Այն արձանագրվել է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների խնդրում
Խորհրդարանականները դեռ շարունակում են աշխատանքները «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները եւ լրացումները 2-րդ ընթերցմամբ քննարկման նախապատրաստելու համար: Քանի որ աշխատանքները դեռ ավարտված չեն՝ հնարավոր են փոփոխություններ, մինչեւ այս նախագիծը կքննարկվի արտահերթ նիստում: Սակայն պատգամավորների ընդունված կամ չընդունված առաջարկների ամփոփաթերթիկի մեր ուսումնասիրությունը տեղիք է տալիս կասկածի, որ որոշակի նահանջ կա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծի համեմատ, որի հեղինակներն են բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները, բացի իրենց ստորագրությունները հետ կանչած «Արդարություն»-ից եւ «Ազգային միաբանություն»-ից: Այս պնդումը հիմնավորենք օրինակներով:
2-րդ ընթերցման նախապատրաստվող նախագծից ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի առաջարկով հանվել է 1-ին ընթերցմամբ ընդունված հետեւյալ դրույթը. «ՀՀ ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում հաշվառված, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող ընտրողների ցուցակների, ազատ է ծանոթության համար»:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Հերմինե Նաղդալյանի առաջարկով հանվել է 1-ին ընթերցմամբ ընդունված այն դրույթը, թե վստահված անձն իրավունք ունի չմիջամտելով՝ ֆիզիկապես ներկա գտնվել եւ հետեւել հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամի աշխատանքներին:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի առաջարկով դուրս է մնալու այն դրույթը, թե հանձնաժողովի անդամը կարող է նրան նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից հետ կանչվել «ոչ ուշ, քան ընտրություններից 20 օր առաջ»: Հիշեցնենք սակայն, որ հետկանչման դրույթին դեմ էին նաեւ եվրոպական փորձագետները: Միջանկյալ նշենք, որ ընդունվել է այդ փորձագետների այն առաջարկը, որին երկար ժամանակ դիմադրում էին մեր քաղաքական ուժերը՝ փաստարկելով, թե այն ապօրինությունների առջեւ եւս մի դուռ է բացում: Խոսքը շրջիկ քվեատուփի մասին է: Իսկ այժմ ընդունված առաջարկի համաձայն՝ «Քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների (հաշմանդամների) համար քվեարկությունը կարող է կազմակերպվել վերջիններիս հաշվառման վայրում»։
«Ժողպատգամավոր» խմբի եւ ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանի առաջարկով հանվել է 1-ին ընթերցմամբ ընդունված հետեւյալ լրացումը. «Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է փոխվել քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ կնքելու թանաքի գույնը, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն»:
Ընդդիմության կողմից կարեւորվող մի լրացում էր տեղ գտել 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծում: «Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը ԿԸՀ կողմից սահմանած կարգով կարող է տեսանկարահանվել»: Իսկ այժմ սա փոխարինվել է Սուքիաս Ավետիսյանի առաջարկած շարադրանքով. «Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից կարող է անարգել տեսանկարահանվել»։ Թվում է՝ սա բարելավում է: Սակայն չի ընդունվել օրինագծի ներքո դեռեւս իր ստորագրությունից չհրաժարված ՕԵԿ-ի ներկայացուցիչների՝ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի առաջարկը. «Տեսանկարահանման ժապավենն ունի ապացուցողական ուժ եւ այն տրամադրվում է քվեարկության արդյունքները բողոքարկող կողմից»։ Մերժվել են նաեւ նրանց առաջարկած հետեւյալ լրացումները. «Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու եւ ցուցակները ճշտելու կարգի խախտման, ինչպես նաեւ ընտրողների ցուցակներում 2 եւ ավելի տոկոս անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով», կամ՝ «Զինծառայողներին, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԱԱ ծառայողներին շարային կազմով ընտրական տեղամաս ուղեկցող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»։
Մերժվել է նաեւ Գագիկ Ավետյանի եւ Վիկտոր Դալլաքյանի առաջարկը՝ «Ընտրական օրենսգրքում» ամրագրել ընտրաքարտ հասկացությունը. «Ընտրաքարտը տրվում է մեկ ընտրության համար, ծառայում է մեկ նպատակի (ընտրությունների) եւ իր մեջ, բացի իր ընտրական կոդից, այլ ինֆորմացիա չի պարունակում»։ Ըստ այս առաջարկի՝ ընտրությունները պիտի անցկացվեին համակարգիչների միջոցով, որոնք պիտի արձագանքեին միայն ընտրաքարտում եղած կոդին:
Սակավ օրինագծեր կան, որոնց վերաբերյալ իր պատգամավորական բազմամյա գործունեության ընթացքում գրավոր առաջարկներ է ներկայացրել Արշակ Սադոյանը: «Ընտրական օրենսգիրքը» դրանցից մեկն է: Սակայն չգնահատելով այս պատմական իրողությունը՝ աշխատանքային խումբը մերժել է Սադոյանի առաջարկները, որոնց մեծամասնությունը վերաբերում է քվեարկության էլեկտրոնային վերահսկողությանը: