Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՉԴԱՌՆԱ

Դեկտեմբեր 05,2006 00:00

\"\"Այդ դեպքում, ըստ ՀՀ նախագահի խորհրդականի, ողբերգություն չի լինի

Երեկ լրագրողները փորձել են «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանից իմանալ նրա վերաբերմունքը «Հակակրիմինալ» շարժման բացահայտումների վերաբերյալ: Ըստ lragir.am-ի, պարոն Իսագուլյանը նախ ասել է, թե ծանոթ չէ շարժման հրապարակումներին ու հայտարարություններին, բայց հետո իրեն անհայտ հրապարակումները գնահատելով՝ վստահեցրել է, թե այն բացահայտումները, որոնք անում է այդ շարժումը, բոլորը զրպարտություն են, ինչպես որ զրպարտություն է Սահմանադրության հանրաքվեն կեղծելու մասին հայտարարությունը: Իսագուլյանը նաեւ խոստովանել է, թե չգիտի՝ ովքեր են «հակակրիմինալները», բայց իմանալուց հետո, որ նրանցից մեկը «ՆԺ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է, հայտարարել է. «Դեռ հարց է, թե ով է կրիմինալ՝ նրանք, ում մասին նշում է Արամ Կարապետյանը, թե հենց ինքը»:

Իհարկե, Գ. Իսագուլյանի ասուլիսը «հակակրիմինալին» առնչվող թեմայով չի սահմանափակվել: Նա անդրադարձել է նաեւ ամիսներ առաջ իր իսկ արած հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո էլ շարունակելու է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Հաստատելով իր այդ պնդումը՝ Գ. Իսագուլյանը, ըստ lragir.am-ի, չի մասնավորեցրել, թե հատկապես ի՞նչ կարգավիճակով է Քոչարյանը տարածելու իր ազդեցությունը: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե՝ ի վերջո, ո՞ւմ հետ է լինելու Իսագուլյանն իր գլխավորած «Ազգային անվտանգություն» կուսակցությամբ, ՀՀԿ-ի՞, թե՞ «Բարգավաճ Հայաստանի», պատասխանել է. «Ես կարծում եմ՝ մենք վաղուց կողմնորոշվել ենք, թե ում հետ ենք լինելու: Ժամանակը կգա՝ կիմանաք»:

ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի պաշտոնում նախընտրելի թեկնածու է համարում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Իսկ թե ի՞նչ կլինի, եթե Ս. Սարգսյանը հանկարծ Հայաստանի նախագահ չլինի, պարոն Իսագուլյանն ասել է. «Ուրեմն, միշտ մենք փորձում ենք, հա, ինչ-որ բան ստեղծել: Այո, իմ տեսակետը ես հայտնել եմ եւ մնում եմ իմ տեսակետին: Եկեք ժամանակից առաջ չընկնենք եւ ենթադրություններ չանենք՝ ինչ կլինի, եթե այսպես լինի, այ, իսկ եթե այսպես լինի: Եկեք սպասենք, ժամանակը կգա, կլինի, եւ ըստ այդմ, համապատասխան, ուրեմն կարծում եմ, գործընթացներ կծավալվեն: Խնդիր չկա, եւ այստեղ ես ողբերգություն չեմ տեսնում, որ Դուք խոսում եք՝ եթե չլինի: Սպասենք՝ տեսնենք, դեռ կգան նախագահական ընտրությունները, կանցնեն եւ դրանից հետո նոր այդ հարցին կանդրադառնանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել