Գյումրիում նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար ամենաքիչը 10 հազար դրա՞մ է պետք:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարի Գյումրիում նպաստառուների թիվը նվազել է, ինչը հայրենի կառավարությունը բացատրում է գյումրեցիների սոցիալական վիճակի բարելավմամբ:
Մինչդեռ գյումրեցի որոշ երբեմնի նպաստառուներ, որոնց սոցիալական վիճակը տարեցտարի դեռ մի բան էլ վատացել է, վստահեցնում են, որ Գյումրիի սոցիալական ծառայությունների գործելաոճը դարձել է անվերահսկելի, քանի որ սոցապտեսուչներն ըստ ցանկության են անապահովներին ընդգրկում աղքատության նպաստի ցուցակներում: Իսկ ցուցակներում ընդգրկվածներին էլ իրենց հայեցողությամբ նպաստից զրկում են եւ նրանից որոշակի վերաբերմունք ստանալուց հետո միայն նորից, լավության կարգով, ցուցակագրում: Գյումրեցիներն անգամ հավաստիացնում են, որ նպաստ դասավորելու «հախը» ամենաքիչը տասը հազար դրամ է: Նրանք նույնիսկ հատ-հատ նշում են այն տեսուչների անունները, որոնք անապահով բնակիչների հետ սակարկում են նրանց նպաստառուների ցուցակ ընդգրկելու համար:
Մի առիթով Գյումրի այցելած աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը խոստացել էր այս հարցը կարգավորել, սակայն Գյումրիի սոցիալական ծառայությունների տեսուչների պահվածքը խոսում է այն մասին, որ նախարարությունն անզոր է որեւէ միջոց ձեռնարկել: Օրերս իրենց գործունեության մասին հերթական հաշվետվությունը ներկայացնելիս Գյումրիի երկու սոցիալական ծառայության պետերն անդրադարձան նաեւ այս խնդրին: Գյումրիի 1-ին սոցծառայության պետ Վարդան Ղափլանյանը իսպառ հերքեց մեր այն հարցը, որ իրենց տեսուչները «համագործակցում» են նպաստառուների հետ: Այդուհանդերձ, պարոն Ղափլանյանը խոստովանեց, որ «երկու օր առաջ մեր ծառայությունում ավանդների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ էին հավաքվել, ես առիթ ունեցա լսելու նրանցից երկուսի խոսակցությունը: Նրանցից մեկը մյուսին ասում էր, թե ես արդեն խոսել եմ՝ նպաստս շուտով կեղնի: Մոտեցա ու ասացի, որ ես ծառայության տնօրենն եմ, ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ հետ եք խոսել, ո՞ր տեսուչն է ձեզ նման խոստում տվել, էդ կինն անմիջապես հրաժարվեց իր խոսքից՝ ասելով, թե «Փարոսի» հարցերով զբաղվում է իր հարսը եւ ինքը տեղյակ չէ: Նման դեպքեր իմ պրակտիկայում շատ են եղել, խնդրել եմ, որ ինձ գրավոր ներկայացնեն տեսուչի անուն-ազգանունը, բայց հրաժարվել են, նման փաստեր չունենք, որպեսզի պատժենք: էն օրն էլ մեկը եկավ, ով ինձ բացարձակապես չի ճանաչում ու ներս մտնելով ասաց՝ «էնքան ես կերել օր՝ չաղցել ես», բայց ես խրոնիկ հիվանդություն ունեմ ու Աստված եմ կանչում, որ մի քիչ նիհարեմ»:
Իսկ Գյումրիի թիվ 2 սոցծառայության պետ Էդուարդ Բաղրամյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց նպաստառուների բողոքները. «Եթե խոսվում է՝ ինչ-որ բան կատարվում է, ես համաձայն եմ ձեզ հետ, սակայն յուրաքանչյուր խոսվող կոռուպցիայի համար անհրաժեշտ են հիմքեր, կան պատժելու ձեւեր ու համապատասխան մարմիններ: Այստեղ մեղավորը նախեւառաջ քաղաքացին է, եթե նա գիտի, որ ինքն իրավունք ունի նպաստ ստանալու, չպետք է համագործակցի տեսուչի հետ: Չմոռանանք, որ համագործակցության մեջ քաղաքացին եւս շահագրգիռ է, այսինքն՝ նա թաքցնելու բան ունի, որ գնում է նման քայլի, ուստիեւ մեղադրել միայն սոցապգործակալություններին՝ ես համաձայն չեմ»: