Վստահ է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ
Տիգրան Թորոսյանը
– ՀՀ օրհներգի հետ կապված իրոք տխուր փաստի առաջ ենք կանգնած, ըստ էության, մենք այս պահին չունենք երկրի օրհներգը, եւ ստեղծված իրավիճակը, համաձայնեք` բավականին նուրբ է: Դուք, որպես ԱԺ նախագահ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը եւ ի՞նչ ելքեր եք տեսնում:
– Ցավոք, օրհներգի հետ կապված աշխատանքները շատ թափթփված իրականացվեցին եւ նման իրավիճակ ստեղծելու ոչ անհրաժեշտություն կար, եւ ոչ էլ, կարծում եմ, ողջամիտ հնարավորություն: Այսօրվա իրողությունն այս է, այս պահին օրակարգում չկա կառավարության նախագիծը եւ մնում է միայն արտահերթ նիստում ընդունել այդ նախագիծը, որպեսզի ՀՀ-ն ունենա օրհներգ: Ցավալի իրողություն է, սակայն տվյալ դեպքում սա միգուցե մի քիչ ավելի ցցուն օրինակ է, ցավոք՝ նման վերաբերմունք ոչ քիչ կարելի է հանդիպել ավելի քիչ հայտնի նախագծերի հետ կապված: Սակայն, կարծում եմ, գործնական առումով որեւէ խնդիր չի առաջանա, մինչ օրենքով օրհներգը սահմանելը:
– Կասե՞ք, թե ստեղծված իրողության մեղավորներն ովքեր են:
– Չեմ ուզում մեղավորներ մատնանշել, այնպես, ինչպես երբեւէ մեղավորներ չեմ որոնում, կարեւորը երեւույթն է եւ արվող հետեւությունները: Կարծում եմ, շատ ցավալի եւ անընդունելի իրավիճակ է:
– Փաստորեն, չկա նախաձեռնություն ոչ պատգամավորների եւ ոչ էլ կառավարության կողմից` օրհներգի հարցը արտահերթ նիստում լսելու համար: Որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ինչո՞ւ ինքներդ չեք նախաձեռնում:
– Ազգային ժողովի նախագահի անելիքներն այնքան շատ են, որ պարզապես անհնարին է բոլոր հարցերով զբաղվել, եւ նաեւ ճիշտ կլինի հարցերը ուղղել հասցեատիրոջը, որ պատասխաններն էլ հստակ լինեն:
– Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում ստեղծված նախընտրական իրավիճակը. պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությունը թողած՝ վաղուց արդեն զբաղված են սեփական քարոզչությամբ:
– ԱԺ աշխատանքներն այս նախընտրական շնչից չեն տուժել, ԱԺ-ն այսօր աշխատում է ոչ պակաս արդյունավետ, այնպես որ, եթե ինչ-ինչ խնդիրներ էլ կան, ապա դրանք կապված չեն նախընտրական շրջանի հետ:
– Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ Հանրապետական կուսակցության ներսում բավականին լարված իրավիճակ է՝ հին եւ նոր հանրապետականների միջեւ: Որպես կուսակցության փոխնախագահ, ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:
– Նորմալ, որեւէ արտառոց բան չկա: Ակնհայտ, ուղղորդված հակաքարոզչությունը Հանրապետական կուսակցության նկատմամբ ցույց է տալիս, որ բոլոր քաղաքական ուժերը շատ բարձր են գնահատում Հանրապետականի հնարավորությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ փորձում են դրանք ինչ-որ չափով նվազեցնել հակաքարոզչությամբ: Միայն նման նպատակից է, որ բխում են տարատեսակ շշուկներ, բամբասանքներ, ասեկոսեներ՝ կուսակցության ներսում իբր տիրող մթնոլորտի վերաբերյալ:
– Սակայն տպավորություն կա, որ կուսակցության ներսում խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը՝ առանձին, եւ կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը՝ առանձին, զբաղված են իրենց սեփական քարոզչությամբ:
– Սխալ տպավորություն է:
– Ըստ որոշ տեղեկությունների, Հանրապետականի ամենալուրջ մրցակիցը խորհրդարանական ընտրություններում լինելու է Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճը»:
– Այսօր որեւէ մեկը իր ձեռքի տակ չունի անհրաժեշտ տվյալներ՝ կանխատեսելու, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ովքեր կլինեն լուրջ մրցակիցներ: Կուսակցությունը գործունեություն է ծավալել, կարծում եմ՝ վերաբերմունքը պետք է լինի սովորական, բնական, ինչպես այլ կուսակցությունների նկատմամբ եւ հատուկ վերաբերմունք ունենալու անհրաժեշտություն չկա: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ գնահատականներ են հնչում, ավելին՝ երբեմն լրագրողները փորձում են այս կամ այն արտահայտությունը լրացնել ինչ-որ բառերով, արված գնահատականները ուղղորդելով դեպի «Բարգավաճ Հայաստան», եւ հակառակ կողմից էլ դա անտեղի ընդունում են որպես հիմք եւ հակադարձում են: Նման «փոխհրաձգությունները» օգտակար չեն կարող լինել որեւէ մեկի համար: Ի վերջո, երկրում կարող է ցանկացած ժամանակ ստեղծվել կուսակցություն, եւ շատ կարեւոր է, որ կազմակերպությունը իսկապես լինի քաղաքական կազմակերպություն:
– Դուք «Բարգավաճ»-ը համարո՞ւմ եք քաղաքական կառույց:
– Անկեղծ ասած, առայժմ, բացի Գագիկ Ծառուկյանից, միայն Վարդան Բոստանջյանին գիտեմ այդ կուսակցությունից, այնպես որ, հուսով եմ, երբ կլինի այդ կառույցի համագումարը եւ այլ միջոցառումներ, այդ ժամանակ ավելի լիարժեք պատկերացում հնարավոր կլինի ունենալ այդ կուսակցության մասին:
– Չե՞ք գտնում, որ քաղաքական բուն գործունեությունը թողած, ինչպես «Բարգավաճը», այնպես էլ Հանրապետականը զբաղված են բարեգործությամբ:
– Նախ, կուսակցությունները չեն կարող զբաղվել բարեգործությամբ, բարեգործությունը քաղաքական գործունեություն չի, եւ ցավալի կլինի, եթե մեկը մյուսով փոխարինվի:
– Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարություններ են անում՝ փետրվարից ավելի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու, փողոց դուրս գալու եւ հանրահավաքների մասին: Ձեր կարծիքով, նման գործունեությունը կարո՞ղ է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը:
– Տասնհինգ տարին բավարար է ցանկացած պետության համար, որ ժողովրդավարությունը փողոցից տեղափոխվի կառույցներ եւ կառույցների գործունեությամբ երեւա ժողովրդավարության մակարդակը: Սոսկ փողոցներում ինչ-ինչ միջոցառումներ անցկացնելը չի կարող ժողովրդավարության դրսեւորում լինել: Կարող են լինել ժողովրդավարությանն առնչվող ինչ-ինչ միջոցառումներ, նաեւ հանրահավաքներ, երթեր եւ այլն, բայց սա ինքնին չի կարող ժողովրդավարության դրսեւորում լինել: