Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրիկները մեկի հաշվին մյուսին հոսանք են տալիս

Դեկտեմբեր 05,2006 00:00

Էլեկտրիկ-բնակիչ համագործակցությունը որոշ մարդկանց «ջանից» է դուրս գալիս

Տարիներ շարունակ Մասիս քաղաքի Նոր թաղի 22/1 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Կարինե Հովհաննիսյանի էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքը կեղծվել է: Սակայն կինը ոչ մի ապացույց չի ունեցել իրենց թաղի էլեկտրիկի մեքենայություններն ապացուցելու համար: Կ. Հովհաննիսյանն ամեն ամիս նկատել է, որ սպառած հոսանքն ու նշված գումարն «իրար չեն բռնում» եւ ամսական մոտ 100 կիլովատ իր վրա ավելի են գրում:

«Ես երեք չափահաս երեխա ունեմ, երեքն էլ ուսանող են, ինձանից կտրում՝ նրանց ուսման վարձն եմ տալիս: Ամռան շոգին, այն էլ Մասիսում, երբ հոսանքը միայն երեկոյան էինք օգտագործում՝ սենյակները լուսավորելու համար, 8-9 հազար դրամ լույսի փող էի վճարում, դա այն դեպքում, երբ ջուրն արեւով էի տաքացնում եւ ճաշ էլ չէի եփում, ուտում էինք միայն միրգ ու բանջարեղեն: Միշտ էլ իմացել եմ հնարավորությանս չափը, ինձ շռայլություններ թույլ չեմ տվել, հոսանքն էլ օգտագործում էի այնքան, որ կարողանայի տակից դուրս գալ, բայց օր օրի համոզվում էի, որ ինձ թալանում են»,- պատմեց Կ. Հովհաննիսյանը:

Նրա ներկայացմամբ, մի քանի տարի առաջ, երբ հաշվիչները համատարած անվճար փոխեցին, իրենց բնակարանինը նույնն էր մնացել. «Մեր հաշվիչն այնքան հին էր ու անպետք, որ հաշվիչի թվերն անգամ չէին երեւում, որ ցուցմունք գրեին, բայց, չգիտես ինչպես, մեր էլեկտրիկը միշտ մի զրո էլ ավել էր գրում: Ինձ ասում էր՝ 2000 դրամ տուր, որ փոխենք: Հաշվիչի վրա նույնիսկ կնիք չկար, ինչի բացակայությունը թույլ էր տալիս՝ ինչ ուզեն անեն հաշվիչի ցուցմունքի հետ: Մեր հաշվիչը միայն 2006 թվականի նոյեմբերին է փոխվել»: Կնոջ ներկայացմամբ, առհասարակ իրենց մուտքում էլեկտրիկները «անարխիա» են հաստատել՝ արկղերը բաց են թողնում, որոշ բնակարաններ նույնիսկ հաշվիչներ չունեն եւ մեր նմանների հաշվին են հոսանք օգտագործում. «Մեր թիվ 2-րդ բնակարանը հաշվիչ չունի, հարցնում եմ հսկիչներին՝ ու՞ր է հաշվիչը, ասում են՝ իրենց տանն է»:

Կ. Հովհաննիսյանը դիմել է թե Մասիսի դատախազություն, թե Մասիսի էլեկտրացանցի իրենց սպասարկող տեղամաս՝ էլեկտրիկների չարաշահումները ջրի երես հանելու եւ իրենից ավելի գանձած գումարները հետ ստանալու համար, սակայն՝ անօգուտ: Ոչ մի պատկան մարմին այս հարցով չի զբաղվել: Այս առնչությամբ «Հայէլցանցեր» ընկերությունից մեր հարցին ի պատասխան, Կ. Հովհաննիսյանին խորհուրդ տվեցին գրավոր դիմել ընկերությանը՝ գործին ընթացք տալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել