Ուղեւորները երթուղային են «որսում» տառապանքի գնով
Այս լուսանկարներն արված են Ավ. Իսահակյանի արձանի դիմացի կանգառում՝ «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ: Դրանք մոտավորապես պատկերացում են տալիս, թե Երեւանի օբյեկտների, կրթական հաստատությունների տեղաբաշխվածության եւ բնակչության տեղաշարժի մասին քաղաքային իշխանությունների հաշվարկները որքանով են ճշգրիտ: Ինչ քաղաքապետարանը երթուղայիններին արգելել է սահմանված կանգառներից դուրս կանգառելը, մայրաքաղաքի որոշ հատվածներում, այդ թվում՝ Իսահակյանի արձանին հարակից կանգառում, իսկական խառնաշփոթ է: Պատկերացրեք՝ քաղաքապետարանը մե՛կ Աբովյան պուրակի վերեւում է կանգառ սահմանել, մե՛կ էլ Իսահակյանի արձանի մոտ, մինչդեռ այդ հատվածում մի քանի խոշոր բուհեր, տասնյակ խանութներ, սպասարկման օբյեկտներ են գտնվում, եւ հատկապես «պիկ» ժամերին, երբ ուսանողները դասերից տուն են գնում, պատահում է՝ կանգառում 150-200 մարդ է լինում:
Կանգառում սպասողները ստիպված են լինում փողոցի կենտրոն դուրս գալ ու կտրել երթուղայինների առաջը, որ կանգնեցնեն ու նստեն: Նույն խառնաշփոթն է նաեւ երեկոյան վեցից հետո: Թեեւ այդ հատվածով տասնյակ երթուղայիններ են անցնում, բայց դրանց մեծ մասն արդեն բեռնված լինելով՝ հարկ չի էլ համարում կանգնել՝ նոր ուղեւորի համար, որովհետեւ հարմար չէ: Կանգառը ձգվում է 30 մետր, եւ ուղեւորները պետք է կարողանան «որսալ» վարորդի հայացքն ու ժեստերով հասկացնեն, որ ուշանում են եւ պատրաստ են մի կերպ ներս խցկվել:
Նկատենք, որ այստեղ նաեւ երթուղային գծերից մեկի՝ թիվ 69-ի վերջնականգառն է, եւ «Գազել»-ները կայանում են հենց կանգառում՝ էլ ավելի ծանրաբեռնելով երթեւեկությունը: Այդ կանգառում երթուղայինի սպասելը մեծ ռիսկ է մարդկանց կյանքի համար՝ ամեն րոպե կարող են մեքենայի տակ ընկնել. մի կողմից թիվ 69 երթուղայինների վարորդներն են ազդանշաններով խլացնում, թե «մի կողմ անցի», մյուս կողմից՝ միկրոավտոբուսներն են կանգառում հարմար տեղ փնտրում:
Նույն պատկերն է նաեւ Բժշկական համալսարանի կանգառում:
Քաղաքային իշխանությունները հասարակական տրանսպորտի վարորդներին արգելեցին կանգառից դուրս կայանելը՝ պատճառաբանելով, թե խցանումներ են առաջանում, երթուղայինների վարորդներն անկարգապահ են եւ այլն: Սակայն հիմա ավելի խայտառակ վիճակ է ստեղծվել: Քաղաքապետարանը կանգառներ է սահմանել խորհրդային տարիների կանգառների տեղում՝ հաշվի չառնելով, որ այս ընթացքում ոչ միայն երթեւեկությունն է մի քանի անգամ խտացել, այլեւ 100-ավոր նոր օբյեկտներ են կառուցվել, ուստի կանգառներ կան, որտեղ օրական ընդամենը մի քանի մարդ է կանգնում, կանգառներ էլ կան, որտեղ երթուղային նստելու համար ուղեւորները ժամերով հերթ են կանգնում: