Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԻԱՆ» ՈՒ ԱՄԻՐՅԱՆ 3-Ը ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Դեկտեմբեր 06,2006 00:00

\"\"Հոկտեմբերի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Էդուարդ Ավետիսյան) կլսի Ամիրյան 3 շենքի բնակիչների հայցն՝ ընդդեմ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրի:

5-6 տարի է՝ «Մարիոթ Արմենիայի» եւ հարեւանությամբ գտնվող Ամիրյան 3 շենքի բնակիչների ջուրը մի առվով չի հոսում: Հյուրանոցային համալիրն ու Ամիրյան 3-ի բնակիչները բազմիցս միմյանց դատի են տվել ու իրար մեղադրում են տարբեր պատճառներով: «Արմենիան» պայքար է սկսել Ամիրյան 3 շենքի բակային տարածքը զավթելու նպատակով: Սկզբում մեր ավտոտնակներն էին ուզում հանել՝ յուրաքանչյուրի համար $10000 գումար առաջարկելով, որպեսզի տեղում կաթսայատուն կառուցեն: Մենք չհամաձայնվեցինք, բայց իրենք, այնուամենայնիվ, կառուցեցին կաթսայատունը՝ քաղաքաշինական, հակահրդեհային, սանիտարական, բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով»,- բողոքում են Ամիրյան 3-ի բնակիչները: Խոսքը իրենց շենքին հարակից «Արմենիայի» այն մասնաշենքի մասին է, որը 2,5 հարկի բարձրություն ունի: Վերջինիս վրա էլ կառուցված է ողջ համալիրի տաք ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգի տանիքային կաթսայատունը՝ իր ծխնելույզով, իսկ շենքի ստորին մասում գտնվում է հեղուկ վառելիքի պահեստային հորը: «Վառելիքի պահեստային հորը միաժամանակ գտնվում է հյուրանոցի բնակելի մասնաշենքին մոտ, որը, ըստ հակահրդեհային նորմերի, անթույլատրելի է, ինչպես անթույլատրելի է տանիքային կաթսայատներում, որպես ռեզերվային վառելանյութ, հեղուկ վառելիքի օգտագործումը»,- նշում են Ամիրյան 3-ի բնակիչները «Առավոտին» ուղարկած նամակում: Սակայն այս ամենից բացի, նրանց զայրացնում է «Մարիոթ Արմենիայի» 9 հարկանի մասնաշենքի գլխին կառուցված 10-րդ հարկը, որտեղ տեղադրված են աղմկոտ հզոր օդաորակիչներ՝ համալիրի ներքին տարածքները թարմ օդով սնելու համար: «Այդ տարածքների օգտագործված օդը, աղմուկի զուգակցմամբ, հզոր պոմպերի միջոցով հյուրանոցի օժանդակ մասնաշենքի նկուղի ճաղապատ օդանցքից մղվում է մեր շենքի բակ: Օրվա տարբեր ժամերին, ըստ մեր բակ մղվող օդի «հոտավետության», կարելի է կռահել, թե ինչ են կերել հյուրանոցի ներսում կամ երբ են զուգարան գնացել… Թափոն հանդիսացող օդի աղբյուրը փակելու եւ այն հյուրանոցի նկուղային հարկի տարածքով ու այլ ճանապարհով վեր բարձրացնելու մասին մեր բազմաթիվ բողոքները մնացել են անպատասխան: Հյուրանոցը մեր բակի հաշվին իր տարածքը զերծ է պահում վնասակար նյութերի ազդեցություններից, նույնիսկ ավտոմեքենաների մուտքն իրենց բակ սահմանափակված է: Համալիրի սպասարկման ոլորտի ամբողջ կապն իրականացվում է մեր բակային տարածքով, որտեղ օրուգիշեր աղմուկի ու աղտոտված օդի հագեցվածությանը գումարվում է նաեւ վառելիք պարունակող բեռնատարների աղմուկը»,- մեզ հետ զրույցում նեղսրտեցին Ամիրյան 3 շենքի բնակիչներ Վարդան Սիմոնյանն ու Հրանտ Ավետիսյանը: Ըստ վերջիններիս, «Մարիոթ Արմենիան» պահանջում է, որ իրենց ավտոտնակները հանվեն կամ տեղափոխվեն. «Այս տարվա նոյեմբերին դատարան են մտել այն հայցով, թե իբր մեր ավտոտնակները չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին: Պահանջում են, որ հանվեն, որպեսզի դրանց տեղում իրենք խլացուցիչը տեղադրեն: Մենք միանշանակ կողմ ենք խլացուցիչի տեղադրվելուն եւ ուրախ, որ 3 տարի անց վերջապես հասկացել են, թե աղմուկն ինչքան է խանգարում բնակիչներին: Բայց լավ կլինի, որ խլացուցիչը ոչ թե մեր, այլ իրենց տարածքում դնեն: Մանավանդ՝ սկզբում եղել են մեր ավտոտնակները (1962թ.), իսկ տարիներ հետո՝ 1967-ին, կառուցվել է «Արմենիա-2-ը»: Ամիրյան 3-ի բնակիչները ցույց տվեցին նաեւ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության եզրակացությունը՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի օդափոխիչ համակարգի շարժիչից առաջացած աղմուկի եւ օդի աղտոտվածության մակարդակի գործիքային չափումների մասին: «Չափումներից պարզվել է, որ բնակարանի բնակելի սենյակում աղմուկի մակարդակը նորմայից բարձր է եւ կազմում է ցերեկային ժամերին՝ 46 դեցիբել, նորման՝ 40, գիշերային ժամերին՝ 42, նորման՝ 30»,- նշված է մասնագիտական եզրակացության մեջ:

Կապվեցինք նաեւ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրի տեխնիկական գծով տնօրեն Անահիտ Խեչումյանի հետ: Նա հերքեց Ամիրյան 3 շենքի բնակիչների՝ «Մարիոթ Արմենիային» ուղղված բոլոր մեղադրանքները: «Նրանց պնդումները չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ դուրս արտամղվող օդը ֆիլտրվում ու մաքրվում է, թե չէ՝ առանց դրա ո՞վ կհամաձայնվեր հյուրանոցն ընդունել ու շահագործման հանձնել: Այդ պրոցեսին մենք մշտապես հետեւում ենք, ֆիլտրերը փոխվում են, ի վերջո՝ բրենդ-ստանդարտ ենք անցնում: Հյուրանոցի ու բնակիչների պատմությունը շատ հին է, արմատներն էլ խորն են, ու պատճառն ամենեւին օդը կամ աղմուկը չէ: Պարզապես չեմ ուզում փակագծերը բացել»,- իր հերթին բնակիչներին մեղադրեց տիկին Խեչումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել