«Առավոտը հրապարակել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի արձագանքը՝ իրենց սեփականությունից զրկված բնակիչների՝ մամուլին հայտնած տեղեկությանը, թե Կենտրոնի կառուցապատման գործընթացին մասնակից «Գլենդեյլ Հիլզ» ֆիրմայում շահեր ունի նախարարի եղբայրը, եւ նա էր բնակիչների հետ բանակցություններ վարում:
«Նաեւ Սահմանադրական դատարանում է հայտարարվել այս մասին, եւ ես ասել եմ, որ նման եղբայր ուղղակի չունեմ,- ասել էր պրն Հարությունյանը:- Խնդրել էի, որ որեւէ մեկը բացահայտի ինձ համար անհայտ այդ «եղբորս»: Գոնե անունն ասեն, գոնե լուսանկարը ցույց տան, որ իմանամ՝ այդպիսի եղբայր ունեմ: Ցավոք, առ այսօր մնացել է անարձագանք իմ խնդրանքը»:
Այս խնդրանքին արձագանքելով՝ «Հայք» օրաթերթը հրապարակեց տեղեկություն, թե նախարարի եղբայր Հայկ Հարությունյանը 2002 թվականից զբաղվում է Հյուսիսային պողոտայի աճուրդների կազմակերպմամբ եւ պայմանագրերի իրավական կողմն ապահովելով. «Ավելին՝ այս հարցում նրան եղբայրաբար աջակցում է Դավիթ Հարությունյանի մյուս եղբայրը՝ Նարեկ Հարությունյանը»: Ըստ թերթի՝ եղբայրները բազմիցս հայտնվել են Բուզանդի փողոցում եւ «ներկայանալով որպես իրացվող տարածքի սեփականատերեր՝ ցուցումներ են տվել այնտեղ աշխատող բանվորներին»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս հրապարակմանը՝ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Ոսկանյանն ասաց. «Դավիթ Հարությունյանը Նարեկ անունով եղբայր չունի: Գաղտնիք չէ, որ ունի Հայկ եւ Վահան անունով եղբայրներ՝ քաղաքում նրանց շատերն են ճանաչում: Գաղտնիք չի եղել նաեւ այն, որ Հայկ Հարությունյանը դեռ մի քանի տարի առաջ մասնակցել է քաղաքապետարանի կողմից նախապատրաստվող պայմանագրերի եւ աճուրդների իրավական ապահովմանը: Դա որեւէ մեկը երբեք չի թաքցրել: Մինչդեռ այն «եղբայրը», որը Սահմանադրական դատարանից սկսյալ հոլովվում է՝ գնահատումներ իրականացնող, մեզ համար մի անհայտ անձնավորություն է»: