Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքը» հրավիրում է հանրահավաքների

Դեկտեմբեր 05,2006 00:00

2007 թ. փետրվարի 20-ից սկսած՝ հասարակական-քաղաքական այս նախաձեռնությունը պերմանենտ հանրահավաքներ է հրավիրելու:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ հայտարարել է գալիք տարվա փետրվարի 20-ից հանրահավաքներ սկսելու իր որոշման մասին: Նախաձեռնության այս որոշման շարժառիթները մատնանշված են նրա՝ երեկ հրապարակած հայտարարության մեջ. Հայաստանում «բռնատիրության եւ անօրինականության հաստատման եւ խորացման հետեւանքով երկրի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիր է դարձել քաղաքացու անազատությունն ու անպաշտպանվածությունը եւ դրանցից բխող՝ ապագայի անորոշությունը»: Հենց այդ անորոշության վերացումը, նաեւ «երկրի քաղաքացու համար արժանապատիվ կյանքի հնարավորության ստեղծումը» համարելով իր գործունեության նպատակը՝ «Այլընտրանքը» երեկ հայտարարեց, որ այդ նպատակի իրագործման համար ընդունելի է համարում քաղաքական պայքարի բոլոր ձեւերը: Նախաձեռնությունը, որն իշխանափոխություն իրականացնելու համար պարտադիր պայման է համարում գործող իշխանություններին իրական ու գաղափարական այլընտրանքի ներկայացումը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է, թե «ներկա վարչախմբի ձեռնարկած ընտրական նախապատրաստություններն ապացուցում են, որ առաջիկա ընտրությունները, ի հեճուկս առողջ բանականության եւ Հայաստանի պետական շահերի, չեն դառնալու քաղաքական ծրագրերի մրցակցության եւ երկրի զարգացման մոդելի ընտրության ասպարեզ, այլ վերածվելու են իշխանության կանխորոշված վերարտադրության»:

Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու քաղաքագետ Աղասի Ենոքյանը, վկայակոչելով «Այլընտրանքի» ներկայացուցիչների հանդիպումները մարզերում, երեկ վստահեցրին, որ Հայաստանում հասարակական ընդվզումների լուրջ ռեսուրս կա: Ն. Փաշինյանը հավաստիացրեց, որ մարդիկ կգան իրենց նախաձեռնած հանրահավաքներին, ու եթե իրենք ռեսուրս չտեսնեին, նման նախաձեռնություն չէին դրսեւորի: Մյուս կողմից, Ն. Փաշինյանի դիտարկմամբ, «կարելի է հրապարակում ունենալ 200 հազար հոգի, եւ ամեն ինչ անել, որ այդ 200 հազարը դառնա զրո, եւ կարելի է այնպես անել, որ հրապարակում լինի 10 հոգի, եւ ամեն ինչ կարողանալ անել, որ դա դառնա 200 հազար»: «Մենք մեր խնդիրը տեսնում ենք երկրորդի մեջ եւ համոզված ենք, որ այդ խնդիրը կլուծենք»,- հայտարարել է Ն. Փաշինյանը:

Այսօր ընդդիմության ու մասնավորապես «Այլընտրանքի» գործունեության արդյունավետության տեսանկյունից առկա հիմնական խոչընդոտը նախաձեռնության անդամները համարեցին հասարակության անիրազեկությունը երկրում տեղի ունեցող խմորումների վերաբերյալ: Օրինակ, Պ. Մակեյանի փոխանցմամբ, հասարակությունն իրենց ու ընդդիմադիր մյուս միավորումների գործունեության մասին չգիտի, որովհետեւ հեռուստաընկերությունների եթերը իրենց համար կողպված է, նրանց միջոցառումները, հայտարարությունները չեն մատուցվում հանրությանն ու չեն լուսաբանվում: Ն. Փաշինյանի ասելով էլ, եթե իշխանությունը համարում է, որ ընդդիմությունն ու մասնավորապես «Այլընտրանքը» մերժելի են հասարակության կողմից, ապա. «Շատ լավ. մերժված ենք: Ներկայացրեք, որ էս մերժված մարդիկ եկել են ու հանդես են գալիս անընդունելի գաղափարներով: Խնդիրն այն չէ, որ հանրությունն այս գաղափարները չի ընդունում, այլ այն, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հանրությունն այս գաղափարներին հնարավորինս անծանոթ մնա»:

«Այլընտրանքի» նախաձեռնողներից մեկի՝ Պ. Մակեյանի կարծիքով, այսօր երկրում կա իրավիճակի զարգացման երեք ճանապարհ, որոնցից մեկն է իրենց համար ընդունելի: «Առաջին, 2007-ին կրկնվում է 2005-ի հանրաքվեի տարբերակը. երկիրը խեղդվում է ճահճի մեջ՝ առանց ապագայի: Երկրորդ, հասարակությունը պատրաստ է ու ընդվզում է: Եթե մենք կամ քաղաքական ուժերն են վատ ուղղորդում, կամ իշխանությունը դրսեւորում է իրեն՝ ինչպես 2004-ի ապրիլին, ապա հետեւանքը լինելու է այն, որ երկիրը մնալու է անապագա: Երրորդ ճանապարհն այն է, ինչ մենք տեսնում ենք եւ դրված է մեր գործունեության ու հայտարարության հիմքում»: Այն է՝ «հրապարակային գործունեություն, հանրահավաքային շարժում, երբ հասարակության ռեսուրսը ուղղորդված կլինի ու կբերի այն հանգրվանին, որը մեզ ապագա կխոստանա»:

«Այլընտրանքի» նախաձեռնողների համոզմամբ, «եթե այս պրոցեսը սկսվի, ոչ ոք ի վիճակի չի լինի դա կասեցնել»: Իշխանափոխության գործընթաց սկսելու համար ոմանք պարտադիր պայման են համարում առաջնորդի առկայությունը: Նախաձեռնության անդամներն այդ հարցը ետին պլան մղելով՝ հիշեցրին 1988-ի համազգային շարժումը, որն ի սկզբանե սկսել էր մարդկանց մի խումբ, իսկ ավարտին հասցրեցին այլ մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել