Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԸ, ԻՀԱՐԿԵ, ՎԱՇԻՆԳԹՈՆ ՉԷ

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"ԱՄՆ-ի փողոցներում էլ «նախընտրական ասֆալտապատումներ» են լինում \"\"

Ինձ համար Հայաստանի մայրաքաղաք Երեւանն աշխարհի ամենալավ քաղաքն է ու այդ թեմայով կարելի է ժամերով խոսել: Ես այդպես չեմ վարվի, ընդամենը մի քանի զուգահեռ կանցկացնեմ մեկ այլ երկրի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնի հետ, ուր 5 օր ապրել եմ:

Ի տարբերություն Երեւանի, Վաշինգթոնն ավելի մաքուր ու կոկիկ է: Բայց նրա կենտրոնում, ինչպես եւ Երեւանում, որոշ փողոցներ հաճախ քանդված- առանձնացված են մյուս հատվածներից՝ ասֆալտապատելու կամ շինարարություն անելու համար: ԱՄՆ մի քանի քաղաքներում էլ նույնպիսի պատկերների հանդիպեցինք: Ու տեղացիների հավաստմամբ, այստեղ էլ նախընտրական ասֆալտապատումը ընդունված է: Կոնկրետ Վաշինգթոնի կենտրոնում, ի տարբերություն Երեւանի, շինարարության վայրը անպայման ցանկապատվում է, ցուցանակ է տեղադրվում այն մասին, որ վտանգավոր է այդտեղով անցնելը: Եվ գրվում է, թե երբ կավարտվի մարդկանց համար անհարմարություններ ստեղծող շինարարությունը, դեռ մի բան էլ գրավոր ներողամտություն է հայցվում: Եթե Երեւանում մայթերի ամուր եզրաքարերը փոխարինվում են նորերով, որովհետեւ պետք է «վերեւներում» տանիք ունեցող ինչ-որ արտադրամասի տիրոջ արտադրանքի սպառման հարց լուծել, ապա Վաշինգթոնում այդպես չէ:

Հետաքրքրասիրությունից դրդված՝ մի անգամ ավտոբուս եմ նստել Վաշինգթոնում, փոխադրամիջոց, որից այնտեղ հիմնականում օգտվում են ուսանողները, ծերերը եւ բոմժերը: Ուղեւորը պարտավոր է ունենալ ուղիղ տոմսի արժեքը՝ $1,25, ավտոմատի մեջ գցելու ու համապատասխան կտրոն ստանալու համար: Այնտեղ վարորդի ուշադրությունը՝ վճարելու եւ այլ հարցերի հետ կապված մանրուքներով չի ծանրաբեռնվում: Իսկ եթե որեւէ մեկը ցանկանում է իջնել, երեւանցիների նման չի գոռում. «ուստա, ստե կայնի» կամ «ապե, մի տեղ հարմարացրու», ընդամենը սեղմում է փոքրիկ կոճակը կամ քաշում համապատասխան լարը՝ այդպիսով ազդանշան տալով վարորդին: Ի տարբերություն հայաստանցի հաշմանդամների, ամերիկացիներն այստեղ լավ վիճակում են: Ավտոբուսներն ունեն հնարավորություն՝ հաշմանդամի սայլակը հեշտությամբ վեր բարձրացնելու, իսկ մայթերին ու բոլոր հիմնարկությունների առաջ պարտադիր թեքություններ կան՝ սայլակով նրանց տեղաշարժը հեշտացնելու համար: Ինչ վերաբերում է Վաշինգթոնի կամ, ասենք, Նյու Յորքի փողոցներում հանդիպող աղբամաններին, ապա դրանք ոչ միայն գարշահոտություն չեն արձակում, այլեւ հաճախ «գեղարվեստական լուծումներ» ունեն. նկարազարդ են, ասենք՝ ամանորի կամ թատերական թեմաներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել