Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 04,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երրորդ

Գլուխ քսանութերորդ

ԴԵՊԻ ԾԱՂԿԱՁՈՐ

Երբ Կրիվոյի Նվերն ինձ տեսավ՝ սարսափահար հարցրեց.

– Էդ ի՞նչ վիճակի մեջ ես, ա՛յ Արմո:

– Ի՞նչ վիճակ,- զարմացա ես:

– Շան օրի ես,- ասաց Նվերը:- Էդ ո՞ւմ հետ ես կռիվ արել:

– Մանումենտցիների,- ասացի ես:

– Մենակ ե՞ն բռնացրել,- հարցրեց Նվերը:

– Դասարանցիներիս հետ էի,- ասացի ես:

– Շան ծեծ եք կերել, հա՞:

– Մենք էլ տակ չմնացինք:

– Էրեւում ա,- ժպտաց Նվերը:- Բա դասարանցինե՞րդ ուր են:

– Չգիտեմ,- ասացի ես.- ամեն մեկս մի յանի վրա փախավ:

– Պիտի իմանաս՝ ում հետ ես ընգերություն անում:

– Էրկուսն էլ կարգին տղերք են:

– Էս համ էլ պիսկել ե՞ն,- մեջքիս նայելով՝ ճչաց Նվերը:

– Ի՞նչ պիսկել,- սարսափեցի ես:

– Սաղ մեջքդ արուն ա,- ասաց Նվերը:

Պլանի գլուխն ավտոբուսների վերջին կանգառն էր, ու էդ պահին վարորդներից մեկն ավտոբուսի անիվներն էր շլանգով լվանում, եւ Նվերը վարորդին մոտենալով՝ շլանգը ձեռքից վերցրեց, հետո ձեռքով ինձ կանչեց, եւ երբ մոտեցա, շլանգը մեջքիս պահեց ու քիչ անց հանգստացած շունչ քաշելով՝ ասաց.

– Ոչ մի պիսկած տեղ չկա. բա էդ ի՞նչ արուն էր:

– Հասկացա,- ասացի ես.- մասուրի փշերին եմ քսվել:

– Ի՞նչ մասուրի փուշ,- զարմացավ Նվերը:

– Մանումենտի դքով ու մասուրի թփերի մեջով վազելով իջել եմ:

– Հա,- ասաց Նվերը.- հես ա՝ դոշդ էլ ա արունլվա, բայց որ փրչոտ ես, դոշիդ արունը չի էրեւում:

– Մասուրի փշերն են ճանկռել:

– Գոնե մասուր կերա՞ր,- ծիծաղեց Նվերը:

– Չհասցրի,- ծիծաղեցի ես:

– Լավ ես պրծել, Արմո ջան,- ասաց Նվերը:- Սրանից հետո կիմանաս՝ ում հետ անտառ էթաս:

– Ի՞նչ անտառ:

– Մասուրի՛,- ծիծաղեց Նվերը:

– Էրկուսն էլ կարգին տղերք են,- ասացի ես:

– Բա ըսենց չլուտ ո՞նց ես քաղաք իջնելու:

– Ես էլ եմ էդ մտածում:

– Հիմի էս ավտոբուսը շարժվում ա. հետներս կնստես՝ կակռազ Գնունիով ա էթում:

– Ամոթ չի՞ ըսենց տկլոր ավտոբուս նստեմ:

– Մի րոպե,- ասաց Նվերը, մի քիչ մտածեց, հետո մոտեցավ նույն վարորդին, որ արդեն տեղավորվում էր ղեկի մոտ, ականջին ինչ-որ բան ասաց, վարորդից ինչ-որ բան վերցրեց, հետ եկավ, էդ վերցրածն ինձ մեկնեց ու ասաց.

– Էս սառոշկեն հագի՛: Մի քիչ ճմռթված ա, բայց՝ ոչինչ:

– Էս շոֆերինն ա՞,- մուգ կանաչ ու ճմռթված վերնաշապիկը հագնելով՝ հարցրի ես:

– Հա,- ասաց Նվերը.- իրա սառոշկեն ա:

– Բա հետո ո՞նց իրան գտնեմ, որ հետ տամ,- հարցրի ես:

– Հետ տալ չկա,- ասաց Նվերը.- էս սառոշկեն ինքն արդեն տրյապկի տեղ էր օգտագործելու:

– Մերսի,- ասացի ես:

– Ի՞նչ մերսի,- ասաց Նվերը:- Մոմ պիտի վառես, որ էսքան լավ ես պրծել: Էդ աչքիդ տակի ֆանառը մի քանի օրում կանցնի:

– Աչքիս տակ ֆանառ կա՞,- զարմացա ես:

– Որ լվացվար՝ ահագին պակասեց: Գնա՝ Վարոյի հայելու մեջ նայի:

– Ի՞նչ Վարո:

– Էս սառոչկիդ տերը:

Ես ավտոբուսի փոքր հայելու մեջ նայեցի ու աչքիս տակի կապույտը հազիվ նշմարելով՝ հանգստացա:

– Մի քիչ էլ կմուգանա ու վերջ,- ասաց Նվերը:

– Ի՞նչը կմուգանա:

– Էդ աչքիդ տակինը: Քանի՞ ժամվա խփած ա:

– Էդ կռվից հազիվ կես ժամ անցած ըլնի:

– Կռիվ մի ասա, ասա՝ ծեծ,- ծիծաղեց Նվերը:

– Մենք էլ տակ չմնացինք:

– Տենում եմ,- շարունակեց հռհռալ Նվերը.- լավ տակ չեք մնացել: Էս թող քեզ դաս ըլնի, որ սրանից հետո իմանաս՝ ում հետ ուր ես էթում: Փաստորեն, էդ էրկու ընգերներդ քեզ թողել՝ փախել են:

– Հըլը հարց ա՝ ով ա ում թողել ու փախել. ես գոնե կաշիս փրկել եմ:

– Հա,- կաշիդ լավ ես փրկել,- ասաց Նվերը.- սկզբում մտածեցի՝ պիսկվել ես, բայց, փաստորեն, շատ լավ ես պրծել:

– Մնում ա՝ ընկերներս պրծած ըլնեն:

– էսքանից հետո լավ էլ բերանդ բռնում ա՝ դրանց ընգեր ես ասում: Քանի՞ հոգի էին:

– Ընկերնե՞րս:

– Չէ՝ ծեծողները:

– Մենք էլ տակ չենք մնացել:

– Հասկացա, որ տակ չեք մնացել,- ծիծաղեց Նվերը,- բայց քանի՞ հոգի էին:

– Սկզբում հինգ էին, բայց հետո երեւի տասից ավել ըլնեին:

– Փաստորեն, իսկականի ց կաշիդ պրծացրել ես: Որ լվացվար՝ ֆանառդ է՛լ արդեն էն չի. որ էս կես ժամում էսքան ա կապտել, դժվար թե ավելի կապտի: Բա դո՞ւք քանի հոգով էիք:

– Ես էլ հետները՝ իրեք:

– Փաստորեն, չտեսնված եք պրծել: Որ աբառոտկա խլելու հարց ըլնի՝ ես պատրաստ եմ: Մանումենտ շատ ուժեղ ախպերություն կա:

– Ի՞նչ աբառոտկա խլել: Դու ասա՝ մեր տղերքին բան էղած չըլնի. իրանց համար շատ անհանգիստ եմ:

– Էդ փախածների համա՞ր. էդ որ քեզ մենակ թողել՝ փախել ե՞ն:

– Չեն փախել: Ես եմ, փաստորեն, փախել: Ավելի ճիշտ՝ ամեն մեկս իրա գլխի ճարը տեսավ:

– Էդ ընգերներիդ ճանաչո՞ւմ եմ. ո՞վ են:

– Դժվար ճանաչես: Դասարանցիներս են:

– Ի՞նչ դասարանցի:

– էս մեր Նալբանդյան դպրոցի:

– Ի՞նչ Նալբանդյան. էն Նար-Դոսի վրի՞:

– Հա:

– Բա տեխնիկում չընդունվա՞ր. նկարիչ չես դառնալո՞ւ:

– Տեխնիկում ընդամենը մի քանի ամիս մնացի:

– Հետ էկար դպրո՞ց:

– Հա։ Հիմի դպրոցի հայաթ պիտի իջնեմ. տղերքի հետ պայմանավորվեցինք։

– Ի՞նչ տղերք. էդ փախնողների՞:

– Հա:

– Փախնելու մոմենտին պայմանավորվա՞ք:

– Հա:

– Փախնելու մեջ ամոթ բան չկա,- ասաց Նվերը.- ավելի լավ ա փախնես, քան թե ավելնորդ տեղը ծեծ ուտես: Բայց որ իրանք քեզ թողել փախել են՝ էդ մեկն արդեն շատ վատ ա:

– Ոչ մեկը ոչ մեկին մենակ չի թողել: Փաստորեն, էդ կռիվն իմ պատճառով էղավ. ե՛ս առաջինը խփեցի:

– Պարզ ա,- ծիծաղեց Նվերը.- որ ֆուտբոլի տոմս էինք ծախում՝ էլի ըտենց էր. առաջինը միշտ դու էիր խփում ու վերջում ամենաշատն էիր ծեծ ուտում: Էլ տոմս բան չես ծախո՞ւմ:

– Հազարից մեկ:

– Խի՞. Մայոյի գործերը վատ ե՞ն:

– Չէ. ես եմ իմ փայը պակասացրել:

– Լակոտի գործ էր. Մայոն մեզի, փաստորեն, մի քանի տարի հարիֆի պես բանացրեց: Իբր էդ տոմս ծախելն ի՞նչ գործ էր:

– Էս գործդ ավելի լավ ա՞,- պատի տակ պպզած Նվերի գործընկերներին նայելով՝ հարցրի ես:

– Լավի կամ վատի հարց չի,- ասաց Նվերը.- հիմի որ մտածում եմ, նոր եմ հասկանում, որ Մայոն, փաստորեն, մեզի թուլափայ էր տալի:

– Բայց ի՛նքն ա էդ ամեն ինչը կազմակերպում. ի՛նքն ա տոմսերը ճարում ու միլիցեքի հետ սաղ հարցերը լուծում:

– Էդ ամեն ինչը հաշվելով եմ ասում. ինքը, փաստորեն, մեզի կոպեկներ ա տվել:

– Իրա տվածը որ չըլներ՝ պապիրոսի փող էլ երեւի չունենայինք:

– Ավելի լավ. չէինք ծխի,- ծիծաղեց Նվերն ու հարցրեց.- շատ ե՞ս ծխում:

– Պաչկից ավել,- ասացի ես՝ մեխանիկորեն ձեռքս վերնաշապիկիս գրպանը տանելով:

– Էդ պապիրոսդ ե՞ս ման գալի,- ծիծաղեց Նվերը:

– Հա,- ծիծաղեցի ես:

– Բայց էդ Վարոյի սառոշկեն ա:”

– Մոռացել էի,- ծիծաղեցի ես:

– Որ սառոշկեդ վրիցդ թռել ա, պապիրոսիդ պաչկեն չէր կարա վրեդ մնար:

– Պարզ ա:

– Ասում ես՝ հիմի Նալբանդյան դպրոց ե՞ս իջնելու:

– Հա. տղերքի հետ ըտենց պայմանավորվանք:

– Կակռազ էս ավտոբուսը Նար-Դոսով ա Կայարան էթում. հետներս կգաս, դպրոցի մոտ կիջնես: Դե՛, պոկվա՛նք. արդեն շարժվում ա:

– Հա,- ելման դրություն ընդունած իր ընկերներին նայելով՝ ասացի ես:

– Դու մեր հետ ոչ մի կապ չունես, մեզ չես ճանաչում,- ժպտաց Նվերը.- մենք, փաստորեն, աշխատանքի մեջ ենք:

– Հա,- ասացի ես ու առաջին դռնով ավտոբուս բարձրացա:

Նվերն ու մեկը մեջտեղի դռնով բարձրացան, երեքը՝ վերջին, եւ երբ ավտոբուսը կանգառում կանգնեց, միանգամից ահագին ժողովուրդ ավտոբուս լցվեց, եւ երբ ավտոբուսը շարժվեց, ես ասես փշերի վրա լինեի, ու էդ փշերը շատ ավելի սուր էին, քան՝ Մոնումենտի դքի մասրենիների փշերը, որովհետեւ մինչ այդ Նվերին ու իր էդ կոլեգաներին մի քանի անգամ հասարակական տրանսպորտում էդ «աշխատանքի» մեջ տեսել էի, եւ ահա՝ երբ նկատեցի, որ իր գործընկերներից ամենանիհար բարձրահասակի ձեռքը մի տարիքավոր կնոջ պայուսակի մեջ է խրված, արդեն Չարենցի սկզբներում էինք, եւ երբ վարորդը կանգառ կատարեց ու դռները բացեց, ես գնդակի պես ինձ դուրս նետեցի ավտոբուսի դռնից, եւ դա ավտոբուսի երկրորդ ու Չարենցի առաջին՝ Էմվեդեի մոտի կանգառն էր, ու ես սրտատրոփ Չարենցն ի վար վազելով՝ ապշած էի Նվերի ու իր գործընկերների էդ ռիսկից, որովհետեւ երբ ամենաբոյովի նիհար ձեռքն էդ տարիքավոր կնոջ պայուսակի մեջ խրված տեսա, հենց Էմվեդեի մատույցներում էինք, ու Էմվեդեի դռանն էլ, հիշում եմ, էդ պահին լիքը միլիցիոներներ էին կուտակված, եւ երբ Նվերենց վարորդն Էմվեդեից անցավ ու Չարենցի ամենասկզբում կանգառ կատարեց, ես գնդակի պես ինձ դուրս նետեցի էդ մարդաշատ ավտոբուսից ու ահագին ժամանակ սրտատրոփ Չարենցն ի վար վազում էի, ու սիրտս էլ ավելի՛ ուժեղ էր խփում, քան՝ Մոնումենտի դքի մասրենիների արանքներով փախչելիս, եւ, չգիտես ինչու, ավտոբուսի հետեւից էի վազում եւ ոչ թե հակառակ ուղղությամբ, ու Համալսարանի մոտերքում միայն հասկացա, որ ոչ միայն ինձ որեւէ վտանգ չի սպառնում, այլեւ՝ իրականում Նվերենց էդ խմբի հետ որեւէ առնչություն չունեմ, բայց, այդուհանդերձ, սիրտս շարունակում էր շատ ուժեղ խփել, եւ Ձերժինսկու դպրոցի ու Քոչինյանի տան մատույցներում միայն փոքր-ինչ խաղաղվեցի, եւ ազատագրված միտքս հուշեց, որ ինձ այլեւս ոչինչ չի սպառնում, ու չնայած իմ առումով արդեն արխային էի, բայց սիրտս շարունակում էր ուժգին խփել, որովհետեւ Քոչինյանի տան մատույցներից սկսած՝ Հովանի ու Նորոյի մասին էի մտածում, ու էդ դեպքից հետո ամեն անգամ «Ոսկե հորթը» նայելիս, երբ վերստին սրտատրոփ սպասում եմ Շուրա Բալագանովի՝ տրանսպորտի մեջ ջեբկիրության վրա բռնվելուն, իմ ու Նվերի էն երթուղին եմ հիշում, ու չնայած ի տարբերություն Բենդերի գրպանների՝ իմ գրպանները դափդատարկ էին, բայց ես ճիշտ Բենդերի վիճակում էի, չնայած, ի տարբերություն Բալագանովի, Նվերն ու իր գործընկերները միանգամայն պաշտպանված էին իրարով ու իրենց վարորդով, ու էդ օրն առաջին անգամ աչքովս տեսա ու հասկացա, որ մեր ժամանակների ջեբկիրները վարորդների հետ միանգամայն սերտորեն են կապված, իսկ ինչ վերաբերում է անձամբ Նվերին, Նվերը նաեւ իր ճակատագրի հետ էր անխզելիորեն կապված, որովհետեւ, ինչքան իրեն հիշում եմ, մի գլուխ էդ գործը թարգելու իր մտադրությունից էր խոսում, բայց ամեն սռոկից հետո ավելի՛ խորն էր էդ գործի մեջ խրվում, եւ հենց հիմա իմ բարոյախոս քննադատներից վախս հաղթահարելով՝ պիտի փորձեմ ձեզ հավատացնել, որ իմ երբեմնի ընկեր Նվերը շատ կարգին ու նույնիսկ բարի տղա էր, ավելի ճիշտ՝ է՛, որովհետեւ հենց էս պահին էլ անազատության մեջ գոյատեւում է ու էս կյանքից էլ, ի տարբերություն մեզ, առանձնապես մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ չունի, այլ ընդամենը՝ կյանքում գեթ մեկ անգամ ամնիստիայի տակ հայտնվել, եւ եթե Թումանյանն ինձնից ու Նվերից անկախ «Իմ ընկեր Նեսոն» գրած չլիներ, ես հաստատ մի ընտիր պատմվածք կգրեի «Իմ ընկեր Նվերը» վերնագրով, եւ դա չափազանց հետաքրքիր ու հոգեբանական պատմվածք կլիներ, որովհետեւ չնայած իմ անուղղելի ընկեր Նվերը ջեբկիրությունն արվեստ էր համարում, բայց երբեք էդ արվեստին ոնց որ պետք է չտիրապետեց, ինչպես որ ե՛ս եմ մշտապես «Poker»-ն արվեստ համարել ու էդ արվեստի գաղտնիքներին անհաղորդ մնացել, եւ ինչպես ես եմ իմ էդ ասպարեզում մշտապես տանուլ տվել, ինքն էլ ի՛ր ասպարեզի մշտական տուժողն էր, եւ չնայած ինքն էդ օրն ինձ խորհուրդ տվեց փախնողների հետ ընկերություն չանել, բայց իր ասպարեզի միակ չփախնողն ու մշտապես բռնվողն ինքն էր, ու չնայած իր մասին հիմա անցյալ ժամանակով խոսեցի, ինքը հիմա էլ կա եւ համեստորեն շարունակում է ապրել ու գոյատեւել, եւ չնայած ինքն էսօրվա օրով վերստին անազատության մեջ է ապրում ու գոյատեւում, այդուհանդերձ, շատ անարդար է անցյալ ժամանակով խոսել մեկի մասին, ով գիտակցական կյանքի մեծ մասն անցկացրել է է՛ն վայրերում՝ որտեղ որ հենց էս պահին է գտնվում, ու էս մեղքս իմ ընկեր Նվերի հանդեպ միակը չէ, որովհետեւ իննսունականների սկզբներին, երբ Վանոն նոր-նոր Էմվեդեի մինիստր էր, մի օր «02»-ով ձերբակալված Նվերին ցույց տվին, ու ես, որ առաջին պահին մտքիս մեջ պարտավորվեցի հաջորդ իսկ առավոտ Վանոյի մոտ մտնել ու Նվերի համար խնդրել, հաջորդ ու հետագա օրերին էդ բանը չարեցի ո՛չ թե էն պատճառով, որ մտածում էի՝ Վանոն խնդրանքս կմերժի, այլ էն պարզ պատճառով, որ Ղարաբաղյան շարժումը նոր-նոր էր հաղթանակել, ու ես էդ հաղթանակի մեջ որեւէ ներդրում չունեի:

Հիմա, երբ Նվերի մասին էսպես սառնասրտորեն գրում եմ, էս գործիս բերումով երեկ իրենով հետաքրքրվեցի եւ մեր մի ընդհանուր ծանոթից տեղեկացա, որ արդեն վեց ամիս է՝ Նվերն ազատության մեջ է եւ իր երկրորդ ինֆարկտից ու մոր մահից հետո կնոջ հետ վերամիավորվել ու Գումի մոտերքում ընտանյոք՝ կնոջ ու որդու հետ «Ընտանեկան լոտոյի» տոմսեր է վաճառում, եւ իր առիթով հիմա մտածում եմ, որ մենք միայն մեր ծնողների մահից հետո ենք ուղղվում ու դզվում, չնայած ուղղվելն ու դզվելն էլ միանգամայն հարաբերական բաներ են, եւ եթե ես ծնողներիս մահվանից հետո «Poker»-ն ու պոեզիաս թարգել ու էս արձակս եմ արդեն առաջ տանում, դա ամենեւին չի նշանակում, թե հասարակության կամ հատկապես որոշ մարդկանց համար էս արձակս պակաս վտանգավոր է, եւ եթե էսօրվա դրությամբ Նվերն իր նախկին արվեստը թարգել ու ընտանյոք «Ընտանեկան լոտոյի» տոմսեր է ծախում, դա դեռ չի նշանակում, թե «Ընտանեկան» եւ զանազան այլ լոտոները հասարակության ու ժողովրդի համար պակաս վնասակար են, ու էս առիթով նաեւ ձեր հակափաստարկները ենթադրելով ու հաշվի առնելով՝ շրջանցեմ էս թեման ու վերադառնամ յոթանասունվեցի օգոստոսի լույս ութին, երբ Թամրազյանից, Լիզայից, Լիզայի քրոջից ու էդ գիշերվա տեղատարափից պրծած՝ մեր խոհանոցում սուրճս խմում եւ մորս հետ ասում ու խոսում էի, ու հանկարծ էդ պահին մտքովս անցավ, որ ես ու մայրս մեր էդ զրույցի համար շտապօգնությանն ենք պարտական, եւ ես մորս երկար-բարակ բացատրում էի այն, ինչը քիչ առաջ ձեզ էի երկար-բարակ բացատրում, այսինքն՝ ես մորս ասում ու հավատացնում էի, որ վաղուց արդեն էն կռվազանը չեմ, եւ արդեն չարժե իմ պատճառով արթուն մնալ եւ ինձ էլ հազար ու մի կռիվների մեջ պատկերացնել, եւ մայրս՝ շտապօգնությամբ փրկված ու իմ հայտնությամբ խաղաղված, փորձում էր հավատալ ասածներիս, ավելի ճիշտ՝ շատ էր ուզում հավատալ ասածներիս, որովհետեւ մայրս մշտապես էն կարծիքին էր, որ ինքը միայն ու միայն իր ընտանիքի խաթեր ու իր ընտանիքի համար է ապրում, եւ համոզված էր, որ առանց իրեն մենք ոտով-գլխով կկորենք:

Շատ հնարավոր է, որ մայրս շատ էլ ճիշտ էր կարծում ու հաճախ իր էդ կարծիքը բարձրաձայն էր ասում, բայց յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս ութի էդ գիշեր ինքը համարյա չէր խոսում եւ ուշադիր ինձ էր լսում, ու մեր էդ միակողմանի զրույցն աննախադեպ անուշ էր, ու չնայած հիմնական խոսողը ես էի, հիմա չեմ կարողանում հիշել՝ ինչ էի ասում, ավելի ճիշտ՝ մոտավորապես հիշում եմ, բայց էս պահին ի վիճակի չեմ գրի առնել իմ ու մորս էդ, ուրեմն, միակողմանի զրույցը, որովհետեւ էս պահին մտքով արդեն Ծաղկաձորում եմ՝ յոթանասուներեքի ամառային շոգ ու ճամբարոտ Ծաղկաձորում, ուր կուրսով հայտնվել էինք՝ նշելու մեր ծաղկաձորցի համակուրսեցի Ֆլորայի քսանամյակը, ու Հրազդանի մեծ ավտոբուսից Ծաղկաձորի պստիկ ավտոբուս տեղափոխվելով՝ ահա-ահա հասնում էինք Ծաղկաձոր՝ Ֆլորենց, բայց մեր ու հատկապես իմ բախտը չկամեցավ, որ խաղաղ ու անվտանգ տեղ հասնենք, ու թարսի պես՝ էդ թվերին աղջկերքի մինի շրջազգեստներն էին մոդա, ու մեր կուրսի աղջկերքն էլ էդ ժամանակին համընթաց էին գնում, եւ հատկապես ու առանձնապես մեր կուրսի Հասոն ու Վիկան էին ժամանակին ամենահամընթաց գնացողները, ու էդ օրը մեզ Հրազդանից Ծաղկաձոր բերող էդ դեղին ու պստիկ ավտոբուսը բացառապես մեր կուրսեցիներով էլ լեփլեցուն, եւ կողմնակիներն ընդամենը երկու տղերք էին, որ Հրազդանում մեզ հետ էդ ավտոբուսը նստեցին, ավելի ճիշտ՝ ոչ թե նստեցին, այլ մեզանից հետո բարձրացան ու կանգնած մնացին վարորդի մոտ, եւ իմ ու էդ երկուսի էդ օրվա բախումը հիմա պարզապես իրավունք չունեմ ձեզ համար չնկարագրել, որովհետեւ, փաստորեն, էդ իմ կյանքում վերջին ծեծկռտուքն ու վերջին կռիվն էր, չհաշված, իհարկե, մեր ու դեմբելների էն առաջին ու, փաստորեն, վերջին ճակատամարտը, որը, ճիշտ է, անձամբ իմ պատճառով սկսվեց ու ծայր առավ, բայց որին, փաստորեն, համարյա մասնակցություն չունեցա:

Էդ օրը մեր կուրսի բոլոր աղջկերքն էլ մինի էին հագած, ու քանի որ ճռճռան ամառ էր, մերոնց էդ մինիներն ավելի՛ մինի ու ավելի՛ թրթռան էին, ու էդ երկու կողմնակիները, որոնցից մեկը երեսունն անց կլիներ, իսկ մյուսն անհամեմատ ջահել՝ երեւի էն ժամանակվա իմ տարիքին, երկար ու անթարթ նայում էին մեր աղջկերքի բաց ու սիրուն ոտքերին, հետո մերթընդմերթ իրար էին նայում, քթների տակ խնդմնդում ու իրար ականջի ինչ-որ բան էին քչփչում ու քանի որ երկուսն էլ առաջին դռան մոտ էին կանգնած, մեր աղջկերքի բաց ու սիրուն ոտքերն անմնացորդ էդ երկուսի տեսադաշտում էին, ու ինչքան մոտենում էինք Ծաղկաձորին՝ էդ երկու զույգ հայացքներն ավելի ինքնավստահ ու ավելի լկտի էին դառնում, եւ երբ Հրազդանն անցանք ու ճամփաբաժանից Ծաղկաձոր թեքվեցինք, երկուսից անթրաշ տարիքովը վարորդին ասաց՝ «մի քիչ կամանց քշա, Գարո՛ւշ, ինչքան ուշ խասնենք՝ մեր քյարն ա», եւ երբ վարորդը նույն արագությամբ շարունակեց քշել, երկուսից ջահելը վարորդին ասաց՝ «լավ չլսա՞ր, Գարո՛ւշ», եւ երբ Գարուշն արդեն դանդաղեցրեց ընթացքը, ես ավելի լարվեցի ու ծալեցի «Ավանգարդ» թերթը, որ մինչ այդ կարդում էի, ավելի ճիշտ՝ ցույց էի տալիս, թե կարդում եմ Մուշեղ Գալշոյանի մասին Թորոսյան Սասունիկի գրածը, իսկ իրականում ընթերցանությունս ավելի շուտ էի դադարեցրել ու աջ աչքիս պոչով հետեւում էի վարորդի մոտ կանգնած էդ երկուսին ու դեպքերի հետագա ընթացքին, եւ երբ երկուսից ջահելը վարորդի վրա գոռաց՝ «լավ չլսա՞ր, Գարո՛ւշ», ես արդեն ծալեցի «Ավանգարդն» ու ափիս մեջ ոլորեցի, եւ հետո՝ երբ երկուսից ջահելը մեր աղջիկների ոտքերին նայելով՝ անթրաշ ավագին հարցրեց ու ասաց՝ «կուզեի՞ր էս չալաղաջներից մեկնումեկը քունն ըլներ, Ալի՛կ», եւ երբ անթրաշն ասաց՝ «որ շատ ուզենամ՝ իմը կըլնեն», էդ պահին արդեն լարվածությունս գագաթնակետին էր հասած, ու ավտոբուսն էլ արդեն Ֆլորենց տանն էր ընդհուպ մոտեցել, եւ երբ Շաքարյան Սուսոն Ֆլորենց տունը ճանաչելով՝ վարորդին ձայն տվեց ու ասաց, որ կանգնի, եւ երբ բոլորս տեղներիցս վեր կացանք, եւ երբ երկուսից անթրաշ ավագը՝ փաստորեն Ալիկը մեր աղջկերքից չեմ հիշում ում դեմը կտրելով ասաց՝ «քուր ջան, էս ո՞ւր», հենց էդ պահին Հասոն Ալիկի վրա գոռաց ու ասաց՝ «գնա քո թայ կնիկ ճարի, ա՛յ քոփակ», եւ երբ երկուսից ջահելը լկտիաբար ժպտաց ու ասաց՝ «ձեզանից լավերը չենք կանա ճարենք, քուրո ջան» ու էդ ասելով՝ ոտքով Հասոյի ճանապարհը փակեց, ես այլեւս ինձ զսպել չկարողանալով՝ բռիս մեջ ոլորած «Ավանգարդով» փաստորեն ապտակեցի ջահելին, եւ դա էն պահին էր, երբ մերոնց մի մասն արդեն իջել, ու մյուսները շարունակում էին իջնել, իսկ էդ երկուսն, ըստ երեւույթին, շարունակելու էին իրենց ճանապարհը, քանի որ նոր-նոր էինք Ծաղկաձոր մտել, ու Ֆլորենց տունն էլ Ծաղկաձորի հենց առաջին տներից էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել