Լրահոս
Օրվա լրահոսը

Մածունի տակ սի՞գ են թաքցնում

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի վերջին արգելքն էլ, ըստ էության, չի գործում

Բնապահպանության նախարարի որոշմամբ, նոյեմբերի 20-ից Սեւանա լճում սիգի որսն արգելվեց: Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս արգելքին ձկնորսները բոլորովին չեն ենթարկվում: Թե՛ Սեւանի ճանապարհին՝ հատկապես Մարտունիի շրջանում, թե՛ մայրաքաղաքի շուկաներում եւ փողոցներում սիգը շարունակում են բացեիբաց վաճառել՝ հետն էլ գովերգելով, թե Սեւանի թարմ սիգ է:

Սիգի արգելքի վերահսկողությունը բնապահպանության նախարարությունը դրել է հիմնականում «Սեւան» ազգային պարկի վրա, որին էլ պետք է այդ գործում օգնեն Գեղարքունիքի մարզպետարանն ու մարզի ոստիկանները: Չնայած մեր աչքի տեսածին, «Առավոտի» հետ զրույցում «Սեւան» ազգային պարկի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը հավաստիացնում էր, որ արգելքը շատ արդյունավետ գործում է. «Անհնար է, որ մեծ քանակությամբ սիգ որսան, քանի որ թե՛ ավազանային հատվածներում, թե՛ ճանապարհներին խիստ հսկողություն է սահմանված: Գեղարքունիքի մարզպետարանն էլ, ոստիկաններն էլ վերահսկում են: Ամեն բան արվում է, որպեսզի սիգի որսի արգելքը հասցվի 100%-ի: Անցած անգամ էլ շատ լավ կազմակերպված էր սիգի որսի արգելքը, այն իրեն արդարացրեց, որ այս անգամ էլ այդպես լինի՝ շատ լավ կլինի»: Պարոն Հովհաննիսյանը երկար-բարակ ներկայացնում էր, թե ինչ հսկայական աշխատանքներ են իրենք կատարել, որ նախարարի որոշումն ի կատար ածեն. «Սահմանվել են հերթապահության գրաֆիկներ, կատարվում են ստուգայցեր: Բայց մի քանի հատ ձուկ հնարավոր է, չէ, որ կարողանան տանել. ասենք՝ ճանապարհին մեքենան կանգնեցնում ենք, տեսնում ենք մածուն է տանում, կարող է տակը ձուկ է եղել, ի՞նչ իմանանք»,- մայրաքաղաքում սիգի առկայությունն այսպես արդարացրեց պարկի տնօրենը:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ կրկին նախարարը արգելել էր սիգի որսը, բայց Մարտունիի գետաբերանին բռնացրել էինք ձկնագողերին, արգելքի 100%-անոց արդյունավետությունից խոսող պարոն Հովհաննիսյանն ինքն էլ խոստովանել էր, որ իրենք պարզապես ի վիճակի չեն վերահսկելու սիգի որսը, քանի որ Սեւանը հսկայական տարածք ունի, իսկ պարկն այդքան աշխատակից չունի, որպեսզի կարողանա լիարժեք հսկողություն իրականացնել: Մեր տեղեկություններով, պարկի աշխատակիցների թիվը վերջին շրջանում չի ավելացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել