դա բացատրվել է ոչ այն միտումով, որ ինչ-որ մեկին են ցանկացել անցկացնել, այլ այն հանգամանքով, որ վերջին 5 տարիների ընթացքում պատմության գծով 8 ակադեմիկոս եւ թղթակից անդամ է մահացել: Եվ, բնականաբար, մեր մասնագիտությամբ տեղերի թիվը պետք է ավելացվեր: Իհարկե, միայն պատմության գծով չէ այդպես, օրինակ՝ լեզվաբանության մասով էլ վիճակը նույնն է: Իմ կարծիքով, ոչ մեկս անարժան չենք: Ես ակտիվ գիտաշխատող եմ, միայն անցած 3 տարվա ընթացքում 30 հոդված եմ լույս ընծայել, ինչն այնքան էլ հեշտ չէ:

– Ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ ներկայացված թեկնածուների մեջ շատ կան մարդիկ, ովքեր ակտիվ գիտական գործունեությամբ այսօր չեն զբաղվում, կան նաեւ պաշտոնյաներ. մի՞թե նրանք ժամանակ ունեն այդքան խորությամբ գիտությամբ զբաղվելու:

– Ըստ իս՝ կընտրվեն ամենաարժանիները, բայց թե կոնկրետ ով կդառնա թղթակից անդամ, ես դժվարանում եմ ասել: Կա նաեւ սուբյեկտիվ գործոնը: Ակադեմիկոսներն ու թղթակից անդամները նստած՝ մեկին ջնջում են, մյուսին թողնում: Բայց որ միշտ որպես կանոն ընտրվում են արժանիները, դրանում ես կասկած չունեմ, համոզված եմ, որ հիմա էլ այդպես կլինի: Շատ հնարավոր է, որ ես ընտրվեմ, չի բացառվում նաեւ՝ հակառակը:

Վերջերս դոկտորական պաշտպանեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Ես ներկա էի նրա պաշտպանությանը եւ հիացած եմ այդ մարդու գիտելիքներով: Եվ բոլորը, ովքեր թերահավատ էին՝ բերանները փակեցին, հասկանալով, որ գործ ունեն պրոֆեսիոնալի հետ, որ ինքն է գրել աշխատանքը, իր տանջանքի արդյունքն է ներկայացրել:

– Եթե ժամանակին բուհական դիպլոմներն էին մոդայիկ, ապա այժմ նաեւ՝ գիտական կոչումները, եւ մարդիկ մի լրացուցիչ թուղթ ձեռք բերելու համար ամեն ինչի պատրաստ են:

– Կան մարդիկ, որոնք անպայման ուզում են պաշտպանել, դիպլոմ ստանալ: Ես չեմ հերքում, որ պաշտոնյա մարդը ունի եւ պետք է ունենա գիտության մեջ հետաքրքրություն, բայց չեմ էլ բացառում, որ կան պաշտոնյաներ, որոնք պարզապես ուզում են այդ դիպլոմն ունենալ: Իսկ դրա համար նախ եւ առաջ գիտական աշխատանքներ պետք է ունենալ: Իհարկե, գիտությունը դրանից շահում է: Համոզված եմ, որ գիտական կոչումների «մոդան» շուտով կանցնի, քանի որ գիտությունը չարքաշ գործ է: Օրինակ, ես շուտով մոտ 1000 էջանոց գիրք եմ լույս ընծայելու: Ես դա վաղուց պետք է անեի, մոտ երկու տարի առաջ, պարզապես ժամանակ չունեի: Մնացել է մի կես գլուխ, գիշերները պետք է նստեմ ու վերջացնեմ: Անցյալ տարին ծանր էր եւ, բնականաբար, չէի կարող ավարտին հասցնել: Բայց հիմա տեսնում եմ դրա անհրաժեշտությունը: Գիտությունը իմ կյանքն է: Ես այսօր ռեկտոր եմ, վաղը՝ չէ, նույնիսկ կարող եմ դասախոս չլինել, բայց մասնագիտությունը, որ ընտրել եմ, սիրում եմ, ես ուզում եմ դրանով զբաղվել, այն իմ կյանքի շատ կարեւոր մասն է: Դա էլ իմ փեշակն է, իմ հացն է: Իմ ուսուցիչը՝ Ազատ Համբարյանը, իր «բոյից» բարձր գրքեր է ունեցել, բայց միայն կյանքի վերջում է ԳԱԱ թղթակից անդամ դարձել: Բայց ես հպարտանում եմ, որ ինչ-որ մի մարդ՝ լինի չինովնիկ կամ մեկ ուրիշը, ուզում է պաշտպանել, գիտնական դառնալ, քանի որ դա ապացուցում է, որ գիտնականը այնքան էլ կորած մարդ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել