Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերնախավի վերաբերմունքը արհամարհական է, որովհետեւ ՀՀ վերնախավն այնտեղ ունի «քցողի» համբավ՝ երեկ «Ուրբաթ» ակումբում ասել է իրեն Ռուսաստանի վերնախավի տրամադրությունների լավատեղյակ համարող Արամ Կարապետյանը: Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա հերթական անգամ ասել է, որ մեր փրկությունը Ռուսաստանի հետ լինելն է:
Արամ Կարապետյանը նաեւ մի քանի դեպք է պատմել հայ բարձրաստիճան զինվորականների մոսկովյան ներկայիս արկածների մասին: Չտալով գեներալների անունները՝ ասել է, որ նրանցից մեկը ռուս պաշտոնյաների առաջ թաշկինակը դեմքին արտասվել է ու ասել, թե պատրաստ է լինել նրանց ոտքի մոտ կապած շունը: Մինչդեռ մի քանի օր հետո այդ գեներալը հայտարարել է, թե մեր առաջնահերթությունը ՆԱՏՕ-ն է: Մյուս գեներալը, ըստ Արամ Կարապետյանի՝ Մոսկվայում վերնախավի մոտ կենաց է խմել հայոց 5000-ամյա պատմության մասին, իսկ հետո ռուսներին հարցրել, թե արդյոք հնարավո՞ր չէ, որ ինքը լինի «Կրիստալ» խաղատան փայատեր: Արամ Կարապետյանն ասել է, որ ռուսները զարմացել են, թե ո՞րն է իրական գեներալը՝ ազգի կենաց խմո՞ղը, թե՞ կազինո ուզողը:
Բայց այդպիսի հայերն ու Հայաստանը ռուսների համար ձեռնտու է, քանի որ այն ամբողջապես ենթակա է նրանց կամքին: Չէ՞ որ ինչ ուզում, այն էլ ստանում են Հայաստանում: Հետեւաբար ՌԴ իշխանությունն ամեն ինչ կանի, որ Հայաստանում իշխանության մնան հենց այդ տեսակի հայերը: Արամ Կարապետյանը չի համաձայնել այս հարցադրումներին: Նա կարծում է, թե Ռուսաստանին պետք է, որ Հայաստանում լինի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունեցող իշխանություն, մինչդեռ ներկայիս իշխանությունը այդ դեպքերում ուղղակի փախչում է հարցերից:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում քսենոֆոբիային եւ դրա հայ զոհերին, ապա Արամ Կարապետյանը կարծում է, որ դրա ուղղորդողը քրեական աշխարհն է, նպատակը՝ Ռուսաստանը քանդելը, եւ եթե Ռուսաստանի իշխանությունը դա չհասկանա, ապա մեղքն իր վիզը, քանի որ այդպիսով կքանդի երկիրը:
Հ. Գ. Արամ Կարապետյանը նաեւ հայտարարել է, թե Գառնիկ Իսագուլյանը «մինիմում ստախոս է», ինչպես նաեւ ՊԱԿ գործակալ՝ Զուլում մականունով: Արամ Կարապետյանը հարցրել է նաեւ, թե ինչպե՞ս Իսագուլյանը դարձավ պետական մտածողության գործիչ, երբ հանրահավաքի ընթացքում կոչ էր անում կախել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա շրջապատին: