Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԼՂՀ ԿԸՀ-ԻՆ

Դեկտեմբեր 08,2006 00:00

ԼՂՀ հանրաքվեին մասնակցելու ձեւ է հուշում ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

ՎՈՒԱՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնելը Ադրբեջանի Սահմանադրության, «միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների խախտում է. ուստի ոչ մի իրավական նշանակություն չի ունենա, եւ նրա արդյունքները կհամարվեն անվավեր»: Մեր խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Ինձ համար անսպասելի էր նման հայտարարությունը: Կարծում եմ, որ ՎՈՒԱՄ անդամ երկրները բավական կանխակալ վերաբերմունք ունեն ԼՂՀ նկատմամբ: Նաեւ կարծում եմ, որ սահմանադրական հանրաքվեից հետո նրանք ուղղակի ստիպված կլինեն վերանայել իրենց այդ դիրքորոշումը: Եվ ցանկալի կլիներ, որ հայտարարության հեղինակ երկրներն իրենց դիտորդներն ուղարկեին Ղարաբաղ՝ հետեւելու սահմանադրական հանրաքվեի ընթացքին, որ համոզվեին, թե այդ հանրաքվեն ԼՂ ժողովրդի կամքի ազատ արտահայտությունն է: Ինչ վերաբերում է հայտարարության մեջ միջազգային իրավունքի վրա կատարված հղումներին, ապա այդ նորմերը հենվում են նաեւ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի վրա: Ուստի հիշեցնեմ, որ ԼՂ ժողովուրդը 1991-ի դեկտեմբերի 10-ին նույն իրավունքով, ինչ Ադրբեջանը կամ ՎՈՒԱՄ-ի անդամ որեւէ այլ երկիր՝ հռչակել է իր անկախությունը: Եվ մեր ժողովուրդն իրավասու է ինքնուրույն տնօրինել իր ապագան՝ այս կամ այն երկրի հետ համագործակցության ձեւն ընտրելով ազատորեն»:

Ադրբեջանական կողմից վերջին օրերին հայտարարություններ են հնչում դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրաքվեի կապակցությամբ, որոնք վերաբերում են ինչպես դրա արդյունքները չճանաչելուն, այնպես էլ փաստարկվում է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնակառավարման մասին ցանկացած սահմանադրական փաստաթուղթ կարող է կենսագործվել միայն, եթե «հանգամանորեն մշակված օրինական, ժողովրդավարական եւ խաղաղ գործընթացի միջոցով» դրան կարողանա մասնակցել նաեւ տարածաշրջանի ադրբեջանական համայնքը: «Ադրբեջանի հայտարարությունների ենթատեքստում տեսնում եմ ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն ճանաչելու միտում,- նման անակնկալ մեկնաբանություն տվեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:- Այսինքն, եթե նրանք սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը միայն պայմանավորում են ազգությամբ ադրբեջանցի ԼՂՀ քաղաքացիների մասնակցությամբ, ապա նշանակում է, որ նրանք ինքնին սահմանադրական հանրաքվեն չեն ճանաչում ոչ լեգիտիմ: Գտնում եմ, որ հանրաքվեն այսպես թե այնպես լեգիտիմ է՝ անկախ նրանից, թե ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները մասնակցո՞ւմ են, թե՞ ոչ: Իսկ եթե նրանք չեն մասնակցում՝ Ադրբեջանի իշխանությունների մեղքն է, որոնք 1991-ից ի վեր «պատանդ» են պահում ԼՂՀ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներին: Նրանք այդ քաղաքացիներին արգելեցին մասնակցել 1991-ի անկախության հանրաքվեին, հետագա պատերազմական գործողություններով ԼՂ տարածքից տարհանեցին նրանց եւ առայսօր բռնանում են այդ մարդկանց կամքի վրա: Այնպես որ՝ մենք խնդիր չունենք. եթե ազգությամբ ադրբեջանցի ԼՂՀ քաղաքացիները ցանկություն ունեն մասնակցել մեր սահմանադրական հանրաքվեին՝ թող այդ հարցով դիմեն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Եվ մնացած մի քանի օրվա ընթացքում, կարծում եմ, ԼՂՀ ԿԸՀ-ն կարող է որեւէ ձեւ մտածել, թե այդ քաղաքացիներն ինչպես են մասնակցելու հանրաքվեին»:

Այսուհանդերձ, Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն էլ հայտարարեց, որ այս հանրաքվեն չի ճանաչվի միջազգային հանրության կողմից: «Չեմ կարծում, թե Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչը ներկայացնում է միջազգային հանրությունը,- հակադարձեց պրն Աթանեսյանը:- Միջազգային հանրություն ասելով հասկանում եմ ՄԱԿ-ը եւ դրա անդամ երկրներին: Պարզապես որոշ կառույցների եւ երկրների կողմից փորձ է արվում ուղղորդել միջազգային հանրությանը, որ չճանաչեն մեր հանրաքվեն: Կարծում եմ, եթե հանրաքվեի ավարտից հետո միջազգային հանրությունը որեւէ կառույցի միջոցով հանդես չգա ԼՂՀ Սահմանադրության օրինականությունը ճանաչելու հայտարարությամբ՝ դա չի նշանակում, թե միջազգային հանրությունը որեւէ ժամանակ չի ճանաչելու այս հանրաքվեի օրինականությունը»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն օրերս կասկածներ արտահայտեց հակամարտությունը լուծելու հայկական կողմի ցանկության անկեղծության կապակցությամբ, նշելով, որ եթե լիներ նման ցանկություն՝ ԼՂ-ում չէր անցկացվի սահմանադրական հանրաքվե: Մեր հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանը հանրաքվեն պատրվակ դարձնել՝ ձախողելու կարգավորման գործընթացը, որտեղ, ըստ նույն Մամեդյարովի՝ «չհամաձայնեցված է մնացել մեկ հարց»՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում: ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ընդգրկված չէ եւ որեւէ պարտավորություն չի ստանձնել իր այս պահի եւ հետագա գործողությունների առումով: Եվ մեղմ ասած՝ անտրամաբանական կլիներ գործընթացի դադարեցումը կապել այն փաստի հետ, որ ԼՂՀ ժողովուրդն իր համար ընդունում է երկրի հիմնական օրենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել