Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԼԻՄԱՔՍԱՅԻՆ» ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 08,2006 00:00

Երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ կռիվը թեժացավ ոչ թե ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ ինչպես սովորաբար լինում է, այլ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ, եւ առիթը Եվրոպական ակադեմիայի շուրջ ծավալված իրադարձություններն էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը առաջարկեց պատասխանել խորհրդարանում ծավալվող «լաչառությանը» եւ հարց ուղղեց Եվրոպական ակադեմիայի մասին:

Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի գնահատականը՝ ակադեմիան հերթական փուչիկ կոչելը, զայրացրեց ՕԵԿ անդամներին: Մհեր Շահգելդյանը նկատեց, որ խոսքը ոչ թե փուչիկի, այլ կոնկրետ կառույցի եւ նրա հարյուրավոր ուսանողների մասին է, նաեւ ասաց, թե իրենք նամակներ ունեն Բաղրամյան 6 հասցեում կառուցվող շենքի մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, հենց կրթության նախարարինն է: Լեւոն Մկրտչյանը նախ ասաց, թե այդ շենքը Թաիլանդի հյուպատոսությանն է, եւ հավելեց. «Ուրախ եմ, որ 37 թիվը չէ: Եթե այսպես գնա, ես չգիտեմ այս երկիրը ուր եք տանելու դուք (ՕԵԿ-ը- Մ. Ե.)»: Հովհաննես Մարգարյանը խնդրեց, որ կառավարությունը պատասխանի հարցին, թե ո՞ւր են գնում օդանավակայանում ուղեւորներից գանձվող օդի փողերը, նաեւ հիշեցրեց, որ նախորդ օրը Հեղինե Բիշարյանը պարզապես պաշտոնական տվյալներ է հրապարակել որոշ նախարարների եկամուտների եւ ունեցվածքի մասին: Հարցին պատասխանող Վարդան Խաչատրյանը իր հերթին հայտարարեց. «Յոթ տարի համբերատար դիմացել ենք, բայց անհեթեթությունը սահման ունի, էդ ձեր ասած պաշտոնական տվյալ հրապարակողին կարելի է հիմա տղայականով ասել՝ դե ապահովի իմ էդքան եկամուտ ստանալը»: Նաեւ ավելացրեց. «Վաղը, տա Աստված՝ դուք դառնալու եք իշխանություն, եւ այլն, էս տրամաբանությամբ եթե մտածում եք, որ մեշոկ է, հասնելու եք, ով ինչքան ուզի՝ ձեռքը գցի-տանի, եւ ըտենց ոգեւորված ուզում եք իշխել, չարաչար սխալվում եք: Դա շատ ծանր աշխատանք է եւ պատասխանատու, եւ կառավարության որեւէ անդամ որեւէ շփում էդ դրամների, տուրքերի կամ հարկերի հետ չի ունենում: Անհեթեթ խոսակցություններ են: Ես հասկանում եմ, ցայտնոտի մեջ եք, կլեմաքսի մեջ եք (նկատի ունի կլիմաքսը- Մ. Ե.), բայց ավարտեք, չի կարելի»: Հովհաննես Մարգարյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ ամբիոնը չի հարգում հենց ֆինանսների նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել