Լրահոս
Օրվա լրահոսը

Թղթի պակասն արհեստածի՞ն է

Դեկտեմբեր 08,2006 00:00

Լրագրողական համքարությունը երեկ չշտապեց միանշանակ գնահատականներից, բայց այդ առնչությամբ կասկածներ հայտնեց:

Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողական կազմակերպությունների ղեկավարները՝ ի դեմս «Ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գեւորգյանի, «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի, «Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանի, նաեւ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի, մտահոգիչ համարեցին այն, որ թերթերի տպագրման համար անհրաժեշտ լրագրային թղթի պակասը կարող է կրկնվել նաեւ մոտ ապագայում: Նրանք բոլորն էլ ձեռնպահ մնացին միանշանակ հայտարարություններ անելուց, բայցեւ չբացառեցին, որ «թղթային ճգնաժամը» կարող է արհեստածին լինել: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ «մեզ նման երկրներում իշխանությունները կարող են գնալ ցանկացած քայլի՝ խոսքի ազատությունն ու տեղեկատվության տարածումը սահմանափակելու համար: Որեւէ այդպիսի բան, որը նրանք չեն անի՝ այլեւս չկա: Թղթի վիճակը Հայաստանում հաստատ այդքան ճգնաժամային չէ: Միշտ էլ կան պաշարներ, որոնք ցանկության դեպքում կարելի է օգտագործել: Բազմաթիվ ապրանքատեսակներ կան, որոնց պակասը դեռ չի զգացվում: Ինչո՞ւ հատկապես թղթի հետ կապված այս հարցն առաջացավ, մանավանդ որ՝ նույն ճանապարհով է դա ներկրվում: Նշանակում է՝ չկա շահագրգռություն, չկա ցանկություն՝ լրատվամիջոցների նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու հարցում: Ես հիմա չեմ ուզում ասել, որ կոնկրետ այդ դեպքում քաղաքական նկատառումներ կան, բայց այո՝ դա հնարավոր է կրկնվի ցանկացած պահի: Արժե մտածել, թե ինչ անել այդպիսի իրավիճակներում»:

«Չեմ ուզում ասել, որ սա հատուկ է արվում, որ ընտրությունների նախաշեմին սա փորձնական քայլ է հետագայի ու նման երեւույթների կրկնության դեպքում հնարավոր արձագանքները շոշափելու համար: Իմ գնահատականն այն է, որ ինչ-որ մի օղակ ճիշտ չի աշխատել»,- ասաց Աստղիկ Գեւորգյանը:

Հակոբ Ավետիքյանն իր հերթին ասաց, թե «իհարկե, հարցի քաղաքական մասն էլ կա», ու չբացառեց, որ այն խնդիրը, որն այսօր թերթերն ունեն, կարող է նաեւ կրկնվել: «Բայց կարող է շատ ավելի ծանր վիճակ ստեղծվել՝ կապված ոչ թե թղթի պաշարների, այլ թերթ տարածող կազմակերպությունների հետ, որոնք այսօր շատ մեծ գումարներ են պարտք թերթերին, եւ որոնք կարող են սնանկ հայտարարվել»:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ «խնդիրն այն չէ, որ այս պահին թուղթ չկա, այլ այն, որ հասկանալի չէ, թե հաջորդ պահին ինչ կարող է լինել»:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե՝ «հնարավո՞ր է, որ այս պրոբլեմը դառնա խրոնիկ եւ կրկնվի նախընտրական շրջանում, եւ այսօրվա վիճակը լավ առիթ լինի, որպեսզի հետո ասվի, որ դա առաջին դեպքը չէ, որ նման բան արդեն եղել է 2006-ի դեկտեմբերին», Նունե Սարգսյանը նկատեց. «Կարծում եմ, որ սա ոչ միայն կարող է կրկնվել, այլեւ, որ սա հնարքներից մեկը կարող է լինել: Վերջին տարիներին տեսնում եմ, որ երեւակայության իմաստով ԶԼՄ-ների նկատմամբ նրանց գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ որոշակի քայլեր այսպես թե այնպես ձեռնարկվում են, եւ հատկապես ընտրությունների նախաշեմին բոլորս ինչ-որ բանի կարող ենք սպասել: Ես չգիտեմ՝ դա կլինի դարձյալ թերթի թղթի պակասությունը, թե ոչ, բայց այն, ինչ այսօր կատարվում է՝ շատ վտանգավոր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել