Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ ԽՆԴԻՐԸ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Դեկտեմբեր 05,2006 00:00

Դեկտեմբերի 7-ին ՍԻՄ գործող ղեկավարության դեմ Կարեն Վարդանյանի եւ մյուսների հայցով դատավարությունից առաջ՝ ներկուսակցական վիճաբանությունն ընթանում է համացանցում:

Թեեւ մի քանի ամիս է, ինչ ընթանում է «Սահմանադրական իրավունք» միության նախկին ու ներկա ղեկավարների միջեւ հրապարակային բանավեճը՝ այդպես էլ պարզ չի դառնում, թե հատկապես ինչն առիթ դարձավ տարաձայնությունների: Սկզբում ՍԻՄ ներկա ղեկավարները շրջանառության մեջ դրեցին մի վարկած, թե Հայկ Բաբուխանյանին կուսակցությունից ցանկանում էին հեռացնել Սերժ Սարգսյանին նրա բաց նամակի պատճառով: Սակայն թույլ տանք հիշեցնել, որ այն խորհուրդները, որոնք ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին «Ազդակ» ակումբում տվեց Սերժ Սարգսյանին, երբ վերջինս հայտարարեց, թե ինքը չի կազմակերպել Հովհաննես Գալաջյանի վրա հարձակումը, «քանի որ ինքը խղճուկների դեմ չի պայքարում»՝ շատ ավելի ազդու էին, քան վերոհիշյալ բաց նամակը: Հիշեցնենք Սերժ Սարգսյանին տրված թեկուզ այս խորհուրդը. «Կրիմինալի մասին մտավարժություն անելիս պետք չէ դրա ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա: Մենք գիտենք, որ դա ընդամենը չբավարարված հավակնություն է: Մյուս կողմից, զգուշացիր հենց այն կրիմինալից, որը քեզ այսօր հավատարմության խոստումներ է տալիս: Նրանք քեզ նման մի քանիսի գլուխն արդեն աղացել են»:

Անցած ամիսներին մամուլում ՍԻՄ ներկուսակցական խնդիրների ակտիվ արծարծումը վերջին շրջանում կարծես դադարել է: Սակայն այն առավել սուր՝ անձնական վիրավորանքների ու սպառնալիքների ձեւով, շարունակվում է համացանցում՝ https://groups.google.com/group/SIM_problem ինտերնետային աղբյուրում: Եվ հենց այստեղ էլ Հրանտ Խաչատրյանը տեղադրել է մի չստուգված տեղեկություն, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է արգելել «Իրավունքի» էջերում անդրադառնալ ՍԻՄ-ի ներսում իրականացված «հեղաշրջման» թեմային:

Նախկին ընկերների հարաբերությունների վերափոխման տեսակետից խիստ ուշագրավ է համացանցային այն գրագրությունը, որը վերջին օրերին հետեւեց այս տեղեկությանը: Ըստ նույն աղբյուրում Հրանտ Խաչատրյանի հրապարակման՝ «Էլեկտրոնային փոստով Հովհաննես Գալաջյանից ստացա ստորեւ ներկայացված նամակը», որին ինքը պատասխանել է բաց: Եվ այսպես, ՍԻՄ նախագահության անդամ Հովհաննես Գալաջյանը գրել է. «Հրանտ, չես պատկերացնում, թե ինչ ահավոր ախմախություն ես տեղադրել Ինտերնետում: Դու տարակուսում ես, թե ինչու 2 շաբաթ շարունակ xxxx xxxxxx Վարդանյան Կարենի ողորմելի խմբակի մասին ոչինչ չենք գրում: Դու մոռացել ես, որ հանգուցյալների մասին գրում են կամ լավ, կամ ոչինչ: Իսկ որ նա հանգուցյալ է՝ դա հաստատ. առնվազն ես վստահ եմ, որ նա իր առողջական տվյալներով չի ապրի մինչեւ 2007թ. հունվարի 1-ը: Իսկ եթե քեզ միացնում ես իրեն՝ ավելի վատ քեզ համար: Փաստորեն դու որոշել ես քո ապագան կապել մի կենդանի դիակի՝ բերդ նստելու ենթակա նրա եղբոր ճակատագրի հետ: Սատանան քեզ հետ: Գնա կործանվիր, ես քեզ հետ չեմ պահի: Բայց հետո չբողոքես քո ճակատագրից, քանզի դա հենց դու ես ընտրել: Հետո չասես, թե չեմ զգուշացրել: Իսկ որ քո հետ գալու ճամփեն փակել ես՝ դա արդեն իմ պրոբլեմը չի: Դիմիր Հայկին»:

Հրանտ Խաչատրյանի ծավալուն պատասխանից կմեջբերենք միայն որոշ հատվածներ: «Կարեն Վարդանյանը ապրում է շատ արժանապատիվ կյանքով եւ շատ ժրաջան գործում է: Եվ այդ մասին գիտեք ոչ միայն դուք՝ դավադիրներդ, այլեւ շատ շատերը… Եթե դա թույն է, ապա որտեղի՞ց այդքան թույն: Գուցե սպառնալի՞ք… Ես վաղուց ինձ միացրել եմ բոլորիդ: Ողջ կյանքում իմ նախաձեռնությամբ որեւէ մեկից ինձ չեմ անջատել: Թեեւ լավ գիտես, որ սրիկաները միշտ էլ իրենք են կռահել, որ իմ կողքին տեղ չունեն ու իրենք են հեռացել: Այս դեպքում էլ, թերեւս շատերի գնահատմամբ՝ սխալ եմ գործել, որ չեմ միացել կուսակցության առողջ հատվածին ու ձեզ՝ xxxx xxxxxx-իդ դուրս քշել այնտեղից, բայց սկզբունքից ելնելով՝ գերադասել եմ կա՛մ պահպանել Միության ամբողջականությունը, կա՛մ հրաժարվել դրանից: Վստահ եղեք, որ չեմ զղջում: Հիշեք վերջին հրապարակային խոսքերս. «Այն, ինչ չեն կարող անել մարդիկ, կանի ժամանակը»: Հրանտ Խաչատրյանը նաեւ հիշեցրել է Հովհաննես Գալաջյանի հետ իր զրույցը, որտեղ ասել է, որ եթե նա շարունակի Հայկ Բաբուխանյանին «օգնել գլորվել անդունդը՝ ես քո կաշին կքերթեմ»: Եվ հավելել. «Գիտես՝ ես միշտ իմ խոսքի տերն եմ լինում»:

Եվս մի մեջբերում անենք այս նամակից, որը թերեւս մոտավոր պատկերացում կտա, թե ինչ դատավարություն է սպասվում մի քանի օր անց: ՍԻՄ պատվավոր նախագահը իր կուսակցական ընկերոջը հրապարակավ ասում է. «Եթե դուք նույնիսկ ձեզ սատանայի ավտոտեսուչներ եք պատկերացնում, ապա իմ ճանապարհին լուսաֆորներ դնողը ՍԻՄ-ի դավադիր «նոր ղեկավարությունը» չէ: Իսկ եթե անկեղծ, ապա ինձ մեղավոր եմ զգում այն բանի համար, որ զգում էի, բայց չկարողացա կանխել ձեր կերպարանափոխումը: Ձեզ՝ իմ սխալի «կենդանի» վկաներին տեսնելը, ինձնից ահավոր մեծ հոգեւոր էներգիա է խլում: Գրասենյակ կմտնեմ, երբ դուք չքված կլինեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել