Երեւանում վերջերս կինոփառատոնի կազմակերպիչներն ափսոսում են, որ հայկական մանկական ֆիլմեր գրեթե չունենք:
Հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնի կազմկոմիտեն որոշել է փառատոնին մասնակից դարձնել նաեւ այն երեխաներին, որոնք կինոթատրոն գնալու հնարավորություն չունեն: Այս առիթով կազմակերպվել է «Կինոյի վարպետները՝ երեխաներին» խորագրով ակցիա, որի ընթացքում փառատոնի ներկայացուցիչները այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխաներին: Անիմացիոն ֆիլմերի հայտնի ռուս վարպետ Գարի Բարդինը հիվանդանոցում փոքրիկներին ներկայացրել է, թե ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը: «Ես եւ հիմնադրամի մյուս աշխատակիցները փառատոնի ավարտից հետո գրեթե մեկ շաբաթ վերլուծում էինք կատարվածը եւ ի վերջո որոշեցինք սկսել փառատոնի 2-րդ փուլը: Այն է՝ փառատոնը տեղափոխել մարզեր: Քանի որ փառատոնի ֆիլմերը չեն կարող ցուցադրվել հեռուստատեսությամբ, մենք որոշեցինք դրանք ցուցադրել մարզային փոքր դահլիճներում»,- հայտնեց Ն. Մանուկյանը:
Առաջին մարզը, որտեղ ներկայացվեցին փառատոնի ֆիլմերը՝ Գեղարքունիքն էր: Հիմնադրամի աշխատակիցները, ինչպես նաեւ փառատոնի ոչ պրոֆեսիոնալ, մանկական ժյուրիի անդամներ Լիլի Մարտիրոսյանն ու Ռաֆայել Փարսադանյանը օրերս այցելեցին Գավառի մանկատան սաներին եւ նրանց հետ միասին դիտեցին փառատոնի մրցանակային տեղեր գրաված ֆիլմերը: Փոքրիկները ներկայացրին փառատոնի ողջ ընթացքը, քանի որ մանկական ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնին, որպես ժյուրիի անդամներ, կմասնակցեն նաեւ Գավառի մանկատան երեխաները: Ֆիլմերի հետ մեկտեղ, «Դարոինկ» ֆիրմայի աջակցությամբ հիմնադրամի աշխատակիցները նաեւ քաղցրավենիք էին տարել մանկատուն: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նիկոյանն ասաց, որ իրենց մոտ ապրում են 3-18 տարեկան 90-ից ավելի երեխա ՀՀ բոլոր շրջաններից: Ն. Մանուկյանը նշեց, որ առաջիկայում ֆիլմերը կներկայացվեն նաեւ Շիրակի կարիքավոր ընտանիքների, մանկատան եւ հաշմանդամ երեխաների ուշադրությանը, այնուհետեւ՝ արցախցի փոքրիկներին:
«Ռոլան Բիկով» հիմնադրամի փոխնախագահ Գայանե Զալինյանը նկատեց. «Մեր երեխաները նորմալ ֆիլմեր դիտելու սով ունեն: Շատ լավ կլիներ, որ գոնե մի կինոթատրոն տրամադրվեր երեխաներին, իհարկե, չեմ հերքում, որ երեւանյան գործող կինոթատրոնները մանկական ֆիլմեր ցուցադրում են, բայց դրանք հիմնականում առավոտյան ժամերին են լինում, երբ երեխաները դպրոցում կամ մանկապարտեզում են»: Նա ավելացրեց, որ մեր հեռուստաալիքներն էլ երբեմն մոռանում են երեխաներին:
Ի դեպ, Երեւանում կազմակերպված այս փառատոնին մրցութային կարգով ոչ մի հայկական ֆիլմ չի ցուցադրվել: Նունե Մանուկյանի օգնական Նելլի Ալելովան նշեց, որ հայկական մանկական ֆիլմեր գրեթե չկան, կա միայն մի քանի ֆիլմ՝ պարզապես երեխաների մասնակցությամբ. «Մեր փառատոնին կարող էին մասնակցել միայն 2005-2006 թթ. ֆիլմերը, իսկ այդ ընթացքում հայկական մանկական ֆիլմեր չեն նկարահանվել: Օրինակ, «Գիքորը» ներկայացվում է իբրեւ մանկական ֆիլմ: Իրականում այն մեծերի համար է, ընդամենը Գիքորի դերակատարն է երեխա»: