Որի գլխին կրակել են
Երեկ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում (Արտաշատում) շարունակվեց Աբրահամ Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ ճանաչվել է անմեղսունակ: Նա երեկ էլ դատարան էր բերվել դատահոգեբուժական հիվանդանոցից: Մինչ այդ գտնվել է դատապարտյալների հիվանդանոցում:
Աբրահամ Ասատրյանին (Գեղցի Աբո) մեղադրում են այս տարվա մայիսի 15-ի միջադեպի կապակցությամբ. նա հրազենով «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» վիրավորել է իր հարեւաններին՝ Կարեն եւ Արմեն Ռաշոյաններին: Վերջինների մասին ասում են, թե նրանք վայելում են ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հովանավորությունը: Դատարանից դուրս ՊՆ ծանոթ աշխատակիցներ էլ տեսանք:
Ասատրյանի պաշտպանի՝ Տարիել Քիշմիրյանի կարծիքով, իրական տուժողը իր պաշտպանյալն է, որի գլխին, մարմնին, վիճաբանության ժամանակ, Ռաշոյանների կողմից արձակվել է 3-4 հրազենային կրակոց: Կան վնասվածքներ:
Երեկվա դատական նիստը նկարահանելուն դեմ արտահայտվեց միայն մեղադրողը՝ Կարինե Թադեւոսյանը: Ռաշոյանների ներկայացուցիչ-փաստաբանը՝ Կրոմվել Գրիգորյանը եւ Ասատրյանի պաշտպանը՝ Տարիել Քիշմիրյանը կողմ էին, որ մենք իրականացնենք դռնբաց նիստին բնորոշ մասնագիտական գործառույթներ:
Դատարան էին ներկայացել վկաներ Ալվարդ Նարինյանը, Անդո Պողոսյանը, նրա եղբայրը՝ Մարտիկը, Արշալույս Սիմոնյանը: Դատակոչված վկաները ականատես չեն եղել վեճին:
Մարմարաշեն գյուղի բնակչուհի Ա. Նարինյանի համար պարզ չէր, թե ինքն ինչո՞ւ է վկա ճանաչվել: «Ես չեմ շփվում Աբոյի հետ, բացատրի՝ իմանամ, ի՞նչ կարող եմ ասել»,- հարցնում էր վկան մեղադրողին: Ապա որպեսզի խուսափի վկայություն տալուց՝ շարունակեց. «Ես ինֆարկտով կին եմ, ի՞նչ կարող եմ ասել»: Դատախազը փորձեց նրանից գոնե իմանալ, թե մեղադրյալի վարքագիծն ինչպիսին էր, վկան պատասխանեց. «Բացատրի՝ հասկանամ, վարքագիծն ինչ ա»:
Մեկ այլ վկայի՝ Արշալույս Սիմոնյանի տունը կռվողների տներից 200-250 մետր հեռավորության վրա էր գտնվում եւ նա էլ «կրակոցների ժամանակ» փողոցում անգամ չի եղել: Մեկ այլ վկա՝ պատշար Անդո Պողոսյանը ասաց, որ ցուցմունքը քննիչն է գրել իր փոխարեն: Այս վկան սակայն պնդեց, որ Աբոյի ձեռքին ատրճանակ չի տեսել:
Վկա Մարտիկ Պողոսյանը զվարճացրեց նիստի մասնակիցներին: Նրա եւ մեղադրողի միջեւ այսպիսի երկխոսություն ծավալվեց.
– Ի՞նչ կասես դեպքի մասին:
– Ես իրավունք չունեմ տեսնել ու ասել:
– Կրակոցը ո՞ր կողմից էր:
– Սովետաշենից էլ որ կրակում են, լսվում է: Իմ համար կարեւոր չէ, թե որ կողմից է կրակոցը: Ես զենքից հեռու մարդ եմ:
– Կարենն ու Արմենն ո՞ւր էին:
– Ես գնում եմ շաղախ անելու, ինձ միայն հետաքրքրում է, թե ցեմենտն ուր է: Իմ հացի խնդրից բացի՝ ուրիշ ոչինչ պետք չէ:
Այստեղ չդիմացավ դատավոր Գագիկ Սարգսյանը՝ «Դու հաստատ ավելի վտանգավոր ես: Ոչ լսում ես, ոչ տեսնում»:
Փաստաբան Տ. Քիշմիրյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ էական հանգամանք չի բացում: «Նախաքննության մարմինը չկամություն է դրսեւորում ականատես վկաներին չներգրավելով: Երկու ոտքից կաղ գործը փաթաթել եք մեզ վրա»,- ավարտելով խոսքն ասաց նա: Դատարանը պատրաստակամություն ցույց տվեց աջակցել, եթե կողմը կարողանա լրացուցիչ վկաներ գտնել: