Դեկտեմբերի 3-ին, Իջեւանի քաղաքային մշակույթի տանը, տեղի ունեցավ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության Տավուշի մարզային ակտիվի հերթական խորհրդաժողովը, որը, ներկաների բնորոշմամբ՝ «աննախադեպ էր իր կազմակերպվածության եւ բազմամարդության շնորհիվ»:
ԺԱԿ Տավուշի տարածքային 4 կառույցները ներկայացնող շուրջ 300 պատվիրակների մասնակցությամբ խորհրդաժողովում համակողմանիորեն քննարկվեցին կազմակերպչական-գաղափարախոսական բնույթի բազմաթիվ հարցեր, նաեւ հստակ գնահատականներ տրվեցին երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի, նախընտրական անառողջ բարոյա-հոգեբանական մթնոլորտի եւ 2007թ. ԱԺ ընտրություններին տավուշցիների հնարավորինս ակտիվ մասնակցության վերաբերյալ:
Կուսակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը նախ խիստ կարեւորեց սույն հերթական խորհրդաժողովի նշանակությունը, միաժամանակ ընդգծելով, որ Տավուշի մարզը ԺԱԿ վարչության եւ անձամբ իր համար ունի առանձնահատուկ նշանակություն թե իր սահմանամերձ դիրքի, թե նաեւ դրանից բխող խիստ յուրօրինակ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական հիմնախնդիրների առկայության պատճառով. «Բավական է նշել, որ 370 կմ երկարությամբ արտաքին սահմանի 330 կմ-ն բաժին է ընկնում հայ-ադրբեջանական շփման թեժ գծին, իսկ 62 համայնքից 45-ը գոյատեւում է այդ մշտապես թեժ սահմանագծի անմիջական հարեւանությամբ»:
Գալով Հայաստանի ներքաղաքական իրողություններին՝ Ս. Մելիքյանը մասնավորապես ասաց. «ԺԱԿ-ը Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացի, նաեւ սեփական գաղափարախոսության իրականացման տեսանկյունից խիստ կարեւորում է փոքր ու միջին բիզնեսի համակողմանի զարգացումը հատկապես ծայրամասային եւ սահմանամերձ տարածաշրջաններում, ինչպիսին է նաեւ Տավուշի մարզը:
Մեր ծրագրերի ողջ տրամաբանությունը կառուցվել եւ կառուցվելու է ԺԱԿ-ի որդեգրած կարգախոսի հիման վրա՝ «Արժանի տեղ փոքր ու միջին բիզնեսին»: ԺԱԿ-ը, իր համար, իրավամբ ընտրել է քաղաքական պայքարի չափազանց բարդ, բայց միաժամանակ խիստ շնորհակալ եւ ժողովրդանպաստ ճանապարհ. հանդես է գալիս 3-րդ ուժի դիրքերից՝ հրաժարվելով ազնիվ սկզբունքներից զուրկ քաղաքական ուժերի գրավիչ եւ շահեկան բոլոր առաջարկներից: Ցավոք, վերջին շրջանում 3-րդ ուժի պոտենցիալի, նրա բախտորոշ առաքելության ու նշանակության մասին են սկսել խոսել նաեւ այնպիսի վարկաբեկված եւ ինքնասպառված ուժեր եւ գործիչներ, որոնց անունն անգամ շարքային քաղաքացու մոտ լավագույն դեպքում առաջացնում է տխուր հիշողություններ եւ տրամադրության կտրուկ անկում: Սակայն ԺԱԿ-ը որպես հայկական 3-րդ ուժի հիմնադիր եւ առաջնեկ, դարձյալ մնում է այն հաստատ համոզմանը, որ այդ պատասխանատու ասպարեզում հանդես գալու համար ցանկացած ուժ կամ կուսակցություն առաջին հերթին պետք է ունենա մաքուր կենսագրություն, քաղաքական առեւտրում չաղտոտված ձեռքեր եւ կայուն սկզբունքներ»:
Տավուշի մարզի տարածքային կառույցների կատարած եւ կատարելիք աշխատանքների վերաբերյալ իրենց գնահատականները շարադրեցին ԺԱԿ փոխնախագահներ Բաբկեն Մարգարյանը եւ Սեյրան Աֆյանը, ինչպես նաեւ Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածքային կառույցների պատասխանատուներ Սասուն Օրդինյանը, Արթուր Մելքոնյանը եւ Անդրանիկ Հովակիմյանը: Համապատասխան զեկույցով հանդես եկավ նաեւ ԺԱԿ Իջեւանի ԵԿ ղեկավար Հրանտ Հարությունյանը:
Մասնավորապես, ԺԱԿ Իջեւանի տարածքային կառույցի ղեկավար Սասուն Օրդինյանը իր ելույթում հատուկ անդրադարձավ կառույցի ծավալած կազմակերպչական եւ գաղափարական-բացատրական աշխատանքների ներկա ընթացքին. «Իջեւանի տարածաշրջանում ԺԱԿ-ն ունի ավելի քան 1500 անդամ: Մենք դա համարում ենք բավական լուրջ ձեռքբերում, քանզի համատարած անտարբերության եւ ընտրական հայտնի գայթակղությունների պայմաններում 1500-ից ավելի գաղափարական եւ կայուն հետեւորդ ունենալը, ըստ իս, տպավորիչ ցուցանիշ կարող է լինել ցանկացած երիտասարդ քաղաքական ուժի համար: Բացի այդ, հուսադրող է նաեւ այն հանգամանքը, որ նշված 1500-ի մոտ կեսը ԺԱԿ-ին անդամակցել է ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից հետո: Ակնհայտ է մեկ բան. Տավուշի բնակիչների շրջանում այլեւս ջերմ ընդունելության է արժանանում ԺԱԿ-ի գաղափարախոսությունը: Մարդիկ իսկապես ընկալում են, որ թե մեր երկրի, թե մեր զավակների ապագան ամուր կերտելու համար Հայաստանին նախեւառաջ անհրաժեշտ են իսկական ժողովրդավարություն եւ արժանավայել աշխատանքի պայմաններ: Դրանց պակասն այսօր սրությամբ են զգում հատկապես սահմանապահ տավուշցիները, որոնց զգալի մասն իր տունն ու տեղը, իր հողը թողած բախտ է փնտրում օտար ափերում՝ շենացնելով այլ ազգերին եւ երկրներին»:
Ամփոփելով խորհրդաժողովի աշխատանքները՝ ԺԱԿ նախագահ Ս. Մելիքյանը իր եզրափակիչ խոսքում ասաց. «2007թ. խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել եւ հենց այսօրվանից մենք միասնաբար պետք է հարթենք մեր բոլորիս հաղթական ուղին: Իսկ հաղթում է նա, ով հավատում է իր հաղթանակին: Ես ձեզանից նախեւառաջ ակնկալում եմ միասնական, նվիրված աշխատանք եւ մոտալուտ հաղթանակի անվերապահ հավատք»:
Խորհրդաժողովը եզրափակվեց ԺԱԿ Իջեւանի տարածքային ԵԿ անդամների ջանքերով կազմակերպված համերգային ծրագրով: