Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ

Դեկտեմբեր 04,2006 00:00

Նոյեմբերի 10-ին «Առավոտում» տպագրվել է Վիկտոր Դալլաքյանի՝ «Մեր ապագայի բանալիները» հոդվածը: Ստորեւ ներկայացնում ենք

ընթերցողների արձագանքներից երկուսը: Դրանք երկուսն էլ դրական են: Բայց պատրաստակամ ենք տպագրել նաեւ բացասականները:

«Արտահանել ենք», որ «ներկրե՞նք»

Հոդվածում արծարծվում է մեր գոյաբանական ճգնաժամի դրսեւորման ձեւերից մեկի՝ ՀՀ մարզերի ու գյուղերի դատարկման հիմնախնդիրը: Ակնհայտ է, ՀՀ «բարգավաճող» մայրաքաղաքի կողմից մենաշնորհային տնտեսության հրամայական ուղղահայացների միջոցով մարզերում ենթակառուցվածքների ձեւավորման հեռանկարը դատապարտված է «սիզիֆյան» կոչվելու: «Բարգավաճ» մայրաքաղաքի ապագան եւս մառախլապատ է: Երեւանից հեռացող սոցիալապես ապահով անձանց թիվը հաշվվում է տասնյակ հազարներով: Հասկանալի է, «փախուստի» շարժառիթն ապագայի նկատմամբ՝ անվստահությունն է:

Վիկտոր Դալլաքյանը չի կարող անտարբեր անցնել անհատական ու հասարակական գիտակցության մեջ ամրապնդված «անոմիա» (նորմերի ու կանոնների, դրական օրինակների, հիմնակազմիչ ծրագրերի, բարձրագույն նպատակների, կատարելատիպերի բացակայություն, թույլ սոցիալիզացիա) կոչվող երեւույթի, երիտասարդության մեջ գերիշխող դեվիանտ ու դելինկվենտ (սոցիալապես օգտակար վարքից շեղում) դիրքորոշումների կողքով: Չի կարելի թույլ տալ, որ իրեն ժողովրդավարական հորջորջող երկրում խելացի ու ձեռներեց մարդը մտածի հանապազօրյա հացի մասին: Անգրագիտության, ցինիզմի եւ լկտիության համար 15-ամյա «անցումային» շրջանն ավելի քան բավարար է: Մարտնչող սակավամտության հաղթարշավը կանգնեցնելու ժամանակն է, պարոնայք:

…Պետք է խոստովանել, որ արեւմտաեվրոպական վաղ Ռենեսանսի ձեւավորման վրա հայերի ունեցած նշանակալի ազդեցության մասին տեղեկատվությունը մեզ զարմացրեց: Պավլիկյան եւ թոնդրակյան շարժումների գաղափարախոսությունն արդի եվրոպական քաղաքակրթության զարգացման հիմքում դնելու համար պետք է օժտված լինել ոչ միայն լուրջ գիտելիքներով, այլ նաեւ խիզախություն ունենալ: Եթե ընթերցողը դաշնակ չէ, ապա այդ գաղափարը դիտարկվելու է որպես ազգային սնապարծություն: Այսուամենայնիվ, այսօր, այն մշակութային-քաղաքակրթական միջավայրը, որի ձեւավորման արմատներում Հայաստանն է եղել, որպես նոր որակ վերադառնում է դեպի ՀՀ: Ոչ, այն բռնի ուժով վերադարձնում են: Ներկրում: Ապրանքի պես:

Եթե մինչեւ անգամ դա այդպես է («երբ մենք… եվրոպացիները ծառերի վրա էին»), ապա այդ մշակույթը եւ քաղաքակրթությունը աճել են, զարգացել, փոփոխվել: Մի՞թե «պտուղը ծառից հեռու չի ընկնում» արտահայտությունը ձեր մեջ թթվահամ չի առաջացնում: Կոշկակար Գեւորգի տղան Կյուտահիայում կարծեմ թե կոշկակար չդարձավ: Եվ ոչ էլ քահանա Հովակիմի որդին՝ քահանա: Եվ ուստի մենք գոնե թե բարոյական իրավունք ունենք մեխանիկորեն չկապկել մեզ «անշահախնդիր» ձեւով հրամցված եվրոպական արժեքները՝ ժամանակին մեր քաղաքակրթական ազդակների զարգացման արդյունքը, որը բումերանգի պես հետ է վերադարձել:

ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գոյատեւման հիմնական թելադրանքը

Ինչո՞ւմ է տեսնում մեր ներկա հասարակությունը իր կոչումը՝ ո՞րն է նպատակային ֆունկցիան: Ի՞նչ է մտածում եւ ի՞նչ է մտադիր ձեռնարկել այդ կապակցությամբ մեր քաղաքական էլիտան: Պարապ հարցեր չեն: Չափազանց հրատապ են փնտրման ոլորտի ճիշտ որոշման (որտեղ պետք է փնտրել) եւ փնտրման մեթոդի (ինչպես պետք է) հարցերը:

Կարծում ենք, որ մինչ այժմ հիմնախնդրի լուծման փնտրտուքը տարվել է ոչ այնտեղ, որտեղ պետք էր եւ ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ էր:

Հիմնախնդրի լուծման որոնումը Վ. Դալլաքյանը առաջարկում է կատարել այնպիսի հասարակական-պետական կառուցվածքի ձեւավորման ոլորտում, որի հիմնական եւ գերակա նպատակային ֆունկցիան հայ անհատականության ու անհատապաշտության հզոր որակները խրախուսվեն ծառայելու իր հայրենիքի բարգավաճմանը, որի համար առաջարկվում է հոգեւոր ու նյութական սկիզբների հավասարարժեքության ու ներդաշնակության ապահովում. «Դիֆերենցված բազմազանության վրա հիմնվող հասարակության ձեւավորումը հայ մարդուն բնորոշ՝ բարգավաճման անհատական իդեալը պետության տնտեսական հզորության ու միաժամանակ բնակչության խտության մեծացման նպատակի հետ զուգորդելու միակ հնարավորությունն է» (Վ. Դալլաքյան): «Անհատականության զարգացումն ապահովող քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային սկզբունքորեն նոր՝ հորիզոնական դաշտի ձեւավորման մեջ են բանալիները» (Վ. Դ.):

Պետության անվտանգությունը ու զարգացումը ապահովվում է ղեկավարների հավատով ու բանականությամբ, սիրով ու իմաստությամբ, բարոյականությամբ ու հայրենիքին նվիրվածությամբ:

Քաղաքական ներկա գործիչները չպետք է դավաճանեն իրենց պատմական առաքելությանը, չկորցնեն ազգին ծառայություն մատուցելու՝ իրենց այսօր տրված շանսը:

Քաղաքական գործիչների կոհորտայից մեկը համարձակվել է մի նոր քայլով համախմբելու փորձ անել հայ անհատներին։ Ես սպասում եմ, որ մեր ազգի վեհության, որպես բարձրագույն արժեքի գործոնը կհաղթահարի մյուսների ամբիցիաները եւ միացյալ (իսկ այլ կերպ հնարավոր չէ) ուժերով, մեր հայրենիքը կարող է դուրս գալ գոյաբանական տեւական ճգնաժամից:

Ես հավատում եմ, որ այն կլինի:

Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ Պետական կառավարման ակադեմիայի դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել