Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմարշ

Դեկտեմբեր 06,2006 00:00

ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների՝ նախօրեին արտահայտած աննախադեպ մտահոգությունը, ըստ էության, չափազանց մտահոգիչ պետք է լինի հենց Հայաստանի համար:

Վերջիններիս ընդունած համատեղ հայտարարությունում «լուրջ մտահոգություն» է հայտնվում դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ եւ պնդվում, որ այն «խախտում է շարունակվող խաղաղ գործընթացը, անցկացվում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման նպատակով եւ մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը»:

Մինչեւ երեկ ՎՈՒԱՄ երկրներից երեքի՝ առնվազն պաշտոնական հարթություններում Հայաստանի բարեկամ համարվող Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ մեզ համար ոչ այնքան հաճելի գործողությունները (օրինակ՝ ՎՈՒԱՄ-ի հայտնի նախաձեռնությունը ՄԱԿ-ում) Երեւանի տեսանկյունից ինչ-որ կերպ արդարացվում էին: Նրանցից յուրաքանչյուրն իր տարածքում ունի սեփական «սառեցված հակամարտությունը», հետեւաբար, կարելի էր սփոփվել այն մտքով, թե օգտագործելով միջազգային լծակները՝ այդ երեք երկրները պարզապես իրենց «դարդն են լացում» եւ ոչինչ չունեն Ղարաբաղի դեմ: Բայց սա առաջին անգամ է, երբ նրանք միանգամայն հստակ եւ հասցեավորված հայտարարություն են հնչեցնում ոչ թե ուրիշ, այլ հենց ղարաբաղյան հակամարտության մասին, դրանով իսկ, փաստորեն, թշնամական ակտ կատարելով բարեկամ Հայաստանի նկատմամբ: Մեջբերենք այդ փաստաթղթից քաղված մեկ այլ հատված, որը փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը. «Հանրաքվեի անցկացումը Ադրբեջանի սահմանադրության, միջազգային նորմերի եւ սկզբունքների ոտնահարում է, հետեւաբար՝ չի կարող որեւէ իրավական նշանակություն ունենալ, իսկ դրա արդյունքները կհամարվեն անվավեր»: ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների կարծիքով, «ԼՂ բնակչության ինքնավարություն նախատեսող ցանկացած սահմանադրական փաստաթուղթ կարող է մշակվել իրավական, ժողովրդավարական եւ խաղաղ գործընթացի շրջանակներում՝ տարածաշրջանի ողջ բնակչության լիակատար, հավասար եւ անմիջական մասնակցությամբ»: Փաստաթղթի այս տրամաբանության մեջ կռահելի էր, իհարկե, որ այդ բնակչությունը պետք է բաղկացած լինի «ադրբեջանական եւ հայկական համայնքներից»: ՎՈՒԱՄ-ի արտգործնախարարների խորհուրդը նաեւ ԵԱՀԿ անդամ երկրներին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել «դատապարտել նման ապօրինի գործողությունները եւ սատարել շարունակվող ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ նրա՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ենթադրելի է, իհարկե, որ այս աննախադեպ դեմարշից հետո պաշտոնական Երեւանը կփորձի ինչ-որ բացատրություններ ստանալ Թբիլիսիից, Կիեւից եւ Քիշնեւից, թեեւ, դատելով մեր դիվանագիտության գոնե այս վերջին՝ ապշեցուցիչ «արդյունքից», հակառակն էլ չի բացառվում: Այսպես թե այնպես, տխուր իրողությունն այն է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները փչացնելու հեռանկարն այդ երկրներին այլեւս չի անհանգստացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել