Լրահոս
Օրվա լրահոսը

Կատվի ձագերը դարձան առյուծներ

Դեկտեմբեր 06,2006 00:00

Երբ Սերժ Սարգսյանը լքեց խորհրդարանի դահլիճը

Երեկ բավականին ցայտուն երեւաց որոշ պատգամավորների ընդգծված հատուկ վերաբերմունքը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ: Քանի դեռ պաշտպանության նախարարը խորհրդարանի դահլիճում էր, պատգամավորները խելոք աշակերտների պես նստել էին իրենց տեղերում եւ հատուկ հեղափոխական կոչերով հանդես չէին գալիս եւ չէին բղավում՝ «Սարգսյան, հեռացիր»: Ընդհակառակը, կարծես նույնիսկ ուրախ էին, որ պաշտպանության նախարարը իրենց կողքին է, եւ ոմանք նույնիսկ «խունջիկ-մունջիկ» էին գալիս: Այն քաղաքական գործիչները, ովքեր առանձին ելույթներում շարունակ խոսում են Սերժ Սարգսյան-Քոչարյան զույգի, «ղարաբաղյան կլանի» գործած մեղքերի եւ ավերածությունների մասին, բերանները ջուր էին արել, երբ խորհրդարանում էր պաշտպանության նախարարը։ Սակայն երբ ավարտվեց Իրաքում հայկական զորամիավորման ժամկետների երկարացման հարցի քննարկումը, նախարարը հեռացավ եւ սկսվեց հայտարարությունների ժամը, իրավիճակը շատ ավելի ծիծաղելի դարձավ, քանի որ հենց առաջին ելույթում «Ազգային միաբանության» անդամ Կորյուն Առաքելյանն ասաց. «Քոչարյան-Սարգսյան զույգը կործանում է հայրենիքը»: Իսկ թե ինչո՞ւ այդ մասին անձամբ պարոն Սարգսյանին չասվեց ամբիոնից, պարզապես անհասկանալի էր: Նույն խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը իր հերթին ասաց, որ «Քոչարյան-Սարգսյան զույգը» հայ մարդուն զրկեց բազմազավակ ընտանիք ունենալու իրավունքից, գյուղերը դատարկեց, իսկ Հայաստանի Հանրապետությունը վերածեց «հարկեր չմուծող բաց բաժնետիրական ընկերության»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը՝ մոռանալով նույն օրվա իր միանգամայն բարյացակամ տոնը, որով նա դիմում էր պաշտպանության նախարարին, արդեն բոլորովին այլ պաթոսով հայտարարեց. «Պարոններ Քոչարյան-Սարգսյան, պարտվել եք, պատվով հեռացեք, կօգնենք»: «Արդարություն» խմբակցության անդամ Ստեփան Զաքարյանը իր հերթին հայտարարեց, որ «Հայաստանի անվտանգությանը ամենից շատ սպառնում են իրենք»: Երեւի դարձյալ «զույգին» նկատի ուներ:

ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը կոնկրետ նշեց, որ, ասենք, տրանսպորտի եւ կապի նախարարի ամսական եկամուտը կազմում է 200 հազար դոլար, Վարդան Խաչատրյանինը՝ 40 հազար, Հովիկ Աբրահամյանինը՝ 30 հազար, Լեւոն Մկրտչյանինը՝ 10 հազար, իսկ Սերժ Սարգսյանի ունեցվածքը՝ 1 միլիարդ դոլար: Նաեւ հայտարարեց, որ կրթության նախարարը փոխանակ բացատրի, թե որտեղից են գոյանում իր տասնյակ հազարավոր դոլարները, ընկել է Եվրոպական ակադեմիայի ուսանողների ետեւից: Եվ քանի որ իր այս կարգի պնդումները ներկայացնելիս տիկին Բիշարյանը հղում էր անում՝ ասելով. «ըստ մամուլի», այս ելույթից հետո նիստը վարող Վահան Հովհաննիսյանը տեղից նկատեց. «Շատ լավ կլինի, որ մոտ ժամանակներս ձեր թերթերից մեկում կարդանք ձեր կուսակիցների ռոճիկների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել