Այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրաշարժի 18-ամյա տարելիցի առիթով կմեկնի Գյումրի: Մեր տեղեկություններով, աղետի գոտում նախագահին անօթեւան եւ վթարային շենքերում բնակվող գյումրեցիների մի հսկա բանակ է սպասում: Պաշտոնական տվյալներով, ներկայումս Գյումրիում 4150 անօթեւան կա: Ինչպես արդեն նշել էինք, աղետի գոտում կառավարության իրականացրած ծրագիրը, որով անօթեւաններին բնակարանի գնման վկայագիր է տրվում, իրեն չի արդարացնում, քանի որ հատկացված գումարով մարդիկ չեն կարողանում Գյումրիում բնակարան գնել: Բնակարաններն ավելի թանկ են, քան վկայագրի արժեքը: Գյումրեցիների ներկայացմամբ, այսօր Գյումրին ծերանոցի է վերածվել. բնակչության մեծ մասը արտագաղթել է: Վթարային շենքերի բնակիչների խոսքերով էլ, քաղաքում 88 վթարային շենք կա, որոնք տարեցտարի բնակվելու համար ավելի վտանգավոր են դառնում. «Կառավարությունը խոստացել էր 2007թ. բյուջեում վթարային շենքերն ամրացնելու համար գումար հատկացնել, սակայն պարզվում է՝ ոչ մի լումա հատկացված չէ»: