ԵՊՀ-ն մասնագետների կարիք ունի
Հանգստյան օրերին Երեւանի պետական համալսարանը կազմակերպել էր սեմինար-քննարկում՝ «ԵՊՀ-ն զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով: Համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորները երկօրյա հանդիպումների ընթացքում ներկայացրին բուհի ներկայիս վիճակը, խնդիրները՝ ԵՊՀ Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարի վերակառուցումից սկսած՝ մինչեւ Բոլոնիայի հռչակագրի պահանջները: Կազմակերպվեցին նաեւ դերային խաղեր, որի ընթացքում հրավիրված լրագրողները հանդես եկան որպես ԵՊՀ-ն ներկայացնող քարոզչական նյութեր պատրաստողներ, ոմանք՝ կաշառակեր դասախոսների, ոմանք էլ՝ կաշառքով գնահատական վաստակող ուսանողների դերում: Իհարկե, կային նաեւ կաշառք չվերցնող եւ կաշառք չառաջարկող կերպարներ: Ներկա համալսարանականներից տեղեկացանք, որ համալսարանում կաշառակերությունը համատարած բնույթ չի կրում: Ճիշտ է, կաշառակերության դեպքեր կան, բայց ոչ ոք դասախոսին առձեռն գումար չի տալիս, դա հիմնականում կազմակերպվում է դասախոսի այս կամ այն ծանոթի միջոցով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ կաշառակերության փաստը չհերքեց եւ ասաց, որ այն նվազագույնի հասցնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ ռեկտորը նշեց, որ խորհրդային եւ հետխորհրդային կրթական համակարգը դժվար է փոխարինվում Բոլոնյան հռչակագրի սկզբունքներով. «Մենք խորամանկեցինք եւ այդ գործընթացին միանալը մի փոքր ուշացրինք: Բարեփոխումների ծրագրերին միացանք Ճարտարագիտական համալսարանից հետո եւ ուսումնասիրեցինք, թե ինչպես են որոշ հարցերի լուծումներ գտնում նրանք: Մենք շատ բաներ նրանց սխալների վրա սովորեցինք»: Ռեկտորը նշեց, որ այսօրվա դասավանդման մեթոդները հնացած են եւ չեն համապատասխանում նոր կրթական համակարգի սկզբունքներին: Օրինակ, մեր դասավանդման ավանդական ձեւերում դասերի 70 տոկոսը դասախոսություններ են, այնինչ դրսում գերիշխում են գործնական աշխատանքները, քննարկումները. «Հրեշավոր ծանրաբեռնվածությամբ են աշխատում դասախոսները, առաջ յուրաքանչյուրը շաբաթական 40 ժամ ուներ, եւ պարզ է, որ նրան ժամանակ չէր մնում իր առարկայի գծով տարբեր նորությունների ծանոթանալ, գրադարանում աշխատել եւ այլն: Իսկ հիմա բակալավրիատում դասախոսը 36 ժամ ունի առաջին կուրսերում, իսկ բարձր կուրսերում՝ 32 ժամ»: Ա. Սիմոնյանը ավելացրեց նաեւ, որ ԵՊՀ շատ դասախոսներ արդեն բավականին ծեր են եւ դժվարությամբ են հարմարվում կրթական նորույթներին, հատկապես, եթե չեն տիրապետում որեւէ օտար լեզվի, համակարգչի:
Ռեկտորը դժգոհեց նաեւ համալսարանի գրադարանի ներկայիս վիճակից. «Մենք շուրջ 700 հազար միավոր գրականություն ունենք, սակայն դրանց 70 տոկոսը կամ հնացած է, կամ՝ օտարալեզու, մասնավորապես՝ ռուսերեն: Մեր երեխեքն էլ, Աստված տվել՝ չի խնայել, ռուսերեն չգիտեն, չեն կարդում»: Ըստ Ա. Սիմոնյանի, վերազինել է պետք նաեւ համալսարանի ուսումնական լաբորատորիաները. «Բազմաթիվ սարքեր են պետք, որոնք 100-հազարավոր դոլարներ արժեն, այնինչ՝ ԽՍՀՄ տարիներին դրանք կարելի էր կոպեկներով ձեռք բերել: Օգտագործում ենք 60-ականների սարքավորումները, որոնք անընդհատ ձեւափոխում, վերանորոգում ենք»: Ա. Սիմոնյանը բողոքեց նաեւ մասնագետների պակասից: Ըստ նրա, Հայաստանում ընդամենը 4 միջազգային իրավունքի մասնագետ ունենք, եւ շուտով ողբերգական վիճակ կարող է ստեղծվել նաեւ հայոց լեզվի հարցում. «այս առարկայի գծով մասնագետ գտնելն ահավոր դժվարացել է»: